Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 20,2000 00:00

Պահեստապետի անտառը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության ձեւավորումը նշանավորվեց նրանով, որ կադրային բոլոր փոփոխությունները կառավարության կազմում տեղի ունեցան՝ «սա քաղաքական հարց է» կարգախոսով։ Տրամաբանությանը եւ քաղաքակիրթ ավանդույթներին հակառակ, քաղաքական են հռչակվում ոչ միայն նախարարի պաշտոնը (որը բնական է), այլեւ փոխնախարարի, վարչության պետի պաշտոնները, որտեղ պետք է աշխատեն մասնագետներ։ Նախկին պահեստապետ եւ ածուխի առեւտրական, իսկ այժմ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը, որը իշխանամետ «Կայունություն» խորհրդարանական խմբի ներկայացուցիչն է կառավարությունում, «Առավոտի» թղթակցին շարադրեց իր պատկերացումները այս ոլորտի մասին. «Որպես նախարար անտառի մասին մի քանի բան կուզենայի ասեի. մեզ մոտ շատ են լինում անօրինականություններ, հատումներ։ Միանշանակ կուզեի ասեի, որ ինչ ձեւի պայքար էլ տանենք, էսօր մեր ժողովրդին, խոսքի օրինակ, հարկավոր ա իքս խորանարդ մետր փայտ։ Նա իր երեխային չի թողնելու մրսի եւ ինչ կարգով էլ ուզում ա լինի, միանշանակ տանելու ա՝ օրինական, թե անօրինական։ Դա մեր աշխատանքից կերեւա։ Բայց մենք պետք ա հասկանանք, որ դա պետք ա լինի օրինական ճանապարհով եւ հարցի լուծումը լինելու ա դա՝ ծառատունկ անելով, որ հաջորդը լինի, մեկ ա պետք ա»։ Ահա այսպես մեկնեց բնապահպանության ու անտառի վերաբերյալ իր կոնցեպցիան նախարար Մուրադ Մուրադյանը։ Անդրադառնալով Սեւանի հիմնախնդրին նա շարունակեց. «Ինչ վերաբերում ա Սեւանին, այնտեղ էլ թերություններ կա, կան նոր ծրագրեր։ Մոտակա վախտ հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատում ա, այդ անօրինականության դեմ պայքարը տարվելու ա։ Եղել են դեպքեր՝ գիշերը, որպես նոր նախարար, ստուգայցի ժամանակ հայտնաբերել ենք 10 մեքենա (խոսքը հավանաբար ձուկ տեղափոխելու մասին է- խմբ.), տասն էլ անօրինական։ Բայց փառք Աստծո, օրերս 27 մեքենայից մեկն ա եղել անօրինական։ Եթե ցուցանիշները նախորդի (Գեւորգ Վարդանյանի-խմբ.) համեմատ վեկալում ենք, տոկոսային հարաբերությամբ 600 տոկոսը օրինական ա»։ Պարոն Մուրադյանի հետ մեր հանդիպումը նպատակ ուներ ճշտել ոչ միայն բնապահպանության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված նոր ծրագրերը, այլեւ նախարարությունում տեղի ունեցած կադրային նշանակումների հիմնական ստրատեգիան ու մեխանիզմը։ Պարզ էր, որ առանց գործից հասկացող փոխնախարարների, վարչության պետերի աջակցության՝ Մ.Մուրադյանը դժվար թե գլուխ հանի բնապահպանությունից։ Բայց ոչ։ Վարչապետին ուղղված Մ.Մուրադյանի առաջին պահանջներից մեկը «Հայանտառ» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնանկությունն է եղել՝ «Ազատել Դավիթ Մաթեւոսյանին զբաղեցրած պաշտոնից»՝ մարտական ձեւակերպմամբ։ Պատճառն, իհարկե, ըստ նախարարի, վերջինիս պաշտոնավարության ժամանակ եղած «խոշոր չարաշահումներն» են եղել եւ երբեք ոչ յուրայիններին գործի տեղավորելու գայթակղությունը։ Երբ դիմեցինք պարոն Մուրադյանին, թե ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, վերջինս պարզաբանեց. «Ֆինանսական ցուցանիշները կարող եք վեկալել «Հայանտառից»։ Նախկինում եղել է մոտ 1 մլն կրեդիտորական պարտք, այսօր փաստացի դա իջնում է օրեցօր։ Կա կես միլիոնից ավել դեբիտորական պարտք եւ դա անհուսալի պարտք է։ Եղել են դեպքեր, երբ այդ դեբիտորը փողը փոխանցել է, բայց մատակարարին չի հասել։ Արդեն մի քանի գործ գտնվում ա հանրապետության դատախազությունում»։ «Հայանտառ» ՊՓԲԸ տնօրեն Գագիկ Գեւորգյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ չարաշահումներ են եղել իր նախորդի՝ Դավիթ Մաթեւոսյանի օրոք եւ ի՞նչ գործ է ուղարկվել դատախազություն։ Գագիկ Գեւորգյանը, որ այս պաշտոնում է նշանակվել ոչ անհայտ գեներալ Սեյրան Սարոյանի հետ ինչ-ինչ կապերի շնորհիվ, փոքր-ինչ տատանվելուց հետո խոստացավ, որ դատախազություն ուղարկված գործի եւ «Հայանտառի» մասին ավելի ուշ կխոսի։ Ավելի ուշ նա հրաժարվեց խոսել՝ «Դեռ նոր եմ աշխատում։ Ի՞նչ գործ, ի՞նչ դատախազություն։ Ես այդպիսի բան չեմ ասել։ Թողեք աշխատեմ»։ Թողեցինք ու հանդիպեցինք «Հայանտառի»՝ արդեն պաշտոնանկ եղած տնօրեն Դավիթ Մաթեւոսյանին: Նրա պարզաբանումները կարդացեք հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել