Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԲԱԺԻՆ ՉՀԱՍԱՎ

Սեպտեմբեր 16,2000 00:00
Garnik Isa

Երեկ խմբագրություն էր այցելել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ պատմել, թե ինչպես է ինքը Մասիսի պետավտոտեսչությունում տեխստուգում անցել: Սեպտեմբերի 12-ին նա, հավաքելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացել էր այդ գործով զբաղվող ավագ լեյտենանտ Ստյոպային: Վերջինս թե՝ ոչ բոլոր փաստաթղթերն են առկա: Շատ արագ պարզվեց, որ բացակայող «փաստաթուղթը» հինգ հազար դրամն է: Պրն Իսագուլյանի միամիտ հարցին, թե արդյո՞ք դա օրենքով մուծվելիք գումար է, Ստյոպան պատասխանեց. «Եթե օրենքով լինի, դու մի տարի կգնաս-կգաս»: Իսկ երբ նախկին պատգամավորն ասաց, թե չի պատրաստվում ոչ մեկին կաշառք տալ, Ստյոպան (ի դեպ, այլ մարդկանց ներկայությամբ) հայտնեց, թե այստեղից ոչ ոք առանց հինգ հազարի դուրս չի եկել, որ այդ գումարից ՆԳ նախարարին էլ է հասնում, եւ այդ հաշվարկով նրան տվել են հստակ քանակությամբ կտրոններ:

«Առավոտի» միջոցով պրն Իսագուլյանը խնդրեց փոխանցել Հայկ Արտեմիչին, որ նա չբարկանա ավագ լեյտենանտ Ստյոպայի վրա՝ տվյալ հինգ հազարի «փայը» նախարարին չհասցնելը պայմանավորված է բացառապես իր՝ Իսագուլյանի համառությամբ:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՎԵՑ։ ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ

dat

Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ամրահ Պետրոսյանը, ըստ էության, ավարտեց զինվոր Սոս Սարգսյանի սպանության գործի դատաքննությունը՝ մեղադրյալ Լադիկ Հարությունյանին դատապարտելով 11 տարի ազատազրկման (պատիժը նա պետք է կրի ուժեղացված ռեժիմի գաղութում)։ Այս դատաքննության լուսաբանմանը զուգահեռ կողմերի մրցակցության հավասար պայմանները հարգելու սկզբունքով առաջնորդվելով, մենք էջեր ենք տրամադրել թե՛ Լադիկ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Վլադիմիր Յավրումյանին եւ թե՛ գործով մեղադրող, զինդատախազ Հակոբ Մարտիրոսյանին։

Խմբագրություն եկած զինվորի մոր՝ Ռուզաննա Սարգսյանի կարծիքով, խիստ պատիժ պիտի լիներ ե՛ւ Կարեն Քոչարյանի նկատմամբ, ե՛ւ սպաների. «Միայն Սոսը չէր։ Եվ միայն Լադիկը չէր։ Հրամանատարական կազմի թողտվության պատճառով ոչ մի զինվոր դասալիք չի լինի եւ ոչ մի զինվոր… չի սպանվի»։ Նա, այնուհանդերձ, մխիթարվում է նրանով, որ իր տղայի՝ Սոսի վրայից «ինքնասպան եղավ» պիտակը հանվեց եւ պարզվեց, որ… իրականում նրան սպանել են։ Մեր ունեցած տեղեկություններով, Լ. Հարությունյանն արդեն դիմել է զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ վիճարկելու համար առաջին ատյանի դատարանի վճիռը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930