ԱՆՏԱՌԸ ՊՈՏԵՆՑՅԱԼ ՈՒՆԻ «Ես «Հայանտառ» ՊՓԲԸ-ի տնօրեն էի նշանակվել լուսահոգի Վազգեն Սարգսյանի առաջարկով, եւ անտառային ֆոնդի վիճակը բարելավելու մի շարք սկզբունքային պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո։ Սկիզբը նախորդ համարում Բացի այն, որ այս համակարգը գտնվում էր ֆինանսական կաթվածահար վիճակում, այստեղ կային բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը։ Մինչեւ նրա պաշտոնավարությունն էլ՝ պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող անտառային ֆոնդը տարանջատված էր երեք մասի։ «Անտառային ֆոնդի նկատմամբ ոչ միայն միասնական աշխատանք չէր տարվել, այլ ընդհանրապես նման ծրագիր մշակված էլ չէր։ Անկատար էր այս համակարգի կառավարման օրենսդրական դաշտը եւ դեռ 94թ. ընդունված «Անտառային օրենսգրքով» նախատեսված շուրջ 21 ենթաօրենսդրական ակտեր՝ այդպես էլ չէին ընդունվել»,- պարզաբանեց Դ.Մաթեւոսյանը։ Վերջինս վստահեցրեց, թե 1995-ից սկսած համակարգի հաշվեկշիռը բացասական էր, որին զուգահեռ պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները նվազման միտում ունեին։ Մասնավորապես 2000թ.՝ համակարգի համար անհրաժեշտ 550 մլն դրամի փոխարեն հատկացվել էր 120 մլն դրամ։ Ի դեպ, «Հայանտառի» ունեցած կրեդիտորական եւ դեբիտորական պարտքերի ճշգրիտ թիվը, որի մասին խոսել էր բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը, առաջին անգամ 99-ի սեպտեմբերին հենց Դ.Մաթեւոսյանն էր հրապարակել։ «Այս պաշտոնը ստանձնելուս պահին համակարգի կրեդիտորական պարտքերը կազմում էին 1 մլրդ 250 մլն դրամ, անհուսալի դեբիտորական պարտքերը՝ մոտ 70 մլն դրամ»,- ասաց Դ.Մաթեւոսյանը։ Չնայած այս ծանր վիճակին, նա այսօր էլ համոզված է, որ անտառշինությամբ նախատեսված օգտագործման ծավալների շրջանակում նպատակային աշխատանքներ կատարելու դեպքում, համակարգը պոտենցիալ ունի եւ կարող է տարեկան հասույթներն ավելացնել 2-2,5 անգամ, մոտ 350 մլն դրամից հասցնելով 800-900 մլն դրամի։ Այս պարագայում այն կարող է ոչ թե վնասով աշխատել, այլ 250 մլն դրամ շահույթ ունենալ եւ այն ուղղել անտառվերականգնմանը։ Այսպես, անգամ առանց կողմնակի աջակցության ու միայն իր միջոցներով, համակարգը կարող էր 5 տարի հետո անտառվերականգնման աշխատանքներով զբաղվել։ Մեր այն հարցին, թե իր պաշտոնավարության ընթացքում կոնկրետ ի՞նչ է արվել «Հայանտառի» համակարգում, պարոն Մաթեւոսյանն ասաց, թե նախ փորձ է արվել կանոնակարգել ստուգումները, որոնք այս ոլորտում ստվերայնության հիմնական խթանն էին։ «Հիմք ընդունելով 1994թ. նախագահի ստուգումների մասին հայտնի հրամանագիրը, անտառտնտեսություններում ձեւավորվեցին ստուգումների եւ ուսումնասիրությունների հաշվառման մատյաններ։ Բացի այս, մշակվեց եւ ՀՀ կառավարությանը ներկայացվեց համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր, որով նախատեսվում էր նաեւ ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել՝ համակարգին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ»,- նշեց Դ.Մաթեւոսյանը՝ նկատելով, որ թեեւ ԱԺ-ում անտառի նկատմամբ տրամադրվածությունները «մազութային» էին, այդուհանդերձ հնարավոր էր եղել համակարգն ազատել գոնե հողի հարկից։ Այդ պահին «Հայանտառը», միայն հողի հարկի մասով, արդեն 3.4 մլրդ հարկային պարտավորություն ուներ, որն անհուսալի էր, քանի որ ձեռնարկությունը շահույթ չուներ։ Մշակվել էր նաեւ փայտանյութի մթերման եւ իրացման նոր պարզեցված մոտեցում։ «Կիրառվեց խիստ հաշվառման անդորրագրերի հիանալի տարբերակ, որի շնորհիվ փակվեցին ստվերայնության մի շարք սողանցքներ։ Դրանով հստակ տարանջատված էին շինափայտը, տեխնոլոգիական փայտն ու վառելափայտը»,- ընդգծեց նա։ Անդորրագրերը, որ արժեթուղթ են հիշեցնում, տարբերակված էին մեծածախ վաճառքի եւ ազգաբնակչության օգտագործման համար։ Փայտի բիզնեսով զբաղվողները դրան անգամ մականուն էին դրել՝ «ինքնաթիռի տոմս»։ Էությունն այն էր, որ գնորդը հենց անտառտնտեսությունում վճարում էր կոնկրետ ծավալի համար նախատեսված անդորրագրի դիմաց եւ ստանում էր իր փայտը։ Առաքողը համակարգին պետք է վերադարձներ կամ ձեւաթուղթը կամ գումարը։ «1200 հոգի, որ մինչ այդ ստվերային կամ կիսաստվերային ճանապարհով փող էր աշխատում, այս պայմանագրային պարտավորությունների արդյունքում դառնում էր անտառի՝ իրեն հատկացված զանգվածների պահպանության պատասխանատուն»,- հստակեցրեց Դ.Մաթեւոսյանը։ Միաժամանակ երկարաժամկետ պայմանագիր է կնքվել «Պեռնո-Ռիկարի» եւ «Հայանտառի» միջեւ, որի համաձայն իրացվելու է 2000 խմ կաղնու տեխնոլոգիական փայտանյութ։ Եթե այս պայմանագիրը դեռ չի վերանայվել, ապա այն կարող է համակարգին ապահովել տարեկան 120 մլն դրամ հասույթ։ Եվ ամենակարեւորը. «Հայանտառում», հիմնականում Դ.Մաթեւոյանի ջանքերով, մշակվել է «Երեւան քաղաքի եւ նրա շրջակայքի կանաչապատման» ծրագիր։ Այն Ասիայում, Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում միակն էր, որ արժանացել էր ճապոնական «Շիմինձու» կորպորացիայի 5 մլն դոլար արժողությամբ դրամաշնորհին։ Իսկ պաշտոնանկ լինելու համար Դ.Մաթեւոսյանը չի ափսոսում եւ, ինչպես ինքն ասաց, պատրաստ է պատասխան տալ, եթե իր պաշտոնավարության ժամանակ կատարված չարաշահումներ թույլ տված լինի։ «Ինձ համար պարզ էր, որ այս իշխանությունների եւ իմ մոտեցումները այս համակարգի նկատմամբ՝ տրամագծորեն տարբեր են եւ մեր համատեղ աշխատանքը չի ստացվելու»,- ընդգծեց Դ.Մաթեւոսյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ