Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 21,2000 00:00

1991 թ. սեպտեմբերի 21-ին իրականացավ հայ ժողովրդի դարավոր իղձը։ Անկախությունը ձեռք բերվեց ժողովրդի միահամուռ ջանքերով եւ կամքով, միջազգային իրավունքին համապատասխան, Հայոց Համազգային Շարժման ղեկավարությամբ՝ որպես նրա քաղաքական ծրագրի առանցքային խնդիր։ Անկախությունը նվաճվեց խորհրդային կայսրության բռնատիրական ձեռնարկումների դեմ համառ պայքարում՝ ճշգրիտ քաղաքական կանխատեսումների եւ գրագետ քայլերի շնորհիվ, նվազագույն կորուստներով, հաղթահարելով եւ շրջանցելով հարուցված բոլոր խոչընդոտները։ Ստացված ծանր ժառանգությունը՝ անաշխատունակ տնտեսությունը, Ղարաբաղի չլուծված հիմնահարցը, բնական աղետից ավերված երկիրը պատերազմական վիճակի եւ խուլ շրջափակման պայմաններում դժվարին փորձություն էին նորանկախ պետականության համար։ Դրա հաղթահարումը ենթադրում էր ճշգրիտ եւ համարձակ տնտեսական եւ քաղաքական ծրագրերի եւ իրատեսության համատեղում։ Պատմականորեն ոչ երկար ժամանակի՝ 7-8 տարվա ընթացքում ըստ էության հաղթահարվեցին պետականության դեմ ծառացած նաեւ այս խոչընդոտները։ Անկախ պետականության կայացման համար պատրաստակամորեն ծանր գին վճարեց հայ ժողովուրդը՝ իր թանկ զոհերով, բազմաթիվ զրկանքներով, ցրտի ու խավարի պայմաններում պահպանելով ապագայի նկատմամբ հավատը։ 1998 թ. փետրվարին իրականացված պետական հեղաշրջմամբ կասեցվեց ընտրված ճանապարհով երկրի ընթացքը, փոխվեց նրա քաղաքական ուղին։ Անիրատեսական ծրագրերի, սեփական հնարավորությունների գերագնահատման, քաղաքականության թյուրընկալման, օրինաչափությունների եւ պատմական դասերի արհամարհման այդ ուղին արկածախնդրական էր ի սկզբանե։ Կարճ ժամանակ անց այդ են վկայում ակնհայտ արդյունքները եւ նույնքան ակնհայտ հեռանկարները։ Հայոց Համազգային Շարժումը, շնորհավորելով հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, վստահ է, որ նրա ողջախոհությամբ եւ կամքով կկասեցվի այս խոտոր եւ վտանգավոր ընթացքը, երկիրը կվերադարձվի զարգացման բնականոն, ապագա խոստացող ճանապարհին։ Հայոց Համազգային Շարժումը որպես քաղաքական ուժ պայքարելու է դրա անհրաժեշտության գիտակցումը բոլորին հասցնելու եւ այն իրականացնելու համար։ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ 1991թ. սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով դուք արտահայտեցիք պետականություն ունենալու միասնական կամք, եւ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: Ի փառս հայ ժողովրդի ազատասիրության ոգու ու անընկճելի կենսունակության Հայաստանը 21-րդ դար է մտնում որպես ինքնիշխան երկիր: Նորանկախ Հայաստանի քաղաքացիներին վիճակված էր հաղթահարել նոր փորձություններ եւ դժվարություններ՝ ղարաբաղյան պատերազմ, պետականության կայացման, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների խնդիրներ: Այս մարտահրավերները հաղթահարելուց հետո, այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ կրկին կանգնած ենք պետականության կորստի սպառնալիքի առջեւ: Սակայն վստահ ենք, որ, դրսեւորելով քաղաքակիրթ զարգացման ձգտում եւ կամք, հաղթահարելու ենք այդ վտանգը եւ համաշխարհային հասարակության ընտանիքում գրավելու ենք մեզ արժանավայել տեղ: Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ: ԱՋ /ազատական/ ՈՒԺԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել