Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ՞

Սեպտեմբեր 15,2000 00:00
Vardan mkrtchyan

Երեկ ճեպազրույցի ընթացքում «Առավոտը» «Միասնություն» խմբակցության քարտուղար եւ ՀԺԿ ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեց. քանի որ ՀՀԿ-ն իրենցից պահանջում է վերանայել առանցքային այն խնդիրները, որոնց շուրջ նախկինում հակադիր բեւեռներից էին հանդես եկել՝ հանուն հաշտության իրենք պիտի այժմ հայտարարեն, թե պաշտպանո՞ւմ են Անդրանիկ Մարգարյանի թեկնածությունը, ամբողջական պատասխանատվությո՞ւն են ստանձնում կառավարության գործունեության համար, իսկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման օրենքին էլ «կո՞ղմ» էին, ուղղակի թյուրիմացաբար քվեարկեցին «դեմ»։ Վարդան Մկրտչյանը մեր հարցը նախ որակեց «ոչ կոռեկտ», հետո կշտամբեց, թե ՀԺԿ-ին ցանկանում ենք որոշում պարտադրել եւ, վերջապես, պատասխանեց, որ իրենց ընդունած որոշումները եւ դիրքորոշումները հիմնված են լինում երկարատեւ ու լուրջ քննարկումների վրա. «Եվ ես չեմ կարծում, որ դիրքորոշումների մեջ ինչ-որ փոփոխություններ կարող են լինել»։ Նա հնարավոր համարեց, որ կարող են միայն մեկնաբանություններ եւ պարզաբանումներ ներկայացվել իրենց դիրքորոշումների վերաբերյալ։ Ի դեպ, այդ հիմնավորումները հանրահայտ են։

ԴԻՄԱՑԵՔ, ՀԱՅԵ՛Ր

Arthur bagdasaryan

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ամիսներ առաջ հայտարարել էր, թե հայկական ծագում ունեցող միլիոնավոր դոլարներ են պտտվել օֆշորային գոտիներում եւ խոստացել ներկայացնել ասվածը հաստատող հրապարակումներ։ Երեկ «Առավոտի» հիշեցմանն ի պատասխան, որ մինչ այժմ էլ այդ խոստումը կատարված չէ՝ պրն Բաղդասարյանը նոր խոստում տվեց, թե այդ նյութերը կներկայացվեն փաթեթով՝ նաեւ հափշտակված գումարների վերաբերյալ տվյալների հետ միասին։

ПАЛКА, АНТЕННА, ОГУРЕЧИК, ПОЛУЧИЛСЯ САДОЯНЧИК!

Սեյրան Ավագյանը ճեպազրույցում իրեն տրված հարցին՝ ԱԺՄ-ում առկա թեւերի մասին, պատասխանեց. «ԱԺՄ յուրաքանչյուր անդամ ունի երկու թեւ, երկու ոտք, բայց, ինչպես բոլոր մարդիկ՝ մեկ գլուխ։ Երկրորդ գլուխը չի առաջացել»։ Քիչ անց, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք ԱԺՄ-ն մտադի՞ր է մասնակցել Արշակ Սադոյանի նախաձեռնած հավաքին, որտեղ իշխանություններից պահանջելու են փոխել ներկա քաղաքականությունը, Սեյրան Ավագյանը միայն ասաց. «Պրն Սադոյանն ամենամոտիկն է կանգնած հասարակությանը եւ առաջինն է իր անտենան կլանում հասարակության անհանգստությունները»։ Ըստ այդմ, պարզ դարձավ, որ ի տարբերություն այլ ԱԺՄ-ականների, որոնք միայն գլուխ ունեն՝ Արշակ Սադոյանը նաեւ անտենա ունի։

Ա. Ի.

«ՍԱ ԱՆՀԵԹԵԹ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է»

Tigran Torosyan

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ճեպազրույցում հերքեց հրապարակված այն լուրը, թե ինքը 95-96 թվականներին «Լրաբեր» հեռուստածրագրում զբաղվել է գրաքննությամբ՝ հօգուտ ՀՀՇ-ի. «Ես հայտարարում եմ, որ ՀՀՇ-ի օգտին բացարձակապե՛ս, երբե՛ք, ոչի՛նչ չեմ արել»։ Պրն Թորոսյանը նաեւ նշեց, թե 1995-ի եւ 1996-ի ընտրությունների ընթացքում որեւէ կապ չի ունեցել Հայաստանի պետական հեռուստատեսության հետ եւ որեւէ հաղորդման չի մասնակցել. «Առավել եւս՝ գրաքննիչի դերում։ Կարծում եմ, ամեն ինչ արդեն հասնում է անբարոյականության։ Ակնհայտ է նման բաներ անելու նպատակը. կեղծիք, զրպարտանք՝ ամեն ինչ տանել բամբասանքների եւ ասեկոսեների ճահիճը։ Երեւի շատերին դուր չի գալիս, որ կամաց-կամաց առողջանում է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգը։ Բայց եթե փաստեր կան՝ թող հրապարակվեն եւ ամեն մեկը պատասխան տա, թե երբ եւ ինչ է արել»։

ՕԳՈՒՏ

Davit loqyan

ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը լրագրողներին հայտնեց, որ էներգետիկ զեկույցում բերված փաստերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովը (որը գլխավորում է ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանը) արդեն իսկ որոշ գումարների հետ վերադարձման խնդիրներ է կարգավորել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Թուրթրեյդի», «Դվինի» եւ «Հայռուսգազարդի» հարկային պարտավորություններին։

ՊՈՒՏԻՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է

putin

«Թայմս» թերթը սեպտեմբերի 13-ին՝ վկայակոչելով ուկրաինական հատուկ ծառայություններին, տեղեկացրել է, թե վերջիններին հաջողվել է կանխել ՌԴ նախագահ Պուտինի մահափորձը։ Այն ծրագրված է եղել իրագործել «Կուրսկ» ատոմային սուզանավի դրամատիկ իրադարձությունների ֆոնի վրա՝ նավի վթարի հենց հաջորդ օրը։ Հիշեցնենք, որ այդ օրերին Յալթայում տեղի էր ունենում նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը։ Լ.Դերկաչն ասել է, թե մահափորձը հնարավոր է եղել կանխել արտասահմանյան հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկությունների շնորհիվ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 4 չեչեն եւ Մերձավոր Արեւելքի մի քանի քաղաքացիներ։

ԲԱ ՄԵՐ ՋԱՆԸ…

benzin

Արեւմտյան Եվրոպայում վառելիքի ճգնաժամ է սկսվել։ Բենզինի գինը շեշտակի աճել է, բենզալցման կայաններից շատերը փակ են, մյուսներում սոսկալի հերթեր են առաջացել։ Մարդիկ վառելիք են պահեստավորում «կանիստրերով»։ Իսկ շատերը գերադասում են քայլել ոտքով կամ հեծանիվով։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930