Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 21,2000 00:00

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌ ՉԻ ԱՍԵԼՈՒ «Իմ դատն ավելի շուտ եմ արել, վերջացրել» Աշոտ Բլեյանի գործի քննության ընթացքում դատարանը կարծես թե մարտավարություն է ընտրել ձգձգումը։ Այլ կերպ անհնար է բացատրել, թե ինչու պիտի 12-օրյա ընդմիջումից հետո երեք պետական մեղադրողներից մեկի բացակայության պատճառով մեղադրական ճառը հետաձգվեր եւս 12 օրով։ Կարելի է ենթադրել, որ եթե Արա Ստեփանյանը հիվանդանոցում չլիներ՝ մեղադրական ճառը երեքով էին արտասանելու՝ մի նախադասություն ինքը, երկրորդը՝ պետական մեղադրող Ղուկասյանը, եւ այլն։ Հետաքրքիր է, հոկտեմբերի 2-ին՝ հաջորդ դատական նիստի ժամանակ այդպե՞ս են ճառ ասելու եւ եթե ոչ՝ ինչպե՞ս են արդարացնելու իրենց երեկվա պատճառաբանությունը, թե միայն երկուսով չեն կարող՝ երրորդի ներկայությունը պարտադիր է։ Պետք է ասել, որ Աշոտ Բլեյանն այս հերթական ձգձգումը շատ սուր ընդունեց։ Նախ հիշեցրեց. «Էն գլխից անհասկանալի էր, թե ինչու էին երեք դատախազ կարգել մի չեղած գործի վրա»։ Բացի այդ, որպես կանոն, պետական մեղադրողներից միայն մեկն է հանդես գալիս ճառով. «Մեկը հիվանդ էր՝ թող երկուսով շարունակեին։ Մանավանդ որ 12 օր ժամանակ են ունեցել։ Էլ չեմ ասում, որ 9 ամիս դրվագ առ դրվագ ուսումնասիրվել է եւ պիտի սպառած լինեին այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները հարկավոր են դատական վիճաբանությունների փուլի համար։ Մանավանդ որ՝ ես այդ փուլին չեմ մասնակցելու»։ Այսինքն, Աշոտ Բլեյանը մտադի՞ր չէ հանդես գալ պաշտպանական ճառով. «Ես հանդես եմ եկել, ինչ որ ունեի ասելու՝ ասել եմ։ Ես բերել եմ իմ պաշտպանությունն իրականացնող հիմնավորված, պատճառաբանված, իրավական առումով պատշաճ միջնորդություններ, որոնցով սպառիչ, սպանիչ ցույց եմ տվել, որ չէր կարելի քրեական հետապնդում սկսել իմ նկատմամբ, որ օրենքը բացառում էր այդ հանգամանքները։ Իմ միջնորդությունների հարցը դատարանը պիտի լուծեր՝ ամբողջ 9 ամսվա ընթացքում ասում էին, թե ժամանակին չի արված, ժամանակին չի արված… Ես էլ ասացի, լավ, դատական քննությունը վերջացրիք՝ հիմա ժամանա՞կն է, դե միջնորդությունների պատճառաբանված լուծո՛ւմը տվեք կամ էլ ընդունե՛ք դրանք, որովհետեւ գործի համար էական նշանակություն ունեն եւ իմ անմեղությանն են վերաբերում։ Որ ես էլ իմանամ, թե տակն ի՞նչ մնաց որոշակիորեն։ Կարող է՝ դատավորը միջնորդություններն ընդունո՞ւմ է՝ տակը բան չի մնում, գործի վարույթը կարճվում է»։ Ուշագրավ էր Աշոտ Բլեյանի մեկնաբանությունը, թե ինչու հետաձգվեց այս նիստը՝ արդյոք սպասում են քաղաքական վերջնական վճռի՞ այս դատավարության ելքի վերաբերյալ. «Քաղաքական վճիռը կայացված է՝ հակառակ դեպքում չէր կարող այսքան ձգվել։ Ուղղակի բոլորը հասկանում են, որ սա կուլ տալ հնարավոր չէ, որովհետեւ դիմացինը ոչ միայն անմեղ է, այլ մարդ, որ իր անմեղությունը կարող է պաշտպանել ցանկացած դատական ատյանում եւ հետեւողական է լինելու։ Բոլորն իրենց «մահախոսականն» են գրելու՝ նախ մեղադրողը, որը չհրաժարվեց քրեական հետապնդումից ու չկանգնեց, չասաց, որ հրաժարվում է մեղադրանքը պաշտպանելուց, որովհետեւ կա քրդատօրի 35 հոդվածի 1 եւ 2 կետերով որոշված դեպքի եւ հանցակազմի բացակայություն իմ արարքում։ Եվ եթե չասաց սա՝ նշանակում է՝ ինքը հանցագործ է»։ Կարող էր տպավորություն առաջանալ, թե պետական մեղադրողը ոչ թե հիվանդացել է, այլ ուղղակի խուսափում է այս պատվերով համերգի վերջին ակորդը խփելուն մասնակից դառնալ։ «Դա ակնհայտ է այնքանով, որ նրա բացակայությունը կապ ունի այսօրվա ընդհատման հետ։ Թե չէ ինչ կապ պիտի ունենար. հիվանդացել է՝ թող բուժվի։ Իսկուհի Վարդանյանը հիվանդանում է՝ մենք պիտի նստենք։ Հիմա երեք մեղադրողները հերթով հիվանդանան՝ մենք պիտի նստե՞նք… Ինչո՞ւ պիտի եւս 12 օր նստի մի մարդ, որ իր անմեղությունը չպիտի ապացուցեր, բայց ապացուցել է»։ Ուրեմն, ակնհայտ է, որ քաղաքական վճիռը կայացված է եւ, համենայն դեպս, արդարացնող դատավճիռ չի՞ լինի. «Իհարկե, չի կարող լինել։ Առանց դատավճռի էլ ես նստած եմ։ Իսկուհի Վարդանյանը ողորմելի եւ թշվառ դատավոր է, եւ հանգիստ կարելի էր նրան օրենքով որոշված կարգով ճանաչել անգործունյա։ Եթե այդպիսին չլիներ՝ նա վաղուց կորոշեր՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Բայց ոչ համարձակություն ունի դեմ գնալու քաղաքական պատվերին, ոչ էլ հանձնարարությունը կատարելու համար այդքան համարձակություն ունի։ Այսինքն՝ կատարում է, բայց այս ձեւով։ Մնացածն իմ չորրորդ գրքում կա՝ կնայեք, սպառիչ, սպանիչ ամեն ինչ ներկայացված է։ Ես իմ դատն ավելի շուտ եմ արել, վերջացրել»։ … Դատարանում Աշոտ Բլեյանի արած որակումները դատավորի հասցեին հանկարծ մի ռոմանտիկ, միամիտ հույս ծնեցին. իսկ գուցե Իսկուհի Վարդանյանը վերջապես նախադեպ ստեղծի եւ ապացուցի, որ Հայաստանում միֆ չէ քաղաքական պատվերներից ու դատախազության թելադրանքից անկախ դատավորի գաղափարը։ Սակայն հույսն իրոք շա՜տ միամիտ էր եւ, ըստ ամենայնի, հերթական անգամ ապացուցվելու է, որ արդարադատության մեր համակարգում գերազանցապես հանձնարարություններ կատարողներ են իրոք։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Մեզ հայտնի դարձավ, որ Աշոտ Բլեյանի 4-րդ գրքի ազդօրինակն արդեն լույս է տեսել։ Նաեւ տեղեկացանք, որ նա կոչով է դիմել՝ ստեղծել կալանավորներին աջակցող մի հիմնադրամ. «Մարդիկ իմ նման ամիսներով փակված են չորս պատի մեջ եւ անզբաղմունք, պարզապես, գժվում են։ Այդպես չի կարելի՝ նրանց թերթեր, ամսագրեր են հարկավոր եւ այլն»։ Այս մասին՝ «Առավոտի» հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել