Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 23,2000 00:00

Ի՞նչ էր ասում Սամվել Բաբայանը մեկ տարի առաջ Մեկ տարի առաջ, 1999 թվականի նոյեմբերի 12-ին ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույց էր տվել մեր թերթին։ Պատասխանելով մեր հարցերին, Սամվել Բաբայանը հետաքրքիր բաներ էր ասել ԼՂՀ քաղաքական իրավիճակի, իր կարգավիճակի, իր եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունների եւ այլնի վերաբերյալ։ Թեպետ հարցազրույցից մեկ տարի է անցել, բայց այսօր Սամվել Բաբայանի որոշ ասածներ առավել ժամանակահունչ են թվում։ Հարցազրույցից որոշ հատվածներ դուրս էին մնացել։ Այսօր կներկայացնենք դրանց մի մասը, ինչպես նաեւ՝ արդեն տպագրված հարցազրույցից առավել ժամանակահունչ մասերը։ Սամվել Բաբայանն ինքն իր մասին. «Սամվել Բաբայանը երբեւիցե ամբիցիա չի դնելու, սա հիշեցեք, որովհետեւ ես իմ ազգային խնդիրները շատ լավ եմ պատկերացնում։ Ճիշտ չեն, երբ ասում են՝ հեսա կջարդի, կկոտրի, ես հո գազան չեմ։ Ես կռվել եմ, երբ հայրենիքը իմ կռվի կարիքն ուներ, ես հայրենիքս եմ ազատագրել, ինչ արել եմ, ժողովրդի համար եմ արել»։ «Ես չեմ ուզում մտնել ներքին խոհանոց (սա Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական իրավիճակին գնահատական տալու հարցի պատասխանի մի մասն է- խմբ.), որովհետեւ երբ ես եմ մտնում, այլ կերպ են նայում հարցին։ Ինչ մնում է Ղարաբաղի ներքին վիճակին, մենք՝ զինվորականներս, չենք զբաղվում ներսի խնդիրներով, առանձնապես տեղյակ էլ չեմ, հանգիստ է, նորմալ է, որեւէ պրոբլեմ չի կարող լինել»։ «Բայց խնդիրը շատ պարզ է դրված իրենց առաջ, որ Սամվել Բաբայանը ցանկացած հարցում մեղավոր է։ Ինչո՞ւ, ինչի՞ համար, այդ Սամվել Բաբայանը ինչքա՞ն սպանություններ է գործել, այդ ինչքա՞ն պատվերներ է տվել սպանություններ կատարելու, որ ցանկացած սպանության դեպքում նրա անունը հոլովվում է։ Իսկ հոկտեմբերի 27-ինը բոլորովին ցինիզմ է, դրանից դենը էլ չի կարող լինել»։ Սամվել Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի մասին. «Իմանալով իրեն, իսկ իրեն ես լավ գիտեմ, երկար տարիներ աշխատել եմ հետը, նախագահը զիջումների չի գնալու»։ Պետության եւ բանակի մասին. «Պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ բանդա։ Ինձ չի թվում, թե բանդա ենք ստեղծել մինչեւ այսօր։ Բանակը պետք է ենթարկվի իր իշխանություններին»։ Արկադի Ղուկասյանի հետ հարաբերությունների մասին. «Կարելի է ասել՝ կոնկրետ հարաբերություն չկա»։ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություների մասին. «Ճիշտն ասած նորմալ են եղել հարաբերությունները եւ մնացել են մինչեւ այժմ, բայց չեմ շփվում, աշխատանքի բերումով շփվում եմ պաշտպանության նախարարի հետ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել