Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱ՞ԿԸ, ԹԵ՞ ՀՄԱՅԱԿԸ

Սեպտեմբեր 14,2000 00:00
hmayak hovhannisyan

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը մի քանի անգամ հրապարակավ ազդարարել էր, որ խորհրդարանի ներկայիս ղեկավարությունը նշանակել էր նախկին նախարար Վահան Շիրխանյանը։ Մինչդեռ մեզ փոխանցված տեղեկությունները բոլորովին այլ պատկեր էին ուրվագծում։

Ըստ այդմ, հոկտեմբերի 27-ից մի քանի օր անց, երբ պիտի որոշվեին ԱԺ ղեկավարների թեկնածուները՝ ՀԺԿ գրասենյակ էին եկել Վահան Շիրխանյանը եւ Ալբերտ Բազեյանը։ Նրանք փորձել էին ՀԺԿ-ականներին համոզել հրաժարվել մինչ պետական հեղաշրջման փորձը սահմանված ստատուս-քվոյից եւ ԱԺ նախագահի պաշտոնը զիջել ՀՀԿ ներկայացուցչին՝ Անդրանիկ Մարգարյանին։ Փոխարենը խոստացել էին նոր տեղեր կառավարությունում։ Ալբերտ Բազեյանը վստահեցրել էր, թե կհրաժարվի քաղաքապետի պաշտոնից՝ հօգուտ ՀԺԿ-ի ներկայացուցչի։ Այս բանակցություններին ներկա են եղել շուրջ 30-40 հոգի։

Գուցե թե ՀԺԿ-ականները չդիմանային էլ գայթակղությանը։ Սակայն այդ պահին հայտնվել էր ՀԺԿ քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը եւ հայտարարել, թե Արմեն Խաչատրյանը մարտական է տրամադրված ու պայմանավորվող «բարձր» կողմերին, որոնց արդեն միացել էին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Աստվածատուր Պետրոսյանը՝ տարել հիվանդանոց։

Այս ամենի ականատեսի տպավորությունն էր, թե Հմայակ Հովհաննիսյանը ցանկանում էր, որ Արմեն Խաչատրյանն ԱԺ նախագահ դառնա, եւ ազատվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղը, որի վերաբերյալ նրա հավակնությունները հայտնի էին։ «Ձեր այս հարցադրմամբ կասկածի եք ենթարկում, որ ես հայ եմ,- մեր զրույցից մի քանի օր անց ասաց Հմայակ Հովհաննիսյանը։- Քանի որ, եթե այդքան հզոր եմ, որ ԱԺ նախագահ նշանակեմ՝ ինչու այդ կարողություններս անմիջապես ինձ համար չօգտագործեցի։ Մանավանդ որ մտավոր ունակություններով Արմեն Խաչատրյանից պակաս չեմ»։

Իսկ ավելի վաղ, երբ դիմել էինք նրան խնդրելով հերքել կամ հաստատել ԱԺ ղեկավարի ընտրության հարցում իր գործուն դերակատարության հանգամանքը, Հմայակ Հովհաննիսյանը նախ նշել էր, թե, ըստ էության, իր հեղինակային գնահատականը չէ, որ ԱԺ ղեկավարությանը Շիրխանյանն է նշանակել. «Ընտրությունից անմիջապես հետո «Ռոյթըրը», «Ֆրանսպրեսը», «Ազատություն» ռ/կ-ը միանշանակ գնահատեցին, որ այս ԱԺ-ի ղեկավարությունը նշանակված է բանակի վերնախավի կողմից եւ այն դեմքերի, որոնք այն ժամանակ եղանակ էին ստեղծում հանրապետությունում։ Այո՜, իսկ այդ եղանակ ստեղծողները հենց վերջնագիր ներկայացրին հանրապետության նախագահին»։

Նշենք, որ շուրջ 20 րոպեանոց մեր զրույցի ընթացքում պրն Հովհաննիսյանը ոչ մի անգամ չհերքեց ԱԺ ղեկավարների շուրջ կուլուարային պայմանավորվածությունների վերոհիշյալ շարադրանքը։ Սակայն նախընտրում էր ուղիղ տրված հարցին՝ «Դո՞ւք եք պնդել Արմեն Խաչատրյանի թեկնածությունը», այսպես պատասխանել. «Իհարկե, ձգտում կար, որ անպայման ՀԺԿ-ի ներկայացուցիչներ լինեն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ՀԺԿ-ին ժողովուրդն այն ժամանակ վստահում էր՝ որպես նորաստեղծ, թարմ, կույս կուսակցության եւ գայթակղությունը մեծ էր, քանի որ հայտնի ուժերը տանիքի անհրաժեշտություն ունեին»։

Սրանից հետո պրն Հովհաննիսյանը նախընտրում էր առավել հանգամանալից անդրադառնալ իր նախասիրած թեմային՝ «հայտնի ուժերին», որ նրանք հասարակության համար փոքրիշատե ընդունելի քաղաքական դիմանկար չունեին, որ մարդիկ բնազդաբար զգում էին, թե ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ հասարակական-քաղաքական կյանքի ռազմականացումը եւ այլն։

Ուշադիր լսելով այդ ամենը, (ի դեպ, որի մասին «Առավոտը» 1998-ի փետրվարից է գրում)՝ Հմայակ Հովհաննիսյանին հիշեցրինք, որ նա այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե արդյոք իրոք Արմեն Խաչատրյանը ներկայիս պաշտոնում է հայտնվել ի՞ր գործուն աջակցությամբ։ «Իմ կարծիքն այն էր, որ այդ պայմաններում պետք է անպայման այդ տեղում ՀԺԿ-ի ներկայացուցիչը լիներ։ Նորից եմ կրկնում՝ եթե դա լիներ ոչ առանց հայտնի ուժերի մասնակցության…»։ Ընդհատեցինք՝ վերստին շեշտելու համար, թե պարզվում է՝ Անդրանիկ Մարգարյա՛նն էր հայտնի ուժերի նախընտրելի թեկնածուն։ «Դուք կասկածո՞ւմ եք, որ նրանք էին որոշում բոլոր հարցերը,- հարցին հարցով պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանը։- Ինչ վերաբերում է Արմեն Խաչատրյանին, ապա նրա մասին իմ կարծիքը միշտ եղել է միանշանակ։ Ես Դեմիրճյանին էլ եմ ասել, որ նա որեւէ մասնակցություն չի ունեցել կուսակցության ստեղծման գործում»։

Հմայակ Հովհաննիսյանը պատմեց, թե շոգ ամռանը ինչպես էր Արմեն Խաչատրյանը Մոնտե Կառլո մեկնել, այնժամ, երբ Կարեն Դեմիրճյանը մնացել էր իր աշխատասենյակում եւ այլն։ Չենք վերաշարադրի այդ զգայացունց մանրամասները, չնայած ընդհանրապես լրագրության ախորժելի պատառներից մեկն էլ նկարագրությունն է, թե ինչպես են գործիչները միմյանց «ոսկորները լվանում»։ «Եթե ես ինչ-որ մի տեղ համաձայնել եմ, որպեսզի Արմեն Խաչատրյանը լինի՝ եւ չեմ հակադրվել…»,- հազիվ էր Հմայակ Հովհաննիսյանը սկսել ըստ էության խոսել՝ ստիպված դարձյալ ընդհատեցինք. «Որակումը կարծես ճիշտ չէ՝ ոչ թե չեք հակադրվել կամ համաձայնել եք՝ այլ Դո՛ւք եք նախաձեռնել»։ Նա աննկուն շարունակեց նույնը. «Եթե ես չեմ հակադրվել՝ ապա այն նույն պատճառներով, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր համաձայնել, որ վարչապետ լինի Արամ Սարգսյանը։ Դա անհրաժեշտություն էր։ Այդ ժամանակ այն ուժերը, որոնք չէին էլ թաքցնում իրենց հարաբերությունները բանակի հրամանատարական անձնակազմի հետ՝ ամեն ինչ թելադրում էին այս երկրում։ Եվ եթե այդ պահին որեւէ մեկը փորձեր հակադրվել այդ ծրագրերին, ապա որեւէ հաջողության չէր հասնի՝ կարող էր միայն ավելի սրել իրավիճակը»։

Թերեւս ավելորդ էլ է նշել, որ հետեւեց էլի մի ընդարձակ տրակտատ քաղաքական դաշտի ռազմականացման վտանգավորության մասին։ «Ես շատ լավ գիտակցում էի, որ նշանակումները պետք է լինեն հենց այդպիսին։ Հայտնի էր, որ մեր կուսակցությունից հենց այդ մարդիկ էին անցնելու։ Եվ հնարավոր էր այդ տեղերը պահել միայն մի դեպքում, եթե ընդառաջ գնայինք այդ ցանկություններին։- Թերեւս հուսահատ հայացքս էր, որ պրն Հովհաննիսյանին ստիպեց վերադառնալ տրված որոշակի հարցին։ Բայց երեւի բավականաչափ հուսահատ չէի նայել նրան, քանի որ անմիջապես էլ 1999-ի նոյեմբերից անցավ 2000 թվական։- Եվ չէի սխալվել։ Վահան Շիրխանյանը փետրվարին կառավարության շենքում միջկուսակցական սակարկությունների ժամանակ Գագիկ Ասլանյանին առաջարկում էր ստանձնել փոխվարչապետի՝ համակարգող նախարարի պաշտոնը՝ նկատի ունենալով էլ ավելի ամրապնդել կառավարության ռազմականացված թեւի կապերը «Միասնություն» դաշինքի հետ»։

Հմայակ Հովհաննիսյանը հետո վերհիշեց, որ Մուշեղ Մովսիսյանի կալանավորման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում հրամկազմի ներկայացուցիչներ կային (ի դեպ, այդ մասին էլ ժամանակին գրեթե միայն «Առավոտը» գրեց), հետո էլի երկար խոսեց այն մասին, որ ժողովրդավարական երկրներին անհարիր է այն դերակատարությունը, որ ստանձնել էր բանակը, որը «Փա՜ռք Աստծո, ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով եւ այսօր կարծես հաջողվել է ամեն ինչ դնել իր տեղը»…

Այս ամենը դեռ ավելի երկար կշարունակվեր, բայց բարեբախտաբար թե դժբախտաբար՝ ձայներիզիս ժապավենն ավարտվեց։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930