Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 16,2000 00:00

Պարույր Հայրիկյանը Հասարակության կողմից փոքր-ինչ մոռացված պալատական իրավապաշտպանը որոշեց հիշեցնել իր գոյության մասին՝ ասուլիս տալով չափազանց արդիական թեմայով: Նա բացատրեց լրագրողներին, որ ա/ սեպտեմբերի 21-ը ոչ թե անկախության տոն է, այլ ազգային ինքնորոշման տոն (գիտական անվանումը՝ Պարույր Հայրիկյանի անվան ԱԻՄ տոն) եւ բ/ իր բոլոր տոներով հայ ժողովուրդը պարտական է Պարույր Հայրիկյանին: Դա, իհարկե, բացարձակ ճշմարտություն է, բայց՝ ոչ ամբողջական: Պարզապես անսահման համեստությունը խանգարում է պրն Հայրիկյանին բացահայտել, որ Հայկը, Բելը, Գրիգոր Լուսավորիչը եւ Վարդան Մամիկոնյանը Պարույր Հայրիկյանի սկզբնական վերամարմնավորումներն էին: Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Մարգարյանը Անցած շաբաթ միանգամայն պարզ դարձավ, որ վերջին ամիսներին չի անցկացվել անվտանգության խորհրդի նիստ: Պատճառը, հավանաբար, հետեւյալն է. երկրի իրական տերերը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, տեսնում են, որ ԱԺ նախագահն ու վարչապետը թե՛ իրենց քաղաքական քաշով եւ թե՛ մտավոր ունակություններով ամենեւին էլ պիտանի չեն, որպեսզի նրանց հետ նստեն եւ բաց քննարկեն երկրի անվտանգության նուրբ խնդիրները: Այդ երկուսը առանց քննարկման էլ կանեն այն, ինչ կհրամայեն Քոչարյանն ու Սարգսյանը: Արդյունքում, ամեն մարդ ի վերջո ստանում է այն վերաբերմունքը, որին ինքն արժանի է: Ստեփան Դեմիրճյանը Օգոստոսին փորձ անելով ՀԺԿ-ին որոշակի դինամիզմ հաղորդել, պրն Դեմիրճյանը շատ արագ կողմնորոշվեց եւ հասկացավ, որ իր ծագումով, իր կազմով եւ իր առաջնորդի բնավորությամբ ՀԺԿ-ն նոմենկլատուրային-իշխանամերձ երեւույթ է: Դարձի գալով փափուկ եւ վտանգներից զերծ հարազատ միջավայր, ՀԺԿ-ականները կշարունակեն իրենց վայելքներով լի անխռով կյանքը, իսկ հասարակությունը նրանց մասին շատ արագ կմոռանա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել