Երեկ «Հրաժարվեց» հրապարակման մեջ հիշատակել էինք, որ իր քաղհայցից հրաժարվել էր ՀՀ սոցիալական ապահովության նախարարության բուժվերականգնողական կենտրոն ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Երջանիկի Աբգարյանը։ Մեր ընթերցողների հեռախոսազանգերից կարելի էր վիճակագրությամբ որոշել, թե ո՞վ է ճանաչում մաքսայինի նախկին պետ Երջանիկ Աբգարյանին, նա որքան բարեկամներ եւ թշնամիներ ունի։ Սակայն, ի գիտություն մեր ընթերցողների, հայտնենք, որ Արթուր Աբգարյանը, երջանիկ պատահականությամբ, ձեր իմացած Երջանիկ Աբգարյանի որդին չէ։ Նա որդին է մեկ այլ Երջանիկի։
ՇԱՏ ԼԻՆԻ ՈՒ ՔԻՉ ՉԼԻՆԻ
Արդարադատության նախարարության կուսակցությունների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ այլ կազմակերպությունների գրանցման վարչության պետ պրն Մարգարյանից «Առավոտը» պարզեց, որ սույն թվականի օգոստոսի 29-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 1041 լրատվամիջոց։ Այդ թվում՝ 600 անուն թերթ, 165 անուն ամսագիր, 189 հեռուստախմբագրություն, 54 ռադիոկայան, 25 լրատվական գործակալություն։ Այս վարչությունում, միջին հաշվով, ամսական գրանցվում է 30-40 հասարակական կազմակերպություն։ Դրանց թիվն անցնում է 2265-ից։ Կուսակցությունների առումով նույնպես առատություն է նկատվում. ունենք 92 գրանցված կուսակցություն։
Կարդացեք նաև
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ» ԽՄԲԱԳԻՐԸ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ
ԼՂՀ պաշտոնաթերթ «Ազատ Արցախի» գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը, մեր ունեցած տեղեկություններով, դիմում է գրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար։ Սակայն դեռ որոշակի պատասխան չկա։