Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 14,2000 00:00
Dataxazutyun

«Դատախազության մասին» օրենքի հոդված 5-ի համաձայն, «Գլխավոր դատախազը Հանրապետության նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաղորդում դատախազության գործունեության մասին»։ 1999 թվին նման մի կիսատ-պռատ հաղորդում գլխավոր դատախազը ներկայացրել էր, եւ այն վերաբերում էր դատախազության 98 թվականի գործունեությանը։ 99-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ Վանո Սիրադեղյանի կալանավորման միջնորդությունների ֆոնի վրա նախկին «Հանրապետություն» խմբակցությունը պնդում էր, որ հաղորդագրությունը ներկայացներ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Դատախազության 98 թ. գործունեության վերաբերյալ օրենսդիրները չպարզաբանված հարցադրումներ էին ուզում ուղղել հենց Ա.Հովսեփյանին։ Այս նախաձեռնությունը նստաշրջանի եռօրյա նիստերի օրակարգ այդպես էլ չընդգրկվեց։ Այս տարի, գլխավոր դատախազը դատախազության 99թ. գործունեության մասին հաշվետվություն դեռեւս չի ներկայացրել։

Իհարկե, ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, թե խմբակցությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել, բայց, չգիտես ինչու, ներկայացված մի քանի օրինագծերի թվում, այս նախաձեռնությունն էլ, նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել։

Սեփ. լր.

ՀՐԱԺԱՐՎԵ՛Ց

dat

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Գոռ Հակոբյան) երեկ ժ. 15.00-ին պետք է լսվեր ՀՀ սոցիալական ապահովության նախարարության բուժվերականգնողական կենտրոն ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Երջանիկի Աբգարյանի քաղհայցն ընդդեմ նույն կենտրոնի աշխատակից Սեդա Հարությունյանի։ Վերջինս «մեղադրվում» էր, որ հանդգնել է ալան-թալանի փոխարեն, այս գորշ ուրացումի օրերին, ստեղծել հանրապետությունում եզակի քաղբանտարկյալ Վարուժան Կարապետյանի անվան «Ոգեղեն ուժ» սոցիալական կենտրոն-թանգարանը։ Վերջինս Ս. Հարությունյանին էր տրվել օրենքով սահմանված կարգով նախկին տնօրեն Զոհրապ Ներսեսի Գրիգորյանի հրամանով (1997 թ. սեպտեմբերի 21-ին), ըստ նախագծի՝ «կինո-մշակութային դահլիճ»։ Ի դեպ, հայցվորն իր հայցապահանջում փորձել էր դատարանին թյուրիմացության մեջ գցել բազմաթիվ խեղաթյուրումներով, այդ թվում նշելով, թե «Ս. Հարությունյանին ժամանակավոր թույլ է տրվել սպորտդահլիճում… ցուցահանդես կազմակերպել»։ Բնականաբար, հայցի բովանդակությունը հարմարեցվել էր հայցվորի ցանկությանը՝ «վտարելու պահանջ» առաջացրել «ուրիշի ապօրինի տիրապետումից»։

Երեկ ընդհանրապես հայցվոր Արթուր Աբգարյանը չներկայացավ դատարան, փոխարենը նա դատարանին էր ներկայացրել (տառասխալներով) իր հայցը ետ վերցնելու մասին հրաժարականը։ «Հրաժարվում ենք «բուժվերականգնողական կենտրոնի» հայցադիմումից՝ Սեդա Հարությունյանի վերաբերյալ գործով, որը պետք է կայանար 2000 թ. սեպտեմբերի 13-ին»։ Հիշեցնենք, նախկին հայցվորին, որ հայցի անվանումն այսպիսին էր. «Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու՝ վտարելու պահանջի մասին» եւ ոչ թե թանգարանի հիմնադիր՝ «Սեդա Հարությունյանի գործով»։

Նկատենք նաեւ, որ հայցվորը սխալ էր գրել նաեւ վերոնշյալ դատարանի անվանումը։ Պատասխանող Սեդա Հարությունյանի հետ երեկ դատարան էին ներկայացել ճանաչված մտավորականներ, իրավապաշտպաններ, բժիշկներ։ Մեր տեղեկություններով 100 հազար քաղաքացիներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, հաշմանդամներ, ազատամարտիկներ, գիտության, մշակույթի երախտավորներ սպասում են իրենց խնդրագրերի պատասխանին,. ուղղված ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին, թանգարան-սոցիալական կենտրոնին կարգավիճակ տալու կապակցությամբ։

Ռ. Մ.

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ

karavarutyun

Նախաձեռնել էինք պարզել, թե կառավարությունն արդյոք իրականացրե՞լ է իր ծրագրի կատարումն ապահովելու կոչված միջոցառումները, որոնք նախատեսված էին օգոստոս ամսվա համար։ Սակայն երեկ շուրջ 10 նախարար բացակայում էին ԱԺ-ի հետ հարցուպատասխանից։ Իսկ ում հետ զրուցեցինք՝ բոլորը միանշանակ դրական պատասխաններ էին տալիս։ «Կատարել ենք։ Ամբողջությա՛մբ»,- ասաց, օրինակ, պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը։ Ըստ այդմ, նա օգոստոսին ապահովել է պետբյուջեի կատարման ընթացիկ ֆինանսական ծրագրերի իրատեսությունը, բարձրացրել հարկային կարգապահությունը եւ անհրաժեշտ նորմատիվային դաշտ ապահովել մաքսային նոր օրենսգրքի համար։ «Այո, մենք բարեխղճորեն կատարել ենք ամբողջ ծրագիրը»,- հպարտ հայտարարեց նաեւ Սերժ Սարգսյանը, չնայած մի քանի անգամ զննելով օգոստոսին նախատեսվող միջոցառումների ցանկը՝ չգտանք որեւէ մեկը, որի կատարողը նշված լիներ պաշտպանության նախարարությունը։ Անգամ Արմավիրի եւ Վայոց ձորի մարզպետարաններն են կոչված ապահովել կառավարության գործունեության ծրագիրը, բայց ոչ պաշտպանության նախարարությունը։

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին էլ խնդրեցինք ներկայացնել, թե որքանո՞վ են իրականացել ծրագրային միջոցառումները եւ արդյոք նախարարությունները հետեւո՞ւմ են ժամանակացույցին. «Այո՛, ոչ միայն նախարարություններն են հետեւում, այլ նաեւ կառավարության աշխատակազմը։ Մենք ուղղակի չամփոփեցինք օգոստոսին կատարված աշխատանքների արդյունքը, քանի որ կեսից էր հաստատվել (օգոստոսի 3-ից- Ա. Ի.)։ Սեպտեմբերի վերջին մենք կամփոփենք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կատարված աշխատանքը եւ կհրապարակենք»։

Ա. Ի.

ԾՐԱԳՐԵԼ Է ԳՈՒՍԻՆՍԿԻՆ

putin

«Մամուլի եւ տեղեկատվության» ռուսական գործակալությունը տեղեկացնում է, որ մեդիա-մագնատ Վլադիմիր Գուսինսկուն մոտ կանգնած շրջանակները ՌԴ նախագահ Պուտինին պաշտոնազրկելու ծրագիր են մշակել։ Գործակալությունը տեղեկացնում է, թե այս ծրագրի հեղինակները մտադիր են գործի դնել իրենց ձեռքի տակ եղած մանրամասն տեղեկությունն այն մասին, թե Պուտինն արտերկրում եւ, մասնավորապես, Իսպանիայի հարավում անշարժ գույք ունի։ Ծրագրի էությունն այն է, որ անհերքելի այս տեղեկատվության հիման վրա Ռուսաստանի ընտրողները ՌԴ Գերագույն դատարանին են դիմելու՝ 2000 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հայցով։ Վերջիններիս հիմնական փաստարկն այն է լինելու, թե նախագահի թեկնածու Պուտինը ունեցվածքի մասին իր հայտարարագրում չի նշել, որ արտասահմանում անշարժ գույք ունի։

Սա նշանակում է, թե Ելցինի իրավահաջորդը կեղծել է ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը, մինչդեռ հակառակ դեպքում ընտրողների վերաբերմունքը նրա նկատմամբ ակնհայտորեն կարող էր այլ լինել։ Թեեւ այս ծրագրի հեղինակները հաջողության հնարավորությունը ցածր են գնահատում, այսուհանդերձ, հույս ունեն, որ այդ ակցիան մեծ աղմուկ կբարձրացնի։ Անցյալ երկուշաբթի «Նովայա գազետա» թերթում արդեն լրահոս է եղել Իսպանիայում Պուտինի ունեցած վիլլայի մասին։ Գործակալությունը կարծում է, որ սա հիշյալ ծրագիրը սկսելու ազդակ է։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930