«ՄԵՆՔ ԵՐԿՐԱՊԱՀԻՆ ՀԱԿԱԿՇԻՌ ՉԵՆՔ» ԱՎՄ-ն այսուհետ ոչ միայն հասարակական, այլեւ քաղաքական կազմակերպություն է Այս տարվա մայիսի 10-ին ստեղծված Ազատամարտի վետերանների միությունը, ըստ առաջին ենթադրությունների, ստեղծվեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին աջակցելու նպատակով։ Ամենից շատ հետաքրքրություն առաջացրեց այն հանգամանքը, որ հասարակական կազմակերպության ղեկավար դարձավ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), որը մինչ այդ հայտնի էր որպես քաղաքական խաղերից դուրս անձնավորություն։ Հիմնադրումից երկու ամիս անց (հուլիսի 10-ին) Կոմանդոսը հայտարարություն արեց իր՝ ԱՎՄ-ից դուրս գալու մասին. «… Այն խնդիրները, որոնք դրել էի իմ առջեւ, փոքր-ինչ այլ նպատակներ եւ լուծումներ ունեն, ուստի, ես դադարեցնում եմ իմ գործունեությունն այս կազմակերպությունում՝ նախաձեռնող խմբին տալով գործունեության լիակատար ազատություն»։ Ըստ ամենայնի, Կոմանդոսի դուրս գալը ԱՎՄ-ից կապված է այն հանգամանքի հետ, որ ԱՎՄ-ն երեկ բացեիբաց հայտարարեց, թե քաղաքականությամբ է զբաղվելու, իսկ Կոմանդոսը, հայտնի հայտարարության մեջ, իր հետագա անելիքը զուտ հասարակական գործունեության մեջ էր տեսնում։ Այսպիսով, ԱՎՄ-ն (Ազատամարտի վետերանների միություն) երեկ հրավիրեց իր անդրանիկ համագումարը։ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճը պարզապես շատ լիքն էր։ Կոմանդոսը համագումարին ներկա չէր։ Կառավարությունից եւ նախագահի աշխատակազմից եւս ներկայացուցիչներ չկային (թեպետ վերջիններս նույնպես հրավիրված էին), ԱԺ-ից եկել էին պատգամավորներ Մուշեղ Մովսիսյանը, Մանուկ Գասպարյանն ու Գագիկ Կոստանդյանը, որոնք էլ համանախագահների ելույթից անմիջապես հետո լքեցին դահլիճը։ Համագումարի մասնակիցները կարճատեւ բուռն ծափահարությամբ ընդունեցին այն լուրը, որ «մեր համագումարը իրենց ներկայությամբ հարգել են Սիլվա Կապուտիկյանը եւ Զորի Բալայանը»։ Այլ ծափահարություններ եւս եղան, օրինակ, այն պահին, երբ Համլետ Հովսեփյանը հայտարարեց, որ «Գրանդ Տոբակոն» խոստացել է 25 հաշմանդամ ԱՎՄ-ականի աշխատանքի ընդունել։ Ընդհանրապես, ծափահարությունները հնչում էին սոցիալական խնդիրների մասին խոսելիս (աշխատատեղերի բացում) եւ հատկապես այն պահին, երբ ելույթ ունեցողներն իրենց խոսքում իբրեւ թե իմիջիայլոց ասում էին, որ չնայած իրենք հասարակական կազմակերպություն են, բայց ժամանակն է, որ մտնեն քաղաքականության մեջ եւ զբաղվեն դրանով։ ԱՎՄ համանախագահներ Միհրան Մովսիսյանի եւ Համլետ Հովսեփյանի զեկուցումներում նույնատիպ շեշտադրմամբ խոսվում էր «նախկինների»՝ իշխանության վերադառնալու ձգտման դեմ։ Այս կետում երկու համանախագահներն էլ օգտվեցին ժողովրդական բանահյուսության ընձեռած անսպառ հնարավորությունից. «ախորժակներիդ քացախ» եւ «գալիս եք պակասը լրացնելո՞ւ, ժողովուրդը կաշին տա, կպրծնի՞»։ Սրանք հռետորական հարցեր էին՝ ուղղված «նախկիններին»։ Տպավորությունն այնպիսին էր, որ ԱՎՄ-ն այսօրվա ընդդիմության («նախկինների») ընդդիմությունն է։ «Թեպետ հասարակական կազմակերպություն ենք, բայց զբաղվելու ենք քաղաքականությամբ, լուրջ քաղաքական հարցեր ենք լուծելու»։ Այս միտքը կարմիր թելի նման անցնում էր բոլոր ելույթների միջով։ ԱՎՄ անդրանիկ համագումարը հրապարակեց քաղաքականության մեջ մտնելու իր մտադրության մասին։ Ի՞նչ խնդիրներ ունի ԱՎՄ-ն «Երկրապահի» հետ, իրո՞ք ԱՎՄ-ն ստեղծվեց որպես նախագահի հենարան։ Այս եւ այլ հարցերի, համագումարի ընդմիջմանը, պատասխանեց ԱՎՄ համանախագահ Միհրան Մովսիսյանը. «Քաղաքական դաշտում մենք հնարավորություն կունենանք ավելի ընդլայնված եւ ավելի օգտակար լինել մեր ժողովրդին»։ ԱՎՄ-ն ստեղծվել է հակակշի՞ռ «Երկրապահի». «Երկրապահի» հետ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք։ Շատ քաղաքական գործիչներ, թաքնված, ստվերային մարդիկ փորձում են, որ մենք «Երկրապահի» հետ առճակատման դուրս գանք։ Բայց նրանք մոռանում են, որ եթե մարդիկ պատերազմի դաշտում եղել են մի խրամատում, նրանք իրար դեմ դուրս չեն գա։ Թող ոչ ոք չերազի եւ չսպասի»։ Իսկ ինչո՞ւ Արկադի Տեր-Թադեւոսյանը դուրս եկավ ԱՎՄ-ից. «Որովհետեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը 92 թվականի Կոմանդոսը չէ, որովհետեւ խրամատներում եւ պատերազմի դաշտում մենք ավելի վստահություն ունեինք իրար նկատմամբ»։ Ի դեպ, համանախագահների ասելով, Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ ԱՎՄ-ից դուրս գալուց հետո, կազմակերպության շարքերը չեն նոսրացել, այլ 4 հազար անդամով ավելացել են։ Միհրան Մովսիսյանն ասաց, որ իրենք «Երկրապահի» հետ ոչ մի խնդիր չունեն եւ «Երկրապահ»-ին հակակշիռ չեն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ