Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 14,2000 00:00

Երկիրը՝ սոցապ նախարարություն Խորհրդարանի անցագրային բաժնում միշտ բազմաթիվ այցելուներ կան։ Գալիս են գյուղերից ու քաղաքներից, գալիս են հիմնականում նրանք, ովքեր իրենց հարցերը այլ տեղերում լուծելու ճար չունեն։ Իզուր կախվում են ներքին հեռախոսներից, հարյուրավոր անգամ հավաքում են իրենց հարկավոր պատգամավորի հեռախոսահամարը եւ նույնքան անգամ գործավարուհին կամ տվյալ պատգամավորի օգնականը շատ բարեհամբույր պատասխանում է, որ նորին գերազանցություն պատգամավորը «նախագահի մոտ է» կամ՝ «խմբակցության նիստ է», վատագույն դեպքում՝ «նիստը դեռ չի ավարտվել»։ Գրեթե միշտ ընտրողներին խորհուրդ է տրվում իրենց ուզածը գրավոր տեսքի բերել եւ ներկայացնել։ Այդպես էլ արվում է։ Պատգամավորներին ուղղված բոլոր նամակները բացառապես ինչ-որ բան ուզելու նամակներ են՝ երեխայի ուսման վարձ, աշխատանք, հացի փող։ Այս եւ այս կարգի այլ սոցիալական պահանջներն ուղղվում են պատգամավորներին, ակնկալիքով, որ ինչ-որ օգնություն կտրվի։ Բայց պատգամավորը ո՞րը որին տա։ Լինում են հատուկենտ օգնություններ, այն էլ՝ բացառապես այն դեպքերում, երբ նամակագրի համար ինչ-որ մեկը կողքից բարեխոսում է։ Նամակներին հիմնականում խիստ բարեհամբույր պատասխաններ են տրվում. «Կներեք, բայց…»։ Ստացվում է, որ ամբողջ երկիրը դարձել է սոցապ նախարարություն՝ բոլոր ատյաններում միայն սոցիալական խնդիրներ են, սոցիալական պահանջներ, սոցիալական կծիկ։ Թեկուզ եւ այդպես է, բայց սոցիալական հարցերը որքան «գլոբալ» խորացել են, նույնքան գլոբալ էլ չեն լուծվում։ Վերջերս բոլորը խորհրդարանական թեժ աշունից են խոսում, սոցիալական թեժ աշնան կասկածները հեռու են վանվում։ Բայց, եթե այնպես պատահի, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ումի՞ց են իրենց ընտրյալ երեւակայողները վստահության քվե ակնկալելու։ Էլ չխոսենք նախագահական արտահերթի մասին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել