ՎԵՐԱԹԱՂՈՒՄՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ՝ ՍԹԱՓՎԵՔ Երբ ասում էին՝ ոսկորներին հանգստություն, երեւի մի բան գիտեին Այսպիսի բան Գյումրիում եղել էր նաեւ 60-ական թվականներին։ Շինարարական աշխատանքի ժամանակ, հողը փորելիս հայտնաբերվել են մարդկային կմախքի մնացորդներ։ Տպավորությունն այնպիսին էր, որ մարդկանց պարզապես իրար վրա լցրած են թաղել։ Հայտնաբերված կմախքների դիրքից պարզ երեւում էր, որ առանձնապես չի պահպանվել քրիստոնեական թաղման կարգը։ Շինարարները հայտնաբերել էին ինչպես նստած, այնպես էլ կանգնած կմախքներ։ Վերջին օրերին գյումրեցիք միայն դրա մասին էին խոսում, թեպետ իշխանությունների ներկայացուցիչներն առանձնապես հակված չեն գտնված գերեզմանի մասին խոսել։ Նրանց կարծիքով, իմաստ չունի աղմուկ բարձրացնել, որովհետեւ Գյումրիում ժամանակ առ ժամանակ երկրաշարժեր են եղել, այլ աղետներ, եւ մարդկանց խմբակային թաղումները արտառոց չպետք է դիտվեն։ Այնուամենայնիվ, արտառոց են։ Մենք եղանք տեղում։ Շինարարները հետեւյալը պատմեցին. «Սեպտեմբերի 12-ին սկսեցինք դպրոցի շինարարական աշխատանքները։ Անմիջապես, հենց որ տրակտորը սկսեց հողը փորել, մարդկային մնացորդներ հայտնաբերվեցին, ոսկորներ կմախքով, մեծ քանակությամբ, մի տեղ 4-5 կմախք միաժամանակ։ Պարզ երեւում է, որ ինչ-որ մասսայական բնույթ է կրել այս թաղումը։ Մենք նայեցինք, գանգերի վրա ոչ մի գնդակահարության հետքեր չկային, երեւի թե ինչ-որ համաճարակ է եղել, որի հետեւանքով մարդկանց այսպես թաղել են։ Դագաղի կամ հագուստի ոչ մի հետք չկար։ Մերկ բերել են – թաղել։ Հազար ու մի ենթադրություն են անում, ով իմանա»։ Բնակիչների վկայությամբ իրենց տները կառուցելիս էլ 20-30 տարի առաջ այսպիսի ոսկորներ են հայտնաբերվել։ Փաստի առնչությամբ ստեղծվել է հանձնաժողով, տեղում եղել են մարզային դատախազության աշխատակիցները, սանէպիդկայանի աշխատակիցները, Գիտությունների ակադեմիայի մասնագետները։ Երեկ ոսկորների հայտնաբերման վայր էր այցելել նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը՝ դատախազության աշխատակիցների ուղեկցությամբ։ Շիրակի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ որոշվել է փայտե դագաղ պատրաստել, բոլոր ոսկորները հավաքել այդ դագաղում եւ թաղել եղբայրական գերեզմանոցում։ Ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ ոսկորները 100-150 տարվա վաղեմություն ունեն, պատմական հուշարձան չեն ներկայացնում իրենցից։ Ենթադրություն է արվում, որ այդ ժամանակներում եւս մի աղետ է եղել, որի հետեւանքով էլ զոհվել ու թաղվել են։ Իսկ վտանգավոր չե՞ն այդ ոսկորները շրջապատի համար։ Այս հարցին մարզպետարանից չկարողացան պատասխանել։ Առայժմ հանված է 70 կմախք։ Եղածն առայժմ վարկածներ են։ Նախնական ենթադրությունը, որ այսպիսի մասսայական թաղումի պատճառ կարող էր լինել ասենք 15-16 թվականներին Հայաստանի այդ շրջաններում տարածված խոլերան, գաղթից մազապուրծ մարդկանց հիվանդությունները եւ մասսայական մահվան դեպքերը, թվում է՝ հերքվում են, երբ ասվում է, թե ոսկորները մոտ 150 տարվա վաղեմություն ունեն։ Նույն կերպ կարող են իրար հետեւից հերքվել այլ վարկածներ եւս։ Օրինակ՝ 26 թվականի երկրաշարժի զոհերի մասսայական թաղումները։ Կա մի վարկած եւս, որի մասին մի փոքր մանրամաս։ Նախ ազգային անվտանգության իրավասու աշխատակիցներից մեկը մերժեց վարկածն այն մասին, որ գուցե հայտնաբերված ոսկորները 1937 թվականի զոհերի ոսկորներն են։ Նախ ասվեց, որ դժվար թե նման մասսայական գործողությունները քաղաքի ներսում կատարվեին։ Բայց գյումրեցիների վկայությամբ 37 թվականին քաղաքը մինչեւ այդտեղ չի էլ հասել, Երեւանյան խճուղու այդ հատվածը քաղաքից բավականին դուրս է եղել, եւ միայն 60-ականներից են սկսել այդ մասում տներ կառուցել։ Այս վարկածը կարծես թե հերքվում է նաեւ շինարարների պատմածներից դատելով՝ գանգերի վրա ոչ մի կրակոցի հետք չի հայտնաբերվել։ Իսկ ինչո՞ւ պետք է միայն գլուխներին կրակեին։ Ի վերջո, մի հարց եւս մնում է անպատասխան՝ վտանգավո՞ր են արդյոք այդ ոսկորները շրջապատի համար։ Նայած թե ինչ հիվանդությունից են մահացել դրանց տերերը, եւ որքան ժամանակ է անցել թաղումից հետո։ Այնուամենայնիվ, դպրոցի շինարարությունը շարունակվում է։ Իշխանություններն առայժմ միայն մի որոշում են կայացրել՝ հավաքել բոլոր ոսկորները եւ թաղել եղբայրական գերեզմանոցում։ Բոլոր ոսկորները, ի վերջո, հնարավոր չէ հավաքել, որովհետեւ, հանվել են միայն պատահաբար հայտնաբերվածները, եւ ոչ ոք չգիտի, թե որքան է տարածված ոսկորների այդ գերեզմանոցը։ Մ. ԵՍԱՅԱՆ