Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 13,2000 00:00

Անվտանգության խորհուրդն այլեւս գործոն չէ «Առավոտի» ունեցած տվյալներով՝ հոկտեմբերի 27-ից հետո հանրապետության նախագահն անվտանգության խորհրդի նիստ հրավիրել է ընդամենը երկու անգամ։ Այդ երկու նիստերն էլ Արամ Սարգսյանի վարչապետության օրոք էին։ Իսկ արդեն կալանավորված՝ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Ալիկ Հարությունյանին փոխարինում էր Սերժ Սարգսյանը։ Ըստ մեր աղբյուրի՝ այդ ժամանակ հրատապ էին երկու հարց. առաջին նիստին քննարկվել է Ալիկ Հարությունյանին Ջհանգիրյանին հանձնել-չհանձնելու խնդիրը, երկրորդին՝ պետբյուջեի։ Նախագահին կից անվտանգության խորհրդի նիստերին քննարկվող եւ քննարկվելիք թեմաները գաղտնի են, այսինքն՝ առնչվում են պետության համար հույժ կարեւոր խնդիրներին, եւ նիստի մասնակիցները դրանք «լայն» հասարակությանը ներկայացնելու իրավունք չունեն։ Սակայն, որքան հիշում եք, հոկտեմբերի 27-ին նախորդող նիստից լրատվական «ուտեչկա» էր եղել. ասվում էր, որ քննարկվել է Մեղրիի հանձնման հարցը, եւ որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն, իբր, լքել են նիստը։ Այս լուրը ժամանակին ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ներկայիս քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Մինչեւ հոկտեմբեր ամսվա հայտնի օրը, եթե նիստերի օրակարգը հայտնի էլ չէր լինում, ապա հայտնի էր այն, որ անվտանգության խորհրդի նիստեր գոնե Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք տեղի էին ունենում առնվազն շաբաթը մեկ անգամ։ Հավաքվում էին երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, ուժային նախարարները, արտգործնախարարը, քաղաքապետը եւ քննարկում հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության անկյունաքարային խնդիրները։ Սակայն պայծառ գլուխների խիստ սահմանափակ քանակը կառավարությունում եւ խորհրդարանում հանրապետության նախագահին թույլ է տալիս այլեւս պաշտոնապես անվտանգության խորհրդի նիստեր չհրավիրել։ Անհրաժեշտության դեպքում էլ քննարկումները տեղի են ունենում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։ Այլոց տրվում է իրենց ժամանակն ազատորեն տնօրինելու, ճամփորդելու, երկրի գործերին մոտավորապես ծանոթ լինելու եւ չխառնվելու իրավունք։ Այս կապակցությամբ «Առավոտը» դիմեց նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանին՝ ճշտելու՝ անվտանգության խորհրդի նիստեր առհասարակ գումարվո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե այո՝ ե՞րբ է կայացել վերջին նիստը եւ ի՞նչ կազմով։ Ինչպես սովորաբար, պարոն Գաբրիելյանն առանձնապես խոսքաշատ չէր. «Անվտանգության խորհրդի նիստի ժամանակը եւ քննարկվող թեմաները հրապարակման ենթակա չեն։ Հետեւաբար, որեւէ բան ասել չեմ կարող»։ Մեր վերջին ճիգը՝ ճշտել, թե նախագահն, իրո՞ք այդքան չի վստահում հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանին, որ, մեր լուրերի համաձայն, արտաքին քաղաքականության խնդիրները քննարկում է արտգործնախարար Օսկանյանի, իսկ ներքին եւ գլոբալ արտաքին խնդիրները՝ Սերժ Սարգսյանի հետ, պրն Գաբրիելյանը դարձյալ մատնեց անհաջողության. «Քանի որ Ձեր հարցը նորից վերաբերում է նրան՝ եղել է անվտանգության խորհրդի նիստ, թե ոչ, չեմ կարող մեկնաբանել»։ Այն, որ անվտանգության խորհրդի նիստեր չեն գումարվում, կարող է վկայել ոչ միայն այն մասին, թե նախագահն առանձնապես հույսեր չի կապում վարչապետի, ԱԺ նախագահի հետ, այլ թեկուզ այն մասին, որ հանրապետությունում կարեւոր եւ ոչ մի հարցի լուծման համար անգամ անվտանգության խորհրդի որոշումը հիմք չէ։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել