Որքան էլ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդիպելիս պինդ գրկախառնվեն, որքան էլ փորձենք իներցիայով մեր հարեւան Վրաստանը համարել բարեկամական երկիր, ամեն դեպքում, փաստ է, որ Վրաստանում հայկական եկեղեցիները քանդվում կամ սեփականացվում են, հայերը Վրաստանի տարածքով Հայաստան գալուց ենթարկվում են ստորացուցիչ ստուգումների եւ, ինչպես «Առավոտն» էր օրերս բերել կոնկրետ օրինակ, նույնիսկ՝ ծեծի։ Քանի որ Վրաստանում ունենք հայկական դեսպանատուն, որը պիտի որ տեղյակ լինի վերոնշյալ խնդրին, դիմեցինք դեսպանատան աշխատակից Կորյուն Օխանյանին, ճշտելու՝ բազմաթիվ նման խախտումների մասին Վրաստանում հայկական դեսպանատունը կոնկրետ քայլերի դիմո՞ւմ է, թե՞ ոչ։
Պարզվեց, որ մեր դեսպանատանն էլ են լսել այդ ամենի մասին, սակայն բոլորը՝ խոսակցությունների մակարդակով։ Ըստ պարոն Օխանյանի՝ իրենց այս հարցով բազմիցս են դիմել. «Դիմում են։ Ասում ենք՝ կոնկրետ փաստ տվեք, տվեք ՆԳ աշխատակցի կոնկրետ անուն, պետավտոտեսուչի անուն, մեքենայի համար տվեք։ Սակայն մեր հայրենակիցները որեւէ կոնկրետ բան չեն ասում։ Արդյունքում, մենք էլ առանց ստուգված փաստի չենք կարող դիմել որեւէ պետական մարմնի»։ Նույն աղբյուրը հիշեցրեց, որ վրացի պետավտոտեսուչների պարբերական ապօրինությունների հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով՝ Քոչարյան-Շեւարդնաձե հանդիպման ժամանակ։ Անգամ Վրաստանում Հայաստանի դեսպանն է այն բարձրացրել, սակայն, ինչպես տեսնում ենք, միմյանց ասված քաղցր-մեղցր խոսքերն ու տրված խոստումները մի գրոշ էլ չարժեն. մեր երկրի քաղաքացիների իրավունքները (ավելի պարզ ասած՝ մարդկային արժանապատվությունը) եղբայրական Վրաստանից մինչեւ Հայաստանի սահմանագիծ ոտնահարվում է։
Լ. Ա.
ՀԱՆՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՊՈԿՎԵՑԻՆ ՄԱԶԵՐ
Կարդացեք նաև
Այն, ինչ կիրակի օրը կեսօրից հետո կատարվեց Մաշտոցի պողոտայում գտնվող Ծածկած շուկային կից բացօթյա հատվածում, ապացուցեց, որ նախագահ Քոչարյանի էլեկտորատում դեռեւս պահպանվել են որոշ մարդիկ։ Երբ վաճառող կանանցից մեկը գնորդին ասաց հոնի գինը, վերջինս, չգիտես ինչու, սկսեց հիշատակել Ռոբերտ Քոչարյանի անունը, սակայն ամենեւին էլ ոչ սիրալիր արտահայտություններով։ Թե իր ապրանք հոնի գնի հանդեպ ակնածանքից, թե՝ նախագահ Քոչարյանի՝ չգիտենք, սակայն վաճառող կինը սկսեց պաշտպանել իր երկրի նախագահին։ Բանը հասավ ծեծկռտուքի եւ այլանդակ խոսքերի (ինչը շուկայի այդ հատվածի վաճառողների համար ամենօրյա եւ խիստ սովորական բան է)։ Ու երբ կանանցից մեկը բղավեց. «Ճիվա՜ղ, թող մազերս»,- հասկացանք, որ նախագահ Քոչարյանի բարի անունը փրկելու համար վաճառողը պոկեց հաճախորդի մազերից մի փոքրիկ փունջ։
Սեփ. լր.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՈՉ ՈՔ ՉԱՄԱՉԵՑ
Ռոբերտ Քոչարյանը ժամանակին հայտարարում էր, թե Երեւանի կոնյակի գործարանը «Պեռնո Ռիկարին» վաճառելու հակառակորդներն ուղղակի ամաչելու են մեկ տարի անց։ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե այժմ, երբ խոստումներին հակառակ՝ հայկական կոնյակը ոչ միայն միջազգային շուկա դուրս չբերվեց, այլեւ չի տարածվում անգամ իր ավանդական՝ ԱՊՀ երկրների շուկայում, երբ «Պեռնո Ռիկարը» հերքում է, թե խաղողի մթերումների վերաբերյալ որեւէ պարտավորություն է ստանձնել եւ այլն՝ իր իսկ բառերով ասած, չի՞ ամաչում Ռոբերտ Քոչարյանն այս գործարքի նկատմամբ իր դիրքորոշման համար։ «Կարծում եմ՝ գործարքը պետք է շարունակել դիտել հաջողվածների թվում,- պնդեց Վահե Գաբրիելյանը:- Գործարանը մեծ աշխատանք է տարել արտադրանքի արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ, անցյալ տարի գնել է մեծ քանակությամբ խաղող, այս տարի եւս հայտարարել է խաղող գնելու իր մտադրության մասին, անցյալ տարի ԱՊՀ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, գովազդային մեծ արշավ է սկսել:
Մեր տեղեկություններով, ընկերությունը հայկական կոնյակը սկսել է վաճառել նաեւ նոր շուկաներում: Վստահ եմ, որ պայմանագրի երկու կողմն էլ կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները եւ վերջերս բարձրացված հարցերը դրական լուծում կգտնեն: Չեմ կասկածում, որ թե մթերվող խաղողի, թե հայկական կոնյակի արտադրանքի ծավալներն աստիճանաբար ավելանալու են ի շահ բոլոր կողմերի»:
Ա. Ի.
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂ ՉԿԱ՞Ր
ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի գործով դատական անդրանիկ նիստին ներկա էր Սասուն Աղաջանյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Նա նիստի նշանակման ճիշտ ժամին ներկայացել էր ԼՂՀ գերագույն դատարան, բայց իր վկայությամբ ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար Արշավիր Գարաքյանն ասել էր, թե Սասուն Աղաջանյանի գործի մասն առանձնացվել է։ Նա փաստաբանին, մեղմ ասած, հասկացնել էր տվել, որ ներս մտնել չի կարելի։
Ի դեպ, ԼՂՀ ՆԳՆ փոխնախարարը դատաքննության ընթացքին մշտապես հետեւում է հենց նիստերի դահլիճում։ Դատարան մտնել թույլ չտվեցին նաեւ Սասունի հարազատներին։ Պատճառաբանությունն ավելի քան ծիծաղելի էր՝ տեղ չկա։ Էդ.Աղաջանյանը «Առավոտի» թղթակցին ասաց. «Սասուն Աղաջանյանը ոչ թե ամբաստանյալ է, այլ՝ մեղադրյալ։ Նրան ոչ ոք դատի չի տվել»։
Փաստաբանն ասաց նաեւ, թե իրեն նիստին չեն հրավիրել, որի պատճառով ինքը զրկված էր միջնորդություններ անելու իրավունքից։ Նա ստիպված է եղել փոստով ուղարկել համապատասխան եւ պատշաճ մակարդակով պատրաստված նյութեր այն մասին, որ իրականում խոսքը գնում է Սասուն Աղաջանյանի երկու եղբայրների եւ հանգուցյալ մոր հոգեկան հիվանդության մասին, որը ժառանգաբար փոխանցվել է Սասուն Աղաջանյանին։ Նրա մայրը երկար ժամանակ տառապել է շիզոֆրենիայով, եղբայրներից մեկը՝ փսիխոպատեայով, մյուսը՝ նեւրասթենիայով։ Բացի այդ, Սասունը Աֆղանստանում եւ Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ կոնտուզիաներ է ստացել, որոնք, ըստ փաստաբանի, նույնպես կարող էին որոշ հանգամանքներում Սասունի հոգեկանի վրա ազդել։ Սասուն Աղաջանյանի առողջական վիճակի վերաբերյալ նրա փաստաբանի ներկայացրած տեղեկանքում կա տեղեկություն նաեւ այն մասին, որ նա տառապել է երիկամների սուր ցավերով եւ մինչեւ ձերբակալումը բուժման մեջ է գտնվել։ Փաստաբանը պահանջում է համալիր դատահոգեբուժական եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակել։ Նա խիստ անհրաժեշտ է համարում, որ Սասուն Աղաջանյանը մասնակցի դատաքննությանը։
Ռ. Մ.
ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐՈՎ
Ինչպես «Առավոտին» հայտնեցին «Միկա Արմենիա» եւ «Ֆլեշ» ֆիրմաներից՝ սեպտեմբերի 20-22-ը Հայաստանի Անկախության օրվա առթիվ այդ ընկերությունները որոշել են իրենց բենզալցման կայաններում իջեցնել բենզինի գները մինչեւ 5200 դրամ՝ 20 լիտրի համար։