Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 19,2000 00:00

ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ Անցած տարի պետբյուջեից մամուլին, հեռուստառադիո ընկերություններին հատկացված էր 60 միլիոն դրամ։ Գումարը տրվեց բավականին ձգձգումներից հետո։ Այս տարի գումարը կրճատվել է 20 միլիոնով։ 40 միլիոն դրամից 23 միլիոնը կտրամադրվի լրագրերին, մնացածը՝ հեռուստառադիո ընկերություններին։ Ինչպե՞ս են բաշխվելու միջոցները, ի՞նչ առավելություններ կամ թերություններ են հաշվի առնվելու։ ՀՀ կառավարությանն առընթեր գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանի ասելով, գումարը կբաժանվի հանձնաժողովի որոշմամբ։ Պրն Միլիտոնյանը երկար տարիներ եղել է «Ծիծեռնակ» մանկական հանդեսի գլխավոր խմբագիրը, իսկ այժմ գործը շարունակում է նրա տիկինը։ Խմբագրություն ահազանգ ստացվեց, որ պրն Միլիտոնյանը հատկապես «Ծիծեռնակին» է լուրջ գումար հատկացնելու, ինչպես նաեւ՝ պետպատվերի շրջանակներում տպագրության է պատրաստում իր հեղինակած երկու գրքերը։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք Էդ. Միլիտոնյանի հետ։ Պրն Միլիտոնյանն ասաց. «Հանձնաժողովի անդամները շեշտեցին, որ շատ կարեւոր է մեր մանկական, գրական մամուլի զարգացումը, քանի որ տեսնում ենք, որ այդ ոլորտները շատ մեծ դժվարությամբ են զարգանում։ Հանձնաժողովը մամուլի բնագավառի վերաբերյալ մի շարք տարբերակումներ կատարեց՝ օրաթերթերին՝ մի մակարդակ, մարզայիններին՝ մեկ այլ, գրականը եւ մանկականը՝ մեկ այլ մակարդակ։ Հասկանալի է, որ այդ գումարը որեւէ մեկին չի բավարարի իր գործերը լավ անելու համար»։ Իսկ մանկական հանդեսներին, Էդ. Միլիտոնյանի ասելով, հատկացվել է հավասար գումար («Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ»). «Ինչպե՞ս կարող է «Ծիծեռնակը» ավելի գումար ստանալ, հանձնաժողովն ինքն է բաժանումը կատարել եւ այդ երեք պարբերականները հավասար են ստանալու»։ Էդ. Միլիտոնյանը բաշխման ցուցակը մեզ ցույց չտվեց, ասաց, որ այն ֆինանսների նախարարությունում է եւ դեռեւս քննարկման փուլում է։ Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն ինֆորմացիան, որ գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետը սեփական գրքերն է հրատարակում պետպատվերի հաշվին. «Իմ գրքերի վերաբերյալ ասեմ, որ ձեր ինֆորմացիան սխալ է, այդպիսի բան չկա։ Իմ երկու գրքերը եղել են պետպատվերի մեջ տարիներ առաջ, երբ ես չեմ ղեկավարել այս բնագավառը։ Այն ընթացքում, երբ ես ղեկավարել եմ այս բնագավառը, իմ գրքերից մեկը տպագրվել է 1994 թվականին (մեծահասակների համար). «Արգիշտի արքայի արցունքները» արձակ ժողովածուն, որը պետք է հրատարակեր «Նաիրի» հրատարակչությունը 90 թվականին, բայց տպագրվել է 94-ին։ Պետական պատվերով մեկ էլ մի մանկական ժողովածու է տպագրվել «Արեւիկ»-ում (կարծեմ՝ 96-ին)։ Վերջին գիրք ես պետական պատվերով չեմ հրատարակել արդեն չորս-հինգ տարի»։ Իսկ պատրաստվո՞ւմ է տպագրվել. «Ես ունեի մի ժողովածու, որ «Նաիրի» հրատարակչությունը մի քանի տարի փորձում էր մտցնել պետպատվերի մեջ, ես ինքս եմ խանգարել, նույնիսկ հանել եմ, մտածելով՝ էսպիսի հարց կարող է լինել։ Բայց ասենք դու գրող ես, բազմաթիվ գրքերի հեղինակ, եթե պետպատվերով չես տպագրում, այլ՝ քո միջոցներով, էլի պետք է հարցնեն՝ էդ միջոցները քեզ որտեղի՞ց, որ դու գիրք ես տպագրում։ Նախ՝ մենք այսօր պետք է ուրախանանք, որ Հայաստանում որեւէ մեկը գիրք է գրում»։ Այսինքն՝ 2000 թ. Էդ. Միլիտոնյանի հեղինակած կամ կազմած ոչ մի գիրք պետպատվերով չի հրատարակվելո՞ւ։ Տպագրվելու է՝ Վազգեն Սարգսյանի արձակը (կազմել է պրն Միլիտոնյանը), ինչպես նաեւ մեկ ուրիշ գիրք, արդեն հեղինակային. «Մատնահետքեր»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել