Մամուլի ներկայացուցիչների հավատարմագրում՝ ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու գործով դատավարությունը լուսաբանելու համար չի կատարվելու: Այս մասին հայտնել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը, որը նախագահելու է դատավարությունում: «Սակայն,- նշել է Ալեքսանյանը,- դատարանի դահլիճում լրագրողների գործունեության իրականացման հարցը կլուծվի առաջին դատական նիստի սկզբում»:
Սուրեն Ալեքսանյանը հայտնել է, որ տվյալ գործը վերաբերում է առավել ծանր պետական հանցագործությունների շարքին եւ կարծիք հայտնեց, որ դատավարությունը շատ ժամանակ կպահանջի: Նա հայտարարել է, որ դատավորների աշխատանքի համար լրացուցիչ դժվարություններ են առաջացնում «դատավարության շուրջ ԶԼՄ-ների կողմից ստեղծված ավելորդ աժիոտաժը»:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Կարդացեք նաև
Այսօր, երբ գործարարները հստակորեն բաժանվում են յուրայինների եւ ոչ յուրայինների, վերջիններիս բիզնեսի գլխին լուրջ վտանգ է կախվել: Կատարելով վերեւից եկող «ֆա՛ս» հրահանգը, իրավապահ մարմինները սկսել են «ստվերային տնտեսության եւ չարաշահումների դեմ» չափազանց ընտրովի պայքար: Այսօր հայտնի գործարար եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է: «Առավոտը», որ 1997 թվականի փետրվարից որեւէ գործնական առնչություն չունի այդ բիզնեսմենի հետ, շնորհավորում է նրա ծնունդը եւ մաղթում արիություն:
ՀԱՅ ԴԱՏԸ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մի մամլո հաղորդագրությամբ տեղեկացվում է, թե սեպտեմբերի 14-ին, օրվա երկրորդ կեսին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում տեղի է ունենալու ունկնդրություն Հայոց ցեղասպանության թիվ 398 բանաձեւի վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնախմբի միջազգային գործառնությունների ենթահանձնախումբը, որի նախագահն է ներկայացուցիչ Քրիս Սմիթը, պատրաստվել է քննարկելու այդ օրինագիծը, եւ ենթահանձնախմբի դրական քվեարկությունը կօժանդակի թիվ 398 բանաձեւը փոխանցելու Ներկայացուցիչների պալատ՝ քվեարկության համար:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՀԵՐՔՈՒՄ
Աջափնյակ համայնքի թաղապետարանի լրատվության եւ քարտուղարության բաժինը տեղեկացնում է, որ 14.09.2000թ. «Առավոտ» օրաթերթում «Հարկադիր արձակուրդ» վերնագրով հոդվածը չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում ենք, որ թաղապետ Ռ. Մկրտչյանը արձակուրդում չէ, այլ գտնվում է գործուղման մեջ։ Գործուղման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գտնվում են թաղապետարանում։ Թաղապետի տեղակալ Կ. Իգիթյանը արձակուրդ է գնացել համաձայն թաղապետարանում գործող արձակուրդային գրաֆիկի։ Տեղեկացնում ենք նաեւ, որ թաղապետի խորհրդական, թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն. Տիգրանյանը որեւէ բարեկամական կապ չունի թաղապետ Ռ. Մկրտչյանի եւ նրա տիկնոջ հետ։