Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 19,2000 00:00

«Եվ այս նվերն էլ՝ Ձեզ» «Սիրելի Ֆադեյ Տաճատի, թույլ տվեք սրտանց շնորհավորել՝ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական ավյուն, բազում հաջողություններ, Աստված Ձեզ օգնական։ Առո՛ղջ լինեք, շա՜տ պայծառ մնաք։ Միշտումիշտ։ Եվ այս նվերն էլ՝ Ձեզ։ Թող որ միշտ հիշատակ լինի այս պայծառ օրվա եւ պայծառ զգացմունքների»։ Այս ասելուն պես, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանին՝ իր 77-ամյակի առթիվ երեկ մի ներկայանալի փաթեթ նվիրեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Նվերը Գայֆեջյանի նկարներից մեկն էր, որը հոբելյարը գնահատեց որպես «չտեսնված, մեծ մակարդակի նկար»։ Թե որքան շոյված ու զգացված էր Ֆադեյ Սարգսյանը իր թանկագին հյուրի ներկայությունից, հեշտ չէ նկարագրելը։ Իսկ բանն այսպես է եղել. «Այսօր նաեւ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն էր եւ մենք՝ ակադեմիկոսների մի խմբով, այդ օրն էինք նշում։ Ես էլ շնորհավորանքներ ստացա։ Բայց էսպիսի պատվի ես, ճիշտն ասած, պատրաստ չէի արժանանալու»։ Մինչ հարգարժան հոբելյարն արտաբերում էր երախտիքի վերոնշյալ խոսքերը, Արմեն Խաչատրյանին ոչինչ չէր մնում անել, բացի շշնջալուց՝ «Հիացած եմ»։ Խորհրդարանի խոսնակի արժանիքներից ամենագլխավորը համարում են հիանալի ճառեր եւ կենացներ ասելը։ Եվ դրանում համոզվելու համար բավական էր լսել, թե ինչ գերադրական ածականներ «երիցս» շռայլեց Ֆադեյ Սարգսյանի հասցեին. «Ես ուզում եմ ջերմորեն շնորհավորել Ֆադեյ Սարգսյանին, մեծ մարդուն, որի արժեքը պիտի յուրաքանչյուրս իմանանք, որն, իսկապես, իր հոգում կրում է արժանապատվությունը (…), ուսերին՝ հայկական ամբողջ արժեքները։ Հոգեբանական արժեքները կրող մտավորական է։ Յուրաքանչյուր հայ խիստ պարտական է նրան իր խիստ մեծ մտահոգության համար։ Եվ այսօր եթե մենք ունենք Ակադեմիա՝ պահպանված, գիտական ինստիտուտներ, եթե Ակադեմիայի կոլեկտիվը կարողացել է հարգանքի առումով արժանին մատուցել Ֆադեյ Տաճատիչին, դա անպայմանորեն բխում է իր մարդկային նկարագրից, մեծ գիտնականի պահվածքից, մեծ մտավորականի պահվածքից»։ Սակայն սա դեռ բոլորը չէր. պարզվեց, որ մենք պիտի կարողանանք խոնարհ լինել նրանց (մեծերի) առջեւ եւ «պիտի մեր խաչը զորացնենք՝ դրանով փրկելով մեր երկիրը»։ «Առավոտը» խորհրդարանի խոսնակից փորձեց ճշտել, թե եթե վերջինս արտասահմանյան համալսարանների («մեկ համալսարանի»՝ ճշտեց պրն Խաչատրյանը) ակադեմիկոս է, չի՞ հավակնում համալրել նաեւ մեր հայոց կաճառի ակադեմիկոսների նոսրացող շարքերը։ «Դա ինձ համար մեծ պատիվ կլիներ ապագայում։ Ես, իհարկե, չեմ թողնում գիտական աշխատանքը։ Ես ինքս գիտությունից եւ կրթությունից եկած մարդ եմ, եւ գիտական աշխարհն ինձ համար շատ հոգեհարազատ է։ Եվ ակադեմիկոսների հետ իմ մտերմությունը ինձ համար նաեւ մեծ հպարտություն է»։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ գիտնականներն առհասարակ չպիտի զբաղվեն սոցիալական մանր պրոբլեմներով (որքան հասկացանք՝ նույնը նաեւ ԱԺ նախագահները, պատգամավորները եւս). «Գիտնականի միտքը պետք է զբաղվի շատ ավելի ընտրյալ, լուրջ հարցերով»։ Ապա գնաց խոստումների շարքը, թե «մենք պիտի խիստ կարեւորենք, ստեղծենք լավագույն պայմաններ»։ «Գիտության մասին» օրենքը՝ ըստ խորհրդարանի նախագահի, ընդգրկված է Ազգային ժողովի մեծ օրակարգում։ Եվ որ այդ օրենքի համաձայն՝ խորհրդարանի արտաբյուջետային որոշ միջոցներ պետք է հատկացվեն Ակադեմիային… Պետք է պաշտպանել յուրաքանչյուրի շահերն այս կապակցությամբ, տրվեն (ժամանակին) Ակադեմիայի վճարները։ Այսքան խոսքերից ու խոստումներից Ֆադեյ Սարգսյանը դարձյալ հուզվեց, չգիտես ինչու, պրն Սարգսյանը, որը միշտ գոնե մեր իշխանավորների հարգանքի եւ ուշադրության կենտրոնում է եղել, ոչ մի ակնկալիք չուներ, թե իր ծննդյան 77-ամյակին այս աստիճան պատվարժան եւ ներկայանալի հյուր կունենար (այն էլ առավոտյան ժամը 11-ին). «Ես շա՜տ շնորհակալ եմ Արմեն Ավագըվիչին՝ ցուցաբերած ուշադրության համար։ Անկեղծորեն ասում եմ, որ այս այցելությունը համարում եմ մեծ օգնություն մեր Ակադեմիային»։ Սակայն պրն Խաչատրյանն իր ներկայությամբ միակ նվերը չէր. քիչ անց եկավ «Գրանդ քենդիի» ներկայացուցիչը՝ քաղցրեղենի մի հսկայական զամբյուղով։ Հաշվի առնելով Ֆադեյ Սարգսյանի արմատները՝ զամբյուղի կենտրոնում շոկոլադե սասունցի էր կանգնած՝ իր հրացանով։ Եվ լավ էր, թե չէ հավաքված լրագրողներիս սկզբում թվաց, թե դա ինքը՝ Ֆադեյ Սարգսյանն է, որի շոկոլադե տարբերակը, չենք կասկածում, սիրով կուտեր Արմեն Խաչատրյանը։ Եվ ո՛չ միայն նա։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել