ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ ԱՅՍՕՐ Չնայած երեկ՝ օրակարգի հաստատումից մինչեւ նիստի վերջին պահը՝ բոլորը սրտատրոփ սպասում էին, թե ուր որ է կհայտարարվի ԱԺ ղեկավարության պաշտոնանկության նախաձեռնության մասին։ Հայտնի էր, որ այդ հարցն արտահերթ քննարկելու վերաբերյալ ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել էին «Կայունության», Դաշնակցության, «Օրինաց երկրի» պատգամավորները։ Ե՛վ նրանք, ե՛ւ նախաձեռնությանը չմիացածների մեծ մասը երեկ նիստեր էին գումարել եւ ճշտել իրենց դիրքորոշումը։ «Իրավունք եւ միաբանությունը» նախաձեռնությանը չէր միացել։ Բայց պաշտոնապես հայտարարվել է, որ եթե նման օրակարգային հարց քննարկվի՝ խմբակցությունը «կողմ» է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնանկությանը։ Հայկոմկուսի խմբակցության դիրքորոշումը, ըստ Խորեն Սարգսյանի, հետեւյալն է. ԱԺ ղեկավար կազմի փոփոխությունը «ոչ նպատակային է, որովհետեւ նախ՝ այստեղ չէ հանրապետության նախագահը եւ այս քայլը համարում ենք իշխանության զավթում։ Ես իրոք սա հեղաշրջման փորձ եմ համարում՝ եթե նախագահը չկա, հանրապետության ղեկավարը ԱԺ նախագահն է։ Երկրորդը. պարզ տրվում է այն անձնավորության անունը, որը պիտի դառնա ԱԺ նախագահ։ Հայաստանի կոմկուսը կատեգորիկ դեմ է Տիգրան Թորոսյանի թեկնածությանը»։ Միջանկյալ նկատենք՝ այն փաստարկը, թե «այս օրհասական պահին, երբ այստեղ չէ հանրապետության նախագահը… նա պետք է կարողանա Մոսկվայում լիարժեք բանակցություններ անցկացնել…» եւ այլն՝ կրկնում էին ինչպես կոմունիստները, այնպես էլ ՀԺԿ-ականները։ Եվ անգամ Հմայակ Հովհաննիսյանն էր նախապես Ռոբերտ Քոչարյանի այցով փաստարկել այժմ անվստահություն հայտնելու աննպատակահարմարությունը։ Մինչդեռ բոլոր հիմնական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում գտնվելու օրերին։ Կիրակի նախագահը հասցրել էր անգամ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպել։ Եվ չնայած հանրապետականները ԱԺՄ-ի համաձայնության վերաբերյալ տարակույսներ չունեին՝ ըստ այս խմբակցության քարտուղար Սեյրան Ավագյանի՝ իրենք դեռեւս վերջնականապես չեն ճշգրտել իրենց դիրքորոշումը։ (Ի դեպ, նույն պատասխանը տալիս էին նաեւ «Հայաստան» խմբի ներկայացուցիչները։ Գուցե այս երկու կազմավորումների թեթեւ տատանումների պատճառով էլ նախաձեռնությունը երեկ չներկայացվեց)։ Սեյրան Ավագյանը նաեւ պատմեց. «ԱԺՄ վարչության անցած նիստում քննարկվել է քաղաքական իրավիճակը եւ կարեւորվել անհրաժեշտությունը պարզաբանելու՝ եթե ընթանում է մի քաղաքական գործընթաց, որը վերաբերում է մեծամասնության ներքին խոհանոցային խնդիրներին՝ ապա մեր կուսակցությունն այստեղ անելիք չունի։ Բայց այսօր ԱԺ-ում տեղեկացանք, որ հարցերը քննարկվում են այլ հարթության մեջ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ քաղաքական մեծամասնության փոփոխության հարց է արծարծվում»։ Այս պարագայում ԱԺՄ-ն անհրաժեշտ է գտել նախ բանակցել խորհրդարանական ուժերի հետ եւ հետո այս հարցը քննարկել ԱԺՄ վարչության արտահերթ նիստում։ Ըստ այդմ էլ կորոշվի խմբակցության դիրքորոշումը։ ՀԺԿ-ն, բնականաբար, դեմ է Արմեն Խաչատրյանի եւ Գագիկ Ասլանյանի պաշտոնազրկմանը։ Եվ երեկ անմիջապես էլ Վլադիմիր Նազարյանի թեթեւ ձեռքով սկսեց շրջանառվել այն տեղեկանքը, ըստ որի ԱԺ ղեկավարությանը փոփոխելու հնարավորություն տվող կանոնակարգային դրույթները հակասահմանադրական են։ «Սա ՍԴ-ի հարց է, քանի որ առկա է իրարամերժություն։ Ըստ Սահմանադրության մի դրույթի՝ ԱԺ նախագահն ընտրվում է ամբողջ ժամկետով։ Իսկ ըստ այլ դրույթի՝ ԱԺ նախագահի հետկանչի հարցը կանոնակարգվում է կանոնակարգով։ Ակնհայտ է հակասությունը»,- ասաց ՀԺԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը։ «Սա սովորական եւ ճղճիմ աթոռակռիվ է, որը որեւէ կապ չունի քաղաքական իրադրության, կառավարման արդյունավետության հետ եւ չի արտահայտում հասարակության տրամադրությունները»,- պրն Բադեյանի այս գնահատականները հարց առաջացրին, թե, ուրեմն, ենթադրում են, որ հասարակությունը տրամադրված է հօգուտ ԱԺ նախագահի՞. «Ոչ, այդպես չեմ կարծում։ Բայց կարծում եմ, որ հօգուտ վերաձեւումների էլ չեն»։ Այսուհանդերձ, խորհրդարանական ուժերի գերակշիռ մեծամասնությունն է հօգուտ վերադասավորումների (քչերը կարող են տեղի տալ ղեկավարության մեջ թափուր աթոռների գայթակղության առջեւ)։ Մինչդեռ սա ամենեւին չի նշանակում, որ նույնքան միահամուռ է Տիգրան Թորոսյանին ԱԺ նախագահ կարգելու ձգտումը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ