Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 16,2000 00:00

«ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, հաշվի առնելով, որ «Հայարտոնագիր» վարչության բողոքարկիչ խորհուրդը սույն թվականի օգոստոսի 30-ին անվավեր է ճանաչել «Գրեյթ Արարատ» ապրանքանշանը, որոշել էր 2000 թ. գնել 10.000 տոննա խաղող։ Սակայն օրեր անց «Հայարտոնագիրը» տեղեկացրեց ԵԿԳ-ին, որ «Գրեյթ Արարատը» դեռեւս իրավունք ունի այդ ապրանքանշանով արտադրանք առաքել, անկախ նրանից՝ պիտակը գրանցված է, թե ոչ։ Սեպտեմբերի 13-ին գյուղնախարարությունը եւս ԵԿԳ-ին տեղյակ է պահել «Գրեյթ Արարատ» ապրանքային նշանով արտադրանքի արտասահման առաքելու հարցում «Գրեյթ Արարատ» ընկերությանը արված զիջումների մասին։ Այս որոշումների արդյունքում ԵԿԳ-ն, իրեն խաբված համարելով, որոշել է հետաձգել խաղողի մթերումը եւ չսկսել այն խոստացված օրը՝ սեպտեմբերի 18-ին։ Այս առիթով ԵԿԳ-ի նախագահ Պիեռ Լառեչը հարցա-զրույց տվեց մեր թերթին։ Պրն Լառեչն ասաց, որ ՀՀ-ում գործող օրենքներն այնքան էլ խիստ չեն եւ կուտակված խնդիրները, երկրի կառավարությունը ոչինչ չի անում, որպեսզի լուծվեն։ Լառեչի ասելով, խաղողագործ գյուղացիները տեղյակ են ընկերության խնդիրներին եւ «գյուղացիների զայրույթը շատ մեծ է եւ վտանգավոր եւ առաջիկայում պայթունավտանգ իրադրությունը չի բացառվում։ Գյուղացիների զայրույթը ուղղված է ոչ թե «Պեռնո Ռիկարի», այլ՝ կառավարության դեմ»։ Լառեչի ասելով, ձեռնարկությունը խաղող մթերելու անհրաժեշտություն չունի, եւ ինքն այդ մասին հայտնել է նաեւ գյուղնախարար Զավեն Գեւորգյանին. «Ես առաջարկել էի գյուղնախարարին խաղողի բերքահավաքից հետո հավաքել խաղողով զբաղվողներին եւ քննել տեղի ձեռնարկությունների զարգացման հեռանկարները։ Այսօրվա դրությամբ պահանջվածից ավելի խաղող է արտադրվում։ Մինչդեռ նախարարը կարծում է, թե իրենք խաղողն իրացնելու խնդիր չունեն, բայց այն փաստը, որ նա մեզ փորձում էր համոզել 10 հազարի փոխարեն 15 հազար մթերել, արդեն ինչ-որ բան նշանակում է»։ Վերադառնանք «Գրեյթ Արարատի» խնդրին։ Պիեռ Լառեչը հայտնեց, որ «Եթե ապրանքանշանը չեղյալ է հայտարարվել, ապա ընկերությունը իրավունք չունի արտադրել եւ արտահանել տվյալ ապրանքը»։ Պիեռ Լառեչն առաջարկում է կատարել «Գրեյթ Արարատի» ունեցվածքի հաշվառում (խոսքը պատրաստի արտադրանքի մասին է), ինչպես նաեւ՝ արգելել եղած պաշարների վաճառքը, իսկ ապրանքանշանները ոչնչացնել։ Որպեսզի կանխվի արտադրանքի արտահանումը, պրն Լառեչն առաջարկում է հսկողություն սահմանել օդանավակայանում։ Փաստորեն «Գրեյթ Արարատի» ապրանքանշանը անվավեր ճանաչելու «Պեռնո Ռիկարի» առաջարկը կատարվել է մասամբ։ «Գրեյթ Արարատի» կողմից միայն երեք աստղանի կոնյակի պիտակի համար է գրանցման հայտ ներկայացվել, իսկ 4 եւ 5 աստղանին ներկայացվել են մեկ այլ ձեւով։ Ստացվում է շփոթություն, որովհետեւ «Հայկական բրենդին» կամ «Հայկական կոնյակը» ապրանքային նշան չէ եւ, «Գրեյթ Արարատը», օգտվելով այս շփոթությունից, նույն արտոնագրով, նույն ապրանքային նշանով վաճառում է նաեւ 4 եւ 5 աստղանի կոնյակը։ Փաստորեն «Պեռնո Ռիկարին» «Հայարտոնագիր» վարչությունը հայտնում է, թե երեք աստղանին անվավեր է ճանաչվել, որ «Արարատ» ապրանքանշանը անվավեր է ճանաչվել, բայց ֆրանսիացիները երկուշաբթի օրը Մոսկվայում գնել են «Գրեյթ Արարատի» 3, 4, 5 աստղանի կոնյակ։ Փաստորեն, ապրանքային նշանն անվավեր է ճանաչվել օգոստոսի 30-ին, միաժամանակ ասվում է, թե «Գրեյթ Արարատը» 6 ամսվա ընթացքում իրավունք ունի բողոքարկել տվյալ որոշումը. «Մի կողմից ասվում է, թե խնդիրը լուծված է, մյուս կողմից, եթե հիմնվենք գյուղնախարարի հայտարարություններին, ապա «Գրեյթ Արարատը» կարող է 6 ամսվա ընթացքում արտադրել եւ առաքել։ Ուրեմն ինչպե՞ս է խնդիրը լուծված»,- հարցնում է Պիեռ Լառեչը։ Պրն Լառեչը ուշադրություն հրավիրեց մեկ այլ խնդրի եւս. «Մեկ այլ ընկերություն՝ Արտաշատի գործարանը, 5 աստղանի կոնյակի հայտ է ներկայացրել։ Փաստորեն հայտը ներկայացվել է մեկ պիտակի համար, բայց ռուսական շուկա է ուղարկվել բոլորովին այլ պիտակ, որը կրկնօրինակում է մեր պիտակը։ Մեզ ասում են, թե այդ պիտակը անօրինական է, սակայն իշխանություններն ինչպե՞ս կբացատրեն այն փաստը, որ 10 օր առաջ այդ անօրինական պիտակով մեկ ինքնաթիռ լիքը կոնյակ առաքվեց արտասահման։ Հենց սա է պատճառը, որ մեր մեջ կասկած կա այն ամեն ինչի նկատմամբ, ինչ ասվում է «Գրեյթ Արարատի» մասին»։ Այս ամենը Պիեռ Լառեչը որակեց «ոտնձգություն մտավոր սեփականության իրավունքի դեմ»։ Իհարկե, հասկանալի է, խաղողի բերքահավաքի ամենաբուռն պահին խաղող մթերելուց հրաժարվելը խիստ վնասաբեր է հայ գյուղացու համար։ Թեպետ գյուղնախարարը դեռեւս ամռան սկզբին հայտարարեց, որ եթե «Պեռնո Ռիկարը» առաջիկայում խաղող չմթերի, ապա երկու տարուց տեղի ձեռնարկություններն այլեւս իրենք այնքան խաղող կմթերեն, որ «Պեռնո Ռիկարին» խաղող չի մնա։ Կարծես թե այս հանգամանքից «Պեռնո Ռիկարն» իրեն այնքան էլ վատ չի զգում, քանի որ չի մոռանում հայտարարել, թե իրեն առաջիկա 25 տարիների համար խաղող հարկավոր չէ եւ, որ ինքը պարտավոր չէ խաղող մթերել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ.Գ. Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է ԵԿԳ-ի տնօրինության՝ «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ «Հայարտոնագիրը» բավարարել է ԵԿԳ-ի բողոքը եւ անվավեր ճանաչել «Գրեյթ Արարատ» ընկերության «Great Ararat company» բառային արտահայտությունը ներառող երեք աստղանի կոնյակի համար գրանցված պիտակի տեսքով ապրանքային նշանը: Ինչ վերաբերում է 4 եւ- 5 աստղանի նույնատիպ պիտակներին՝ դրանք գրանցված չեն արտոնագրային վարչությունում, եւ դրանց օգտագործման օրինականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: ԵԿԳ-ի կողմից այս տարի 10 հազար տոննա խաղողի մթերման հարցը մնում է օրակարգում, ավելին՝ «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ Փարիզի իրենց ընկերության ղեկավարության հետ այժմ բանակցություններ են վարում լրացուցիչ եւս 5 հազար տոննա մթերելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել