Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 23,2000 00:00

Ո՞Վ Է ՆԱ, Ո՞Վ Է ՆԱ Բավական հաճելի զբաղմունք է քաղաքական գործիչներին հիշեցնել, թե ինչպես էին նրանք ոչ վաղ անցյալում գնահատում որոշ երեւույթները կամ անձանց, մանավանդ, եթե ներկայումս հանդես են գալիս տրամագծորեն հակադիր դիրքերից։ Նախ ներկայացնենք որոշ հատվածներ մի հարցազրույցից եւ հետո կնշենք, թե ով էր այդ գնահատականների հեղինակը։ «Մենք եկանք այն եզրակացության, որ Լեւոն Տեր-Պետրոսյան մարդու եւ քաղաքական գործչի մեջ կարելի է տեսնել այն անհատին եւ պետական այրին, որը ի զորու է Հայաստանի Հանրապետությունը տանել տնտեսական զարգացման եւ հոգեւոր առաջընթացի ճանապարհով։ Միության վարչության ընդլայնված նիստը միաձայն որոշում ընդունեց առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ (…) Նա հավասարակշռված եւ սառնասիրտ պետական գործիչ է, որ աչքի է ընկնում սթափ դատողությամբ, իրատեսությամբ, իրավիճակը գնահատելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ համակրելի անձնավորություն է։ Նա լսարանը գրավելու բացառիկ ունակություն ունի, նրանից հանգստություն եւ հավասարակշռություն է ճառագում։ (…) Լ. Տեր-Պետրոսյանի մեջ մենք տեսնում ենք այն մարդուն, անհատին, քաղաքական գործչին, որ գիտե, թե ուր է տանում ժողովրդին, պետությանը, հասարակությանը։ Ես ականատես եմ եղել, նաեւ լսել, թե միջազգային բազմաթիվ պաշտոնական հանդիպումներից, երկխոսություններից հետո ինչպես են գնահատել նրա քաղաքական շրջահայացությունը, անձնական բարձր հատկանիշները եւ կուլտուրան տարբեր պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան այրեր։ (Այն հարցին, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս կփոխվի իրադրությունը, եթե ընտրվի մեկ այլ թեկնածու, մեր հերոսը պատասխանում է- Ա. Ի.)։ Նախ, ես ուզում եմ հույս հայտնել, որ մեկ այլ թեկնածու չի ընտրվի, կընտրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նման եզրահանգման իրավունք մեզ տալիս են ժողովրդի համակրանքը եւ մեր վստահությունը նրա հանդեպ, ինչպես նաեւ մեր կազմակերպության կողմից տարբեր սոցիալական ծառայությունների հետ կատարած հետազոտությունները։ Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմախոսները կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմությունը կամ արդարացիությունը, ապա ես կասեմ, որ Լ. Տեր-Պետրոսյանը բոլորովին կարիք չունի, որ Հայաստանում տեղի ունենան անարդարացի ընտրություններ։ (…) Իսկ որ ամենակարեւորն է, մենք ներքին եւ խոր համոզմունք ունենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն անհատն է, որն այսօր հիրավի արժանի է հանրապետության նախագահ ընտրվելու»։ Իսկ հիմա բացահայտենք, թե ով էր հրապարակավ այսպես մեծարում Հայաստանի առաջին նախագահին, ինչպես նրա մերձավոր համախոհներից շատերն անգամ չէին մեծարել։ Եվ կամ՝ գնահատանքի այնպիսի՜ խոսքեր ասում, որոնց մեկ ութերորդականն անգամ չեն ասել այն լրագրողները, որոնց այժմ կասկածում են Լեւոն Տեր-Պետրոսյանին անհուն նվիրվածության մեջ։ Վերոբերյալ մեջբերումներն արված են ներկայումս «Օրինաց երկրի» ղեկավար, իսկ 1996-ին միայն Իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքից։ Նրա հետ հարցազրույցը հրապարակված էր այդ միության «Օրենք եւ իշխանություն» ամսագրի հատուկ թողարկման մեջ, որ նվիրված է Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Թերեւս սա արվել էր ի կատարումն միության վարչության 1996-ի հուլիսի 30-ի ընդլայնված նիստի որոշման՝ «Միության հնարավորություններն ի սպաս դնել ՀՀ ներկայիս նախագահի նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանը»։ Եվ, որքան հիշում ենք, ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Համլետ Գասպարյանի հետ զրույցից՝ ամսագրի այս համարի դիմաց պիտի համապատասխան վճարում կատարվեր նախընտրական հիմնադրամից։ Եթե չենք սխալվում՝ այս դեպքում էլ «Համոն փողը չէր տվել», համենայն դեպս՝ ամբողջությամբ չէր տվել ու անգամ երբ ՀՀՇ-ն իր նոր շենքն էր տեղափոխվել՝ պարտատերերը գանգատ էին գալիս եւ «ի սպաս դրածի» դիմաց իրենց վճարը պահանջում։ … Մենք Արթուր Բաղդասարյանից չհետաքրքրվեցինք, թե արդյոք նույն «ներքին եւ խոր համոզմունքը» ունի նաեւ այժմ։ Ուղղակի հիշում էինք, որ 1998-ի իշխանափոխությանը նախորդած մեծ «առնետավազքի» ժամանակ նա էլ հայտնվեց «Երկրապահի» շարքերում։ Չնայած եթե մյուսները իրենց «վերադասավորումը» բացատրում էին նրանով, թե իբր մերժելի են գտնում Ղարաբաղի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը՝ դատելով այս հարցազրույցից՝ Արթուր Բաղդասարյանի համար նման խնդիր չպետք է լիներ։ Տես՝ առաջին էջում մեջբերված հատվածը։ Այդ օրերին մեկ այլ պատգամավոր, որ այժմ նախարար է՝ բոլորին հավաստիացնում էր, թե անձամբ տեսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը «Ղարաբաղը ծախող» փաստաթղթի տակ։ Նրա մասին պատմում են, թե ՀՀՇ-ի շեմին կանգնում էր այնքան՝ մինչեւ իրեն ներս կկանչեն։ Մեկ այլ պատգամավորի մասին էլ, որ այժմ պարծենում է, թե ինչպես է հենց նախկին իշխանությունների օրոք քննադատել նրանց՝ պատմում են, թե ՀՀՇ-ի ղեկավարների սիրտը տանող ճանապարհը նրանց գործավարուհիներին էր համարում եւ ամեն անգամ նրանց համար ֆրանսիական ընտիր օծանելիքներ էր նվեր բերում։ Եվ նման մարդիկ հո միայն նախկինների շուրջը չէի՞ն խմբված։ Քծնողների եւ գույն փոխողների այս վտառը թեթեւությամբ անցնում է յուրաքանչյուր հաջորդ իշխանության, ուժեղների կողմը։ Եվ, որ ամենացավալին է՝ յուրաքանչյուր իշխանություն նրանց ընդունում է գրկաբաց։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել