Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 26,2000 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ըստ էության, չպատասխանեց «Առավոտի» հարցերին, թե ինչ ձեւակերպում է ստացել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին պաշտոնանկելու նախաձեռնությունը եւ որոշակիորեն քանի պատգամավոր են միացել դրան։ «Կան ստորագրություններ՝ ավելի քան բավարար՝ հարցն ԱԺ նիստի օրակարգ մտցնելու համար»։ Սակայն ի պատասխան մեկ այլ հարցի վկայակոչվեց ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածը. ըստ որի՝ եթե առնվազն 44 ստորագրությամբ ներկայացվում է ԱԺ որոշման նախագիծ, ապա այդ հարցն ինքնաբերաբար՝ առանց քվեարկության ներառվում է եռօրյայում եւ քննարկվում արտահերթ։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այն պնդումները, թե ԱԺ նախագահի հետկանչը հակասահմանադրական է՝ պրն Թորոսյանն ասաց. «Որեւէ օրենքի կամ ԱԺ-ի որոշման սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը որոշում է ՀՀ Սահմանադրական դատարանը։ Որեւէ մեկն իրավասություն չունի որոշելու, թե այս կամ այն հարցը սահմանադրական է կամ ոչ»։ Մեր հարցին, թե լուրջ համարո՞ւմ է այն փաստարկը, որ ճիշտ չէ ԱԺ ղեկավարության կազմը փոփոխել հանրապետության նախագահի բացակայության ընթացքում, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե՝ ո՛չ։ Կարծում եմ, ՀՀԿ-ն եւ մյուս քաղաքական ուժերը, որոնք արծարծել են այդ հարցը, պակաս չեն մտածում պետության եւ հանրապետության նախագահի բացակայության մասին։ Բայց կարծում ենք, որ ԱԺ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար ճիշտ է ա՛յժմ արծարծել այդ հարցը»։ Նաեւ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին տեղեկացրել են, որ հենց այս եռօրյայում է օրակարգ մտցվելու հետկանչի հարցը։ «Առավոտի» մեկ այլ հարցին, թե ինչպե՞ս են Արմեն Խաչատրյանն ու Գագիկ Ասլանյանը խոչընդոտում ԱԺ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, պրն Թորոսյանը պատասխանեց. «Նկատի ունեմ պարզապես վերջին շրջանը։ Իսկ այս քայլը, բնականաբար, պայմանավորված է քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ Քաղաքական դիրքորոշումները եւ դիրքերն այս պահին չեն համապատասխանում միմյանց։ Իսկ Ազգային ժողովը կարող է լիարժեք եւ առավել արդյունավետ աշխատել, երբ դրանք համապատասխանում են»։ Տիգրան Թորոսյանը հերքեց, թե ՀՀԿ-ն է փորձել ինքնակամ հրաժարական պարտադրել Արմեն Խաչատրյանին։ Իսկ այն հարցին, թե գուցե նախագա՞հն է արել այդ առաջարկը, պատասխանեց. «Կարծում եմ, յուրաքանչյուրն իր փոխարեն պիտի պատասխանի։ Բայց ինքս մտածում եմ, որ տրամաբանական է այդ առաջարկությունը. եթե ԱԺ-ում ներկայացված այդքան քաղաքական ուժեր եւ պատգամավորներ գտնում են, որ պետք է փոփոխություն լինի՝ կարծում եմ, որեւէ տրամաբանություն չկա դա չանելու»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել