Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 26,2000 00:00

Գերադասեց չխորանալ ԱԺ ներկա նախագահ Արմեն Խաչատրյանը երեկ պատասխանեց որոշ օրախնդիր հարցերի։ «Առավոտ». – Լուրեր կան, թե մի քանի անգամ Ձեզ առաջարկել են ինքնակամ հրաժարական ներկայացնել, որ ստիպված չլինեն դիմել հետկանչի։ Եղե՞լ են նման փորձեր։ – Առանձին, մասնավոր զրույցներում։ «Ազատություն» ռ/կ.- Ովքե՞ր են առաջարկել։ – Մի՛ խորացեք։ «Գոլոս Արմենիի».- Դուք մտադի՞ր չեք ինքնակամ հրաժարական տալ։ – Իսկ ինչի՞ց ելնելով։ Դուք ինքներդ մի մեղք ասեք։ «Առավոտ».- Տեղյա՞կ եք, որ խմբակցությունների մեծ մասն արդեն իսկ միացել է հետկանչի նախաձեռնությանը։ Այսինքն, մի՞թե կանխատեսելի չեք համարում ավարտը, որ պաշտոնանկությունն է։ – Ես գտնում եմ, որ եթե խոսքը ԱԺ նախագահի մասին է՝ սա հակասահմանադրական քայլ է։ Սոսկ օրենքի ուժ ունեցող կանոնադրության համապատասխան կետը հակասում է Սահմանադրությանը՝ հիմնական օրենքին, որը միշտ գործում է անմիջականորեն։ «Առավոտ».- Կարծում եք, որ կարող է ՍԴ դիմելու անհրաժեշտությո՞ւն առաջանալ փոխհակասող դրույթների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։ – Դա դիմողների խնդիրն է։ «Ազատություն» ռ/կ. – Ձեզ որեւէ հիմնավորում ներկայացվե՞լ է, թե ինչու պետք է հրաժարական տաք։ – Հիմնավորում ընդհանրապես չկա։ Եթե որեւէ խմբակցություն համագործակցում է այլ խմբակցության հետ՝ դա երբեք չի նշանակում, որ ԱԺ նախագահը պետք է հրաժարական տա։ Եթե խմբակցությունների այդ համագործակցությունից քաղաքական աշխարհագրությունը խախտվում է կամ փոխվում՝ դա երբեք դեռ չի նշանակում, որ ԱԺ նախագահը հրաժարականի կարիք ունի։ Որեւէ հիմնավոր պատճառ չկա։ Ես ապահովել եմ այն բոլոր 12 կետերը, որոնք իմ վրա են դրված, եւ իրականացրել այն ամբողջ գործունեությունը, որ պարտավոր է իրականացնել ԱԺ նախագահը։ «Առավոտ».- Այս խնդիրների վերաբերյալ զրուցե՞լ եք նախագահ Քոչարյանի հետ։ Ի՞նչ դիրքորոշում ունի նա։ – Մենք, այսպես, խորը զրույց չենք ունեցել։ Նախագահի հետ մենք նորից կհանդիպենք եւ նորից կզրուցենք։ «Առավոտ».- Լուրեր կան, որ գուցե թե հեռանայիք այս պաշտոնից, եթե ՀԺԿ-ի որոշումը չլիներ ու նաեւ փոխարենը Ձեզ տրվեր կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը։ – Ես ուրախ եմ, որ ուրիշներն ինձ համար աշխատանքային ծրագրեր են գծում։ – «Առավոտ».- Նման մտադրությո՞ւն… – …Իհարկե՝ ոչ։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել