ԹՌՉԵԻՆ ՄՏՔՈՎ ՏՈՒՆ «Նայեք մեր կառավարության կազմին եւ ինքներդ դատեք. ես իմ տեղում եմ, թե ոչ»։ Վերջերս այսպիսի խորհուրդ տվեց տարեց նախարարներից մեկը։ Մեծի խոսքը լսել է պետք։ Կառավարության նիստի ընդմիջմանը փորձեցի նայել «մեր կառավարությանը»։ Տխուր պատկեր ստացվեց։ Պարզվեց՝ նախարարներից շատերը թռած են։ Նախարարաց մի խումբ մեկնել է ԱՄՆ՝ հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովին մասնակցելու։ Մի բուռ կառավարությունից հինգ ամբողջ նախարար որ բացակայի, այդ կառավարության օրը ո՞նց կլինի։ Այն էլ այնպիսի կարեւոր նախարարներ, ինչպես ֆինանսների եւ էկոնոմիկայինը (Լեւոն Բարխուդարյան), արդյունաբերության ու առեւտրինը (Կարեն Ճշմարիտյան), էներգետիկայինը (Կարեն Գալուստյան), արդարադատությանը (Դավիթ Հարությունյան), տրանսպորտի եւ կապինը (Էդ. Մադաթյան)։ Ինչպե՞ս կառավարվեն երկրի կարեւորագույն օղակները, երբ դրանց առաջին դեմքերը օվկիանոսից այն կողմ են թռչել։ Իսկ Ռոլանդ Շառոյանը (այս դեպքում՝ որպես սպորտի նախարար հանդես գալով) մեկնել է Սիդնեյ։ Ստացվում է, որ երկրում մնացել են խիստ ուժային նախարարները, կրթությանն ու գյուղատնտեսությանը, ինչպես նաեւ՝ սոցիալականն ու առողջապահությանը։ Այս օրերին երկրի կյանքը բուռն ծաղկում կապրի միայն վերոհիշյալ ոլորտներում, մյուս ոլորտները թող սպասեն։ Կառավարության նիստը (ավելի ճիշտ՝ նիստի ընդմիջումը) կիսատ-պռատ տպավորություն թողեց։ Լրագրողների հետ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանի զրույցները, սովորաբար, մեկ-երկու կցկտուր նախադասությամբ սկսվում եւ դրանով էլ ավարտվում են. սա այն ոլորտն է, որի մասին որքան քիչ խոսենք, այնքան լավ։ Սա պարոն Պետրոսյանի դիրքորոշումն է, որը թեպետ մենք չենք կիսում։ Որպեսզի զրույցն ինչ-որ կերպ ստացվի, պարոն նախարարին հարցրի, թե ինքն ի՞նչ կարծիքի է նախարարությունում իր սիմվոլիկ գոյության մասին։ Եթե իրոք այդպես է, ապա՝ ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանելիս՝ պարոն Պետրոսյանը նախ խորհուրդ տվեց նախարարության աշխատակիցներին հարցնել։ Իրոք, հետաքրքիր հարց ու պատասխան կլինի։ Ո՞ր աշխատակիցը օրը ցերեկով իր «շեֆի» մասին կասի, որ… Հետո էլ ԱԱ նախարարը խորհուրդ տվեց պաշտպանության նախարարին ուղղել հարցը։ Մենք էլ ուղղեցինք։ Սերժ Սարգսյանը հարցը «միֆ» որակեց եւ ասաց, թե այդպիսի հարցերի չի պատասխանում։ Հետաքրքիր է ինչո՞ւ՝ միֆ։ Մի՞թե նախարարների աշխատանքը «միֆ» է։ Վերջերս ստեղծված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետ Զարեհ Սարգսյանին խնդրեցինք ներկայացնել նորաստեղծ գործակալության նպատակն ու անելիքները։ Պարոն Սարգսյանն ասաց, որ գործակալության հիմնական խնդիրներն են պետության եւ համայնքների կարիքների համար կենտրոնացված գնումների կատարումը, կենտրոնացված գնումներին մասնակցության հավասարության իրավունքի ապահովումը, հրապարակայնության ապահովումը, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ ՀՀ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գնումների հետ կապված համագործակցության համակարգման աշխատանքներին մասնակցությունը, բազմաթիվ այլ խնդիրներ։ Գործակալության կանոնադրությանը եւ այլ հարցերի ավելի մանրամասն կանդրադառնանք քիչ ավելի ուշ։ Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, թե բուժօգնության մասով առողջապահության համակարգը ֆինանսավորվել է 27 տոկոսով։ Նախարարը խոստացավ, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը լրացուցիչ միջոցառումներ կիրականացվեն համակարգի լարվածությունը թուլացնելու նպատակով։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ