ԻՍԿ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ OK Է Արդյո՞ք ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի եւ Գագիկ Ասլանյանի պաշտոնանկության հետաձգումը պայմանավորված է նախագահ Քոչարյանի հանդիպումով ՀԺԿ-ի ղեկավարի եւ ԱԺ նախագահի հետ։ Այս հարցը երեկ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի ճեպազրույցի ժամանակ նրան ուղղեց «Իրավունքի» թղթակիցը։ «Ես չունեմ ընդհանրապես տեղեկություն, որ նման պայմանավորվածություն կա որեւէ մեկի միջեւ։ Եթե դուք գիտեք, ես դա չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել»,- պատասխանեց պրն Գաբրիելյանը։ Իրազեկության իր պակասը պրն Գաբրիելյանը բացատրեց նրանով, որ նման աշխատանքային հանդիպումները մասնավոր են եւ իր կամ այլոց ներկայությունն այնքան էլ ցանկալի չէ։ Այն հարցին, թե մի՞թե նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը միմյանց տեսնելու երջանկություն են ունենում միայն միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ եւ ջանք չեն թափում տետ ա տետ ավելի հաճախակի հանդիպումների համար, պրն Գաբրիելյանը լրագրողին հանգստացրեց՝ պատասխանելով. «Եթե լինի անհրաժեշտություն, եթե հարցը հասունանա, ենթադրում եմ, որ պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել եւ հանդիպել՝ անկախ միջազգային համաժողովներից»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց. «ՀՀ նախագահ Քոչարյանը նշել է Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությունների անհրաժեշտությունը։ Դա չի՞ նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն իրենց սպառել են եւ երկխոսությունը շարունակելու նոր ճանապարհներ են փնտրվում»։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին ի սկզբանե որոշվել էր, որ դրանք չեն փոխարինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ֆորմատին, ոչ էլ բացառելու են Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, «որովհետեւ հակամարտության մեջ ներառված ուղղակի կողմ մնում է Լեռնային Ղարաբաղը»։ Պատասխանելով մեկ այլ հարցի, Վահե Գաբրիելյանը դարձյալ ճշտեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար որեւէ նախապայման չի դրել։ Եվ դրան ուղղված ճնշում չպետք է ընկալել ՀՀ նախագահի ՄԱԿ-ում ունեցած նիստին Ցեղասպանության մասին հիշատակումը։ «Մեր դիրքորոշումն այն է, որ նման ողբերգական իրադարձություններ տեղի են ունեցել ոչ միայն այս տարածաշրջանում եւ ոչ միայն մեզ հետ, բայց այլ ժողովուրդներ եւ այլ պետություններ իրենց մեջ ուժ են գտել ներողություն խնդրել իրենց գործած ոճիրների համար եւ կարողացել են հաշտվել այդ ոճրագործության զոհ ժողովրդի հետ»։ «Ժամանակի» թղթակիցը տեղյակ էր, որ նախագահ Ալիեւի ելույթից հետո նախագահ Քոչարյանի ելույթում որոշ փոփոխություններ են կատարվել։ Մամուլի խոսնակը չբացառեց այդ տեղեկությունը։ Ինչո՞ւ նախապես հայտարարված Օլբրայթ-Քոչարյան հանդիպումը տեղի չի ունեցել, փոխարենը Օլբրայթը հանդիպել է Ալիեւի հետ։ «Մենք նման ծրագիր չենք ունեցել հանդիպելու,- կանխատեսեց Վահե Գաբրիելյանը։- Նախագահը վերջերս եղել է ԱՄՆ-ում, հանդիպել է երկրի ղեկավարների հետ, սակայն օրակարգում նման հարց չի եղել։ Ո՞վ է դա հայտարարել»,- հարցը փոխադարձեց պրն Գաբրիելյանը եւ լսելով «լրատվամիջոցները» պատասխանը, արձանագրեց. «Էնքա՜ն բան են հայտարարում լրատվամիջոցները»։ Այն, որ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ մեր արտգործնախարարն անկեղծացավ եւ հայտնեց, որ «ժողովուրդը հեռանում է, հեռանում են նաեւ նրանք, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ, հեռանում են, որովհետեւ հեռանկար չեն տեսնում, չգիտեն, թե ինչ պետություն կլինի Հայաստանը առնվազն առաջիկա 5 տարում»։ Չցանկանալով մեկնաբանել արտգործնախարարի այս խոսքերը՝ պրն Գաբրիելյանը իր եւ, որ ոչ պակաս էական է, նախագահ Քոչարյանի անունից հայտնեց, որ «դա չի նշանակում, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում փոփոխություններ չեն լինելու։ Ճիշտ հակառակը, կարծում ենք, որ բարելավում եւ առաջընթաց անպայման լինելու է եւ շատ լավատես ենք եւ նշաններ այժմ տեսնում ենք եւ ծրագրեր ունենք»։ Առաջիկա մի քանի օրերին Ղարաբաղում սկսվելու է մարտի 22-ի գործի դատավարությունը։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե նախագահը որեւէ կերպ արձագանքե՞լ է քաղաքական որոշ ուժերի եւ, կարելի է ասել, նաեւ մտավորականության որոշ ներկայացուցիչների այն մտավախությանը, որ Ղարաբաղում կայանալիք դատավարությունն արդեն իսկ ենթադրում է կողմնակալ դատավճիռ։ «Կարծում եմ, դեռեւս դատավարությունը չսկսած եւ չընթացած, որեւէ դատողություն անել կողմնակալության վերաբերյալ՝ ճիշտ չի լինելու»։ Վահե Գաբրիելյանը համբերության կոչ արեց սպասել դատավարության սկզբին։ Ինչը եւ անում ենք։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ