Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 21,2000 00:00

«Մեր նախագահի ծնոտի մկանները լարված են» Նույնը՝ նաեւ ձեռքերը «Իմ կարծիքով, Քոչարյանի իմիջով կարծես թե չեն զբաղվում, որովհետեւ այսօրվա վիճակով Քոչարյանի իմիջը, կերպարը մշակված չէ եւ թույլ է։ Առաջինը՝ մշակված չեն ՀՀ նախագահի շարժումները, քայլվածքը եւ այլն։ Վերցնենք ֆիզիոգնոմիկան, միմիկան, պանտոմիմիկան. չափազանց լարված են ծնոտային մկանները, լարված են ձեռքերը։ Դրանք պետք է չլինեն»։ Ահա այսպես պատասխանեց «Առավոտի» այն խնդրանքին՝ տալ նախագահ Քոչարյանի իմիջի գնահատականը, իմիջմեյքեր, հոգեբանական գիտությունների դոկտոր, Ստանիսլավսկու անվան ռուսական ֆոնդի կազմկոմիտեի անդամ, մոսկվաբնակ Դերենիկ Աբրահամյանը։ Մեր մյուս հարցերին՝ ռուսական ո՞ր քաղաքական գործիչների իմիջով է նա զբաղվել եւ հայ գործիչներից որեւէ մեկը դիմե՞լ է նրան՝ զբաղվել իր իմիջի հարցով, պրն Աբրահամյանը հիշեց, որ ՌԴ-ում իր կենտրոնն այժմ կատարում է չորս պատվեր (դիմողները գուբերնատորների թեկնածուներ են)։ Հայ քաղաքական գործիչներից եղել են առաջարկներ՝ օգնել գտնել իրենց իմիջը։ Որքան հասկացանք պրն Աբրահամյանի փոքր-ինչ անորոշ պատասխանից՝ նրան դիմել է նաեւ քաղաքագետ Արկադի Վարդանյանը։ «Հայկական քաղաքական էլիտան Հայաստանը փակել է Սփյուռքում ապրող հայերի համար։ Մեկը հենց Սահմանադրության այն կետն է, որ դրսի հայերը չունեն ընտրելու հնարավորություն»։ Սա, ըստ պրն Աբրահամյանի, արտագաղթին նպաստող հանգամանք է։ «Ցավոք սրտի,- արձանագրեց նա,- հայերը վատ են ապրում միայն Հայաստանում»։ Որեւէ լուրջ անհատականություն-լիդեր պրն Աբրահամյանին Հայաստանում դեռեւս չի տեսնում։ Հոկտեմբերի 27-ից հետո մեր երկրում քաղաքական գործիչների վակուում է, որը կամ չի լցվում, կամ լցվում է միջակ եւ ոչ խարիզմատիկ մարդկանցով։ Լրագրողներից մեկը պրն Աբրահամյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ են հավանական Հայաստանը մասոնական կազմակերպությունների միջոցով ղեկավարվելու մասին լուրերը։ Դերենիկ Աբրահամյանը (որը նաեւ «Ռոթարի ակումբի» անդամ է- Լ. Ա.) համբերատար բացատրեց, որ ամեն ինչ ավելի պրոզայիկ է, քան մասոնությունը։ Թեեւ չժխտեց, որ հնարավոր է՝ մասոնական ուժերի ազդեցությամբ եւ պլաններով է, որ Հայաստանը դատարկվում է. «Այդպես ավելի հեշտ է մոնիպուլյացիա անելը»։ Քիչ անց Պրն Աբրահամյանի՝ լրագրողների հետ հանդիպումից հետո, դահլիճ մտան մի քանի երիտասարդներ։ Քիչ անց նրանց հետեւեց Երիտասարդական կուսակցության ղեկավար Սարգիս Ասատրյանը։ Տպավորիչ պոզա ընդունելուց եւ այդ դիրքում լուսանկարվելուց հետո պրն Ասատրյանը պատմեց, թե ինչպես է հավանական մահից պրծել Հարավսլավիայում։ Մինչ այդ, սակայն, պրն Ասատրյանը համեստորեն իրեն վերագրեց Ռուսաստանում ստեղծված պետխորհրդի գաղափարը։. «Մեր հայտարարությունից 10 օր հետո ՌԴ նախագահ Պուտինը ստեղծեց պետխորհուրդ»։ Սրա իմաստն այն է, որ 2-3 տարվա ընթացքում Ռուսաստանում պետք է հանրաքվեի միջոցով ընտրվի ազգային գաղափարախոսություն, որն էլ պետք է իրականացնի պետխորհուրդը. «Դա մենք ասել ենք, ասելու ենք, կասենք եւ այդպես էլ լինելու է։ Եվ շատ լավ է, որ սա ասվում է Հայաստանում»։ Այժմ՝ Սարգիս Ասատրյանի քաջության մասին։ Նա վերջերս էր Հարավսլավիայում (ուր ամսի 24-ին տեղի կունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ)։ Այնտեղ նա եւ իր 6 կուսակիցներ մասնակցել են նախընտրական քարոզարշավին՝ համակրանք ունենալով ներկայիս նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի հանդեպ։ «Ես առաջին հայն եմ եղել, որ գնացել եմ Կոսովո, Պրիշտինա այդ իրադարձություններից հետո։ Բավական վտանգված էր մեր կյանքը։ Այնտեղ էր նաեւ Հունաստանի արտգործնախարար Պապանդրեուն, որի կյանքը եւս վտանգված էր։ Ես ասում եմ՝ ուղղակիորեն այնտեղ իմ կյանքը վտանգված էր, որովհետեւ դուրս գալու ժամանակ մեկուկես ժամ նորվեգական, գերմանական եւ ամերիկյան սպաները պահեցին ինձ եւ չէին թողնում, քանի որ նրանց համար պարզ չէր՝ ի՞նչ գործ ունի քրիստոնյա հայը Կոսովոյում»։ Սա՝ այսպես։ Իսկ որպես անձ, որն առանձնակի մոտ է կայսրի հետ, որպես գաղտնիք հայտնեց, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը քաղցկեղով հիվանդ է։ «Սա արեւելյան երկրների ղեկավարներին հատուկ հիվանդություն է»,- նշեց պրն Ասատրյանը՝ բերելով Սիրիայի նախագահ Ասադի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահների օրինակները՝ հույս հայտնելով, որ աշխարհագրությունը դեպի մեր կողմերը չի շարժվի։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել