Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 21,2000 00:00

ԴԱՏԱԽԱՂ ԼՂՀ գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը հաճախ է տրտնջում, թե փաստաբանները վարկաբեկում են չճանաչված հանրապետության դատական համակարգի վարկը։ Նա հաճախ խոստովանում է, որ ինքը իր դատական պրակտիկայում այսպիսի բան չի տեսել։ Մենք էլ չենք տեսել, որ դատավորը զարմանա փաստաբանների կողմից բացարկ հայտնելու, հայտարարություններ ու միջնորդություններ անելու վրա։ «Սամվել Բաբայան+13» քրգործի դատաքննությունն, ըստ էության, չի սկսվում։ Ս.Բաբայանի շահերի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը եւ նրա պաշտպանյալը պնդում են, որ դատավարությունը կայանա Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում։ Նիստը սկսելուց 10 րոպե հետո դատավորն այդ միջնորդությունը լսելուց հետո մտնում է խորհրդակցական սենյակ, որին փաղաքշորեն խորհրդական սենյակ է անվանում, եւ դուրս գալիս 2,5 ժամ հետո։ Դրան հետեւում է պաշտպանների բացարկը, որ դարձյալ վերաբերում է դատավորի անաչառությանը։ Վերջիններս դատարանի ուշադրությունն են հրավիրում դատաքննության ընթացքում առկա օրինախախտումների վրա։ Նորից՝ խորհրդակցական երկժամյա հանգիստ, եւ նորից՝ լիովին մերժվում է բացարկը՝ հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում, մինչեւ 18.00-ն դատարանն աշխատեց ընդամենը 35-40 րոպե։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դատարանի կայացրած ցանկացած որոշում դատավորը նստած է ընթերցում, նիստի մասնակիցները նստած են լսում։ Փաստաբան Էդ.Չինարյանն արդեն երկրորդ նիստն է, ինչ պնդում է, որ դատի չտրված, դատավարության մասնակից չհանդիսացած անձի՝ Սասուն Աղաջանյանի հարցը դատարանը քննության առարկա է դարձրել եւ որոշել գործի քննությունը շարունակել առանց Սասունի մասնակցության։ Սա այն դեպքում, երբ Սասուն Աղաջանյանը դատի չի տրվել եւ դատավարության մասնակից չի հանդիսանում։ Սակայն 70-ամյա դատավորն իր հաշվին ռեկորդներ է գրանցում՝ հերթական անգամ մերժելով փաստաբանին։ Երեկ տրտնջաց նաեւ պետական մեղադրող Վահրամ Ավագյանը, որ, ի դեպ, թվով երրորդն է։ «Չեմ հասկանում, հավաքվել ենք, որ արգելքնե՞ր ստեղծվի»։ Տրտնջում էր նաեւ Սամվել Բաբայանը, որը խնդրում է իրեն մեկուսարանից դատարան չբերել՝ «Ես մեկուսարանում էլ կիմանամ վերջնագիրը»։ Ս.Բաբայանը դիմեց նաեւ իր պաշտպանին՝ չգալ դատարան։ Ի պատասխան դատավորը հայտարարեց, թե կքննարկվի առանց Ս.Բաբայանի ներկայության դատաքննությունը շարունակելու հարցը, եթե ամբողջը շարադրված լինի գրավոր եւ պատճառաբանված։ Տեղեկացնենք նաեւ, որ դատարանում հիմնականում քաղաքացիական համազգեստ հագած հայտնի նախարարության ներկայացուցիչներն են։ Առայժմ ամբաստանյալների 2-ական հարազատների են թույլ տվել դատարանի դահլիճ մտնել։ Երեկ դատարանի դահլիճ թույլ չտվեցին մտնել նաեւ լրագրող Վահրամ Աղաջանյանին։ ԼՂՀ գերագույն դատարանի շենքի դիմաց այլեւս բազմություն չի հավաքվում։ Փաստորեն երեք օր է չի ընթերցվում մեղադրական եզրակացությունը, որը «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, 175 էջից է բաղկացած։ Տուժող նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացուցչից բացի, դատարանի դահլիճում են լինում վերջինիս թիկնապահ, տուժող Սամվել Գաբրիելյանը, վարորդ Սերգեյ Սարգսյանի եւ Միրա Դանիելյանի ներկայացուցիչը։ Քաղհայցվորը մեկն է՝ Ալեքսանդր Սլոտինը։ Որքան կարողացանք ճշտել, քաղհայց է ներկայացված 6 մլն 300 հազար դրամ գումարով։ Գործով անցնող վկաները 85-ն են։ Վկաների ցանկի պատվավոր 22-րդ հորիզոնականը զբաղեցնում է Սաթիկ Սեյրանյանը՝ միակը Երեւանից։ Ճաղերի ետեւում՝ ամբաստանյալի աթոռին նստած են Արցախի հերոս Սամվել Բաբայանը, առաջին հակահետախուզական բաժանմունքի պետ Լեւոն Միրզոյանը։ Նա, ի դեպ, միակն է, որ միշտ միանում է Ս.Բաբայանի ցանկացած բացարկին եւ միջնորդությանը։ Այս շարքը շարունակում են վաշտի հրամանատար Էրիկ Փարամազյանը, ԼՂՀ անվտանգության ծառայության պետ Դավիթ Ղուլյանը, նույն ծառայության սպաներ Վարուժան Մելքոնյանն ու Խաչատուր Պետրոսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի ծառայող, երկրորդ կարգի հաշմանդամ Ալբերտ Առուստամյանը, «Արցախի արիներ» պատանեկան միության կենտրոնական վարչության նախագահ Վարդան Թաշճյանը, հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Արարատ Մուսայելյանը, սպառազինության պետ Արմեն Անտոնյանը, սպառազինության պահեստապետ Գագիկ Ահարոնյանը, պաշտպանության բանակի ավտովարորդ Արմեն Մուսայելյանը, 3 ամբաստանյալ եղբայրներ՝ Գառնիկ, Հենրիկ եւ Վալերի Ծատրյանները, որոնց մասին որեւէ տեղեկություն հնարավոր չեղավ ձեռք բերել։ Նշենք, որ Սամվել Բաբայանը միակն է, որ գտնվում է ԱԱ մեկուսարանում։ Մյուս ամբաստանյալները դատարան են բերվում ԼՂՀ ՆԳՆ քննչական մեկուսարանից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել