Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 19,2000 00:00

ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԻՄ-ի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել 1995-ի եւ 1996-ի ընտրությունների զանգվածային խախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Իր նախաձեռնությունը նա այսպես է հիմնավորել, որ այդ ընտրություններում խախտումների վերաբերյալ եղել են բազմաթիվ դիմումներ միջազգային կազմակերպություններին, դատարաններին եւ ընտրական հանձնաժողովներին։ Հրապարակվել են կուսակցությունների, ՀՀ նախագահի թեկնածուների եւ այլոց բազմաթիվ հայտարարություններ եւ բանաձեւեր։ Մամուլում բազմաթիվ նյութեր են հրապարակվել այդ ընտրություններում զանգվածային խախտումների վերաբերյալ։ Քանի որ ե՛ւ թվարկված, ե՛ւ չթվարկված այլ հիմնավորումները հավասարապես վերաբերվում են նաեւ 1998-ի նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններին՝ բնական էր, որ պիտի հարց առաջանար, թե դրանք ինչո՞ւ են դուրս թողնվել ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունների նախատեսվող տիրույթից։ Մի՞թե այս դեպքում եւս, ինչպես եւ 1995-ի եւ 1996-ի ընտրությունների պարագայում, հասարակությունն ու իրավասու մարմինները խորհրդարանական բազմակուսակցական հանձնաժողովի եզրակացության կարիքը չունեն։ Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Հայկ Բաբուխանյանը պատմեց, որ նման հարց իրեն տվել են նաեւ պետաիրավական հանձնաժողովում այս նախաձեռնության քննարկման ժամանակ եւ ինքն ասել է. «Ես սկզբունքորեն դեմ չեմ ուսումնասիրել 1998-ի եւ 1999-ի, ինչպես նաեւ՝ 1990-ի եւ 1991-ի ընտրությունները։ Բայց 1995-ի եւ 1996-ի ընտրությունները սկզբունքային տարբերություններ ունեն մնացածից։ Այն է. այդ ընտրությունների ընթացքում կամ դրանցից հետո եղել են ժողովրդական զանգվածային հուզումներ, եղել են զինված բախումներ, հասարակության խիստ բեւեռացում։ Այդ ընտրություններից ե՛ւ հետո, ե՛ւ դրանց ընթացքում եղել են բազմաթիվ ապօրինություններ։ 1990-ի, 1991-ի, 1998-ի եւ 1999-ի արդյունքների վերաբերյալ որեւէ, այսպես ասած, պարտված կողմ չի կատարել հայտարարություն, որ ինքը պարտվել է անարդար ընտրությունների արդյունքում, չի դիմել դատարան կամ ժողովրդին»։ Մի կողմ թողնենք տասնամյա վաղեմության իրողությունները, որ Պարույր Հայրիկյանը սեւ դրոշներով «ողջունեց» իր մրցակցի հաղթանակը եւ Պառավաքարի պատճառով մինչ այժմ էլ 1991-ի ընտրությունները համարում է անարդար։ Եթե անդրադառնանք ավելի մոտ անցյալին՝ պիտի վերհիշենք, որ ե՛ւ 1998-ին, ե՛ւ 1999-ին բազմաթիվ էին պարտվածների հայտարարությունները ընտրական զեղծարարությունների վերաբերյալ։ Եղան նաեւ ՍԴ-ում այդ ընտրությունների արդյունքները վիճարկել փորձողներ։ Մեր այս հիշեցմանը պրն Բաբուխանյանն այսպես արձագանքեց. «1998-ի ընտրություններում պարտված հիմնական կողմը, որ հավակնում էր հաղթանակի՝ Կարեն Դեմիրճյանն էր եւ իր կողմնակիցները, որ հետո միավորվեցին ՀԺԿ-ում։ Ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ Կարեն Դեմիրճյանը՝ նման հայտարարություն չեն արել՝ ի տարբերություն Վազգեն Մանուկյանի եւ Ազգային դաշինքի»։ Մինչդեռ Կարեն Դեմիրճյանը ընտրությունների առաջին փուլից հետո էր Վազգեն Մանուկյանի, Պարույր Հայրիկյանի, Սերգեյ Բադալյանի եւ Դավիթ Շահնազարյանի հետ միասին հայտարարել, որ «ընտրություններն անցնում են մեծ չափերի հասնող օրինախախտումներով, կեղծումների եւ ահաբեկումների մթնոլորտում»։ Նաեւ հայտարարել էր, որ այդ արտահերթ ընտրությունները՝ «անկախ արդյունքներից, չեն կարող համարվել ազատ եւ արդար»։ Իսկ արդեն երկրորդ փուլից հետո Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները «մեղմ ասած, ճիշտ չեն արտահայտում իրական պատկերը» եւ, որ «բազմաթիվ են կեղծիքների, ահաբեկչությունների, ընտրակաշառքների, զեղծարարությունների, թվերի եւ փաստերի ակնհայտ չարափոխումների դեպքերը»։ Ընդ որում, նաեւ նշել էր, որ դրանք «առանձին՝ հետաքննության առարկա» են։ Այս ամենի վերաբերյալ մեր հիշեցմանը Հայկ Բաբուխանյանի պատասխանն էր. «Կարեն Դեմիրճյանը չի՛ բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Եվ դա սկզբունքային տարբերությունն է 1996-ի ընտրություններից, երբ Վազգեն Մանուկյանն ու «Ազգային դաշինքը» ոչ միայն բողոքարկեցին, այլ գործը հասավ Ազգային ժողովի դռները եւ որոշ մարդկանց գլուխները ջարդելուն։ Ընդդիմության կեսը ձերբակալվեց, կեսն էլ ստիպված մտավ ընդհատակ»։ Արձանագրե՞նք, որ եթե դռներ ու գլուխներ են ջարդվում՝ դրանց առիթ դարձած ընտրությունների արդյունքները ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկա կարող են դառնալ։ Իսկ եթե նախագահի թեկնածուն անթույլատրելի է համարում հասարակության պառակտումը եւ չի դիմում դրան նպաստող գործողությունների՝ պատմության այդ էջը կարելի է թեթեւությամբ շրջել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել