Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 15,2000 00:00

Ախորժակը ուտելուց է բացվում «Դատելու ենք ձեզ, եւ դատողներից մեկը ես եմ լինելու»,- «նախկիններին» անընդհատ այսպես էր «վախեցնում» ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանը։ Այսօր պրն Հակոբյանը «դատելու» մասին կարծես թե չի խոսում։ Համակարգող նախարարն այսօր ավելի լուրջ գործեր ունի՝ ամառանոց է կառուցում Ջրվեժի ամառանոցային թաղամասում։ Այստեղ բազմաթիվ մեծ ու փոքր, հարուստ եւ ոչ այնքան հարուստ ամառանոցներ կան։ Վլադիմիր Մովսիսյանինն ու նրա որդունն, օրինակ, ավելի համեստ չափերի են, խորհրդային ժամանակներից մնացած, քիչ չեն նմանատիպ ամառանոցները, որոնց վրա «վաճառվում է» ցուցանակ կա։ Իսկ ընկեր Հակոբյանն ակնհայտորեն չի պատրաստվում վաճառել։ Նա կառուցում է սերունդների համար։ Քաղաքաշինության գործունեությունը ընկեր նախարարն այստեղից է սկսել համակարգել։ Ամառանոցում օրնիբուն աշխատում են, ավազն ու այլ շինանյութերը բերվում են՝ հենց որ հարկավոր է, տան պատերը բավականին բարձրացած են, բակում կլինի նաեւ լողավազան, այլ հարմարություններ։ Տնկված են պտղատու ծառեր։ Եթե հարեւան ամառանոցները պարզապես ցանկապատված են, այս մեկը երկաթբետոնե պարիսպ ունի, մոտ 3 հազար քմ տարածք է զբաղեցնում։ Երեւի Վանո Սիրադեղյանի այնքան «չարչրկված» տունը երկու անգամ կտեղավորվի կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի ամառանոցային տարածքում։ «Մի դատիր, որ չդատվես»՝ զգուշացնում է Աստվածաշունչը։ Մենք պարզապես փաստն ենք արձանագրում սերունդների համար, որպեսզի հետո եկող իշխանություններն էլ իմանան, թե նաեւ ում մասին պետք է ասեն. «Դատելու ենք ձեզ, եւ դատողներից մեկը ես եմ»։ Ժամանակին խորհրդարանի երկրորդ խոսափողից պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը ոգեւորված ասում էր. «ՀՀՇ-ն 11 մլն է թալանել առանձնատներ կառուցելու համար»։ Մենք չասացինք, ինքն ասաց, որ առանձնատուն կառուցելու համար նախ «թալանել» է հարկավոր։ Եթե ամբողջ տարածքային կառավարումը պրն Հակոբյանն այսպիսի ջանասիրությամբ կառուցի, ապա Հայաստանում մնացած հայերը կսկսեն նախարարի թեթեւ ձեռքով ամառանոցներ կառուցել։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել