Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ՝ ՄԵԿ ՀՈԳՈՎ

Սեպտեմբեր 21,2000 00:00
Vorogum

Կառավարության մատույցներում երեկ երկու հսկայական պլակատներով գյուղնախարար Զավեն Գեւորգյանի դեմ բողոքի ցույցի էր դուրս եկել Արարատի մարզի Որոտան գյուղի բնակիչ Պետիկ Գուլգուլյանը։ Վերոնշյալ գյուղի գյուղապետ Մարտիկ Առաքելյանը ոռոգում է իր 10-20 հա ծխախոտի դաշտը՝ գյուղացիներին զրկելով ոռոգման հնարավորությունից։ Ըստ Պետիկ Գուլգուլյանի՝ գարնանից գյուղացիները չեն ջրել հացահատիկը, «առվույտի (անասնակեր) մասին խոսք չկա, ու էդպես շարունակ։ Ա՛յ, գյուղխորհուրդն ասում է՝ մենք ամեն ինչ կանենք, որ գյուղացին չզրկվի իր անասնագլխաքանակից։

Ի՞նչ արեցիք, պարո՛ն գյուղնախարար, երբ գարնանից գյուղացին դիմում էր ձեզ, որ գյուղի ոռոգման ջրի հաշվին գյուղապետն իր ծխախոտն է ոռոգում։ Ոչ մի բան չի արվում»։ Գյուղացին բազմիցս եղել է գյուղնախարարի ընդունարանում, նրան թույլ չեն տվել ներս մտնել։ Ստիպված գնացել է Լեոնիդ Հակոբյանի մոտ, սակայն «ռեալ մոտեցում չի ցուցաբերվել»։ «Այնտեղ (գյուղնախարարությունում- խմբ.),- շարունակում էր բորբոքվել Գուլգուլյանը,- ես կասեի, հիմարաբար, նշում են, թե ձեր կողքի հարեւանը գարնանից երկրորդ ջրին է սպասում։

Փաստորեն, նրանք կրկնում են իմ ասածը, որ մարդիկ գարնանից չեն ջրում…

– Ակնկալիք ունե՞ք, որ եկել եք այստեղ։

– Ակնկալի՞ք։ Ումի՞ց։ Սրանցի՜ի՞ց։ Ո՜չ, ուղղակի ուզում եմ ժողովուրդն իմանա, թե էս ինչ իրավիճակ է տիրում էս երկրում։

Լ. Ա.

ԳՈՒՇԱԿԸ

Gushak

Սովորաբար գուշակությունը որակվում է որպես անշնորհակալ զբաղմունք։ Բայց որոշ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն վախենում գուշակություններ անել, այլեւ ժամանակ առ ժամանակ ճիշտ գուշակություններ են անում։ Դեռեւս 98 թվականին Դավիթ Շահնազարյանը գուշակել էր հետեւյալը. «Հայաստանի իշխանությունները շատ ավելի լուրջ պետք է լինեն թե՛ իրենց մոտեցումներում, թե՛ ամեն քայլն անելիս կամ չանելիս։ Պարզ է մի բան, որ Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կաշխուժանան»։ Փաստորեն գուշակությունն այսօր իրականություն է դարձել՝ Մոսկվան եւ Բաքուն քիչ է մնում գրկախառնվեն։

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

andranik margaryan

Եթե ՀՀ վարչապետը նախկին կյանքում ոչ թե քաղբանտարկյալ, այլ ջութակահար լիներ, ապա Անկախության օրվա կապակցությամբ անպայման իր մոտ կհրավիրեր բոլոր նախկին ջութակահարներին։ Եվ քանի որ վարչապետը քաղբանտարկյալ էր, ապա երեկ իր մոտ էր հրավիրել իր նախկին ընկերներին։ Հրավերքը բոլորը չէ, որ ընդունել էին։ Քիչ չէին Անդրանիկ Մարգարյանի հրավերքը մերժածները։ Իսկ եկածները «թեպետ տարբեր կերպ էին գնահատում Անկախության 9 տարիներին կատարվածը», բայց եւ համոզված էին, որ «Անկախությունն այլընտրանք չունի, հետադարձն անթույլատրելի է»։ Վարչապետն, իր հերթին, «ցավով» նշել է, որ «Անկախության 9 տարիներին մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները հնարավորություն չեն տվել հիմնավորապես զբաղվելու բռնադատվածների եւ նրանց ընտանիքների հոգսերով ու պահանջներով»։

Վերջում վարչապետը հույս է հայտնել, որ «հանրապետության տնտեսության բարելավմանը զուգընթաց՝ կմեծանա նաեւ իշխանությունների ուշադրությունը բռնադատվածների եւ նրանց ընտանիքների նկատմամբ»։

«ԵՐԿՐԱՊԱՀԻՑ» ՀԻԱՍԹԱՓՎԱԾ

zang

Երեկ խմբագրություն զանգահարեց ղարաբաղյան պատերազմում 91 թ. զոհված ազատամարտիկի այրի։ Նա հուզված պատմում էր, որ Ղարաբաղից եկել էր «Երկրապահ» կամավորների միություն՝ խնդրելու, որ գոնե օգնեն, Եռաբլուրում թաղված ամուսնու գերեզմանին մի սալիկ տեղադրեն. «Ես հազիվ երկու երեխաներիս եմ պահում, գոնե մի սալիկ տեղադրեն, թե չէ, որոշ ժամանակ հետո չի էլ երեւա, որ այդտեղ մարդ կա թաղված, անտեր է, գերեզմանի հետքն էլ չի մնա…»։ Նա երկար սպասել էր, փորձել հանդիպել ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Վարդան Մամիկոնյանին։ Այդպես էլ չէր հաջողվել տեսնել վերջինիս։ Հուզված այրին, այլեւս հույսը կտրած, զանգահարել էր խմբագրություն եւ շտապում էր հետ վերադառնալ՝ միայնակ երեխաների մոտ։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ զոհված ազատամարտիկների հարազատները «Երկրապահում» նման ընդունելության են արժանանում։ Իսկ այրին հուշարձան- գերեզմանաքար չէր խնդրելու, այլ ընդամենը համեստ հուշաքար։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930