Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 16,2000 00:00

ԱԺ-ում միմիայն ժողովրդի՛ ընտրյալներն են Արարատի մարզի առաջին ատյանի դատարանն օրերս մերժեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով թ. 29 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Հրայր Թովմասյանի գրանցումը։ Սակայն պրն Թովմասյանը համոզված է, որ դատարանի վճիռը ապօրինի է։ Բանն այն է, որ վերոնշյալ ընտրատարածքում գրանցվել է 8 թեկնածու, որոնցից մեկը ոչ անհայտ Միհրան Մովսիսյանն է՝ Շմայսի եւ Մուշեղ Մովսիսյանի հորեղբոր տղան, Ազատամարտի վետերանների միության անդամ։ Ըստ Հրայր Թովմասյանի՝ ինքն օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով անց է կացրել իր ստորագրահավաքը եւ ՄԸՀ է ներկայացրել 817 ստորագրություն։ ՄԸՀ-ի երկու անդամներ՝ քարտուղար Ալինա Լալայանն ու Սերժիկ Սարգսյանը ընտրանքային կարգով 16 ստուգված ստորագրությունների միջեւ գտել են, որ 6-ն անվավեր են։ ՄԸՀ-ում նիստի ժամանակ Հրայր Թովմասյանին գրանցելու հարց դրվեց, սակայն այն չքվեարկվեց։ Նիստի հաջորդ օրը Միհրան Մովսիսյանը դիմում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան՝ պրն Թովմասյանի գրանցումն անվավեր ճանաչելու հայցադիմումով, թեեւ օրենքով դրա իրավունքը չուներ։ Մասնագիտությամբ իրավաբան պրն Թովմասյանը այդպես դա մեկնաբանեց, որ ըստ Սահմանադրության 38 հոդվածի եւ քաղդատօրի՝ քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված իր իրավունքները ոտնահարվում են։ Իսկ Մ. Մովսիսյանը դատաքննության ընթացքում հայտարարեց, որ Հ. Թովմասյանին գրանցելով՝ իր որեւիցե իրավունք չի խախտվում։ Պրն Թովմասյանն այլ կռվան եւս ունի. «Եթե անգամ իրավաբանորեն հիմք ընդունենք, որ իմ ստորագրությունների 16-ից 6-ը անվավեր է, ապա ես, ըստ Ընտրական օրենսգրքի, դարձյալ պետք է գրանցվեմ, քանի որ այդ դեպքում իմ ստորագրությունների ընդհանուր թվի՝ 817-ի մեջ դա անում է 306։ 817-306=511։ Իսկ գրանցվելու համար անհրաժեշտ է 500-ից ավելի ստորագրություն»։ Մեր այն հարցին՝ մի՞թե ինքն ընտրվելու ամենամեծ հավակնությունն ունեցող թեկնածուն է, որ Մ. Մովսիսյանը իր դեմ սկսել է պայքարել, պրն Թովմասյանը պատասխանեց, որ իր՝ մրցապայքարից դուրս գալու դեպքում լինելու է միայն ուժի եւ փողի մրցապայքար. «Միհրան Մովսիսյանն իմ համագյուղացին է։ 3-4 օր առաջ մի մե՜ծ պատվիրակությամբ եղել է մեր տանը՝ ասելով, որ մենք իրար խանգարելու ենք, եւ, եթե ես իմ թեկնածությունը հանեմ, ինքը հաստատ կընտրվի։ Ես նրան մերժել եմ»։ Թեեւ Արարատի մարզի առաջին ատյանի դատավոր Ելենա Քոչարյանը վճիռ է արձակել չգրանցել Հրայր Թովմասյանին, իսկ վճիռը վերջնական է եւ վերանայման ոչ ենթակա, սակայն պրն Թովմասյանն արդեն պատրաստել է վերաքննիչ բողոք եւ օրերս կդիմի վերաքննիչ դատարան։ Եթե այնտեղ բողոքը չընդունեն, ապա «ես կհրավիրեմ մամուլի ասուլիս եւ կներկայացնեմ ողջ իրականությունը»։ Հետաքրքիր է, որ պրն Թովմասյանը մեկուկես ամիս առաջ է պաշտպանել իր թեկնածուական թեզը՝ «Հայ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնախնդիրները» թեմայով. «Եթե ես՝ գտնվելով այդ համակարգում, չեմ կարողանում պաշտպանել իմ իրավունքները, ապա ի՞նչ պիտի ասեն ուրիշները»,- վերջում դառն իրականությունը արձանագրեց Հրայր Թովմասյանը։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել