Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 13,2000 00:00

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍՎԻ Սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում սկսվելու է Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող՝ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների դատավարությունը։ Անկախ այդ դատավարության ընթացքից, արդեն այսօր ակնհայտ է, որ դատավճիռը ոչ այնքան փաստերի, որքան ԼՂՀ իշխանությունների իջեցրած քաղաքական պատվերի արտացոլումն է լինելու։ Այլ կերպ լինել չի կարող հենց միայն այն պատճառով, որ տեղի ունեցածի մասին սեփական եւ ակնհայտ կանխակալ տրամադրվածություն ունեն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ու վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Որպես կանոն՝ մերի տիպի երկրներում հենց նրանց կարծիքն էլ որոշիչ է լինում որեւէ դատավարական պրոցեսում։ Քաղաքական դիտորդները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում այսօր էլ հակված են կարծելու, որ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի միջեւ ծայր առած հակասությունները հենց սկզբից էլ մեծ մասամբ Անուշավան Դանիելյանի նպատակաուղղված գործունեության արդյունքն են եղել։ Ավելին, Ղարաբաղում կարծիք կա նաեւ, թե Ա.Ղուկասյանի դեմ կատարված մահափորձն ու դրանում Սամվել Բաբայանին մեղադրելու գաղափարը հենց Անուշավան Դանիելյանի մտքի արգասիքն է։ Այն, որ Սամվել Բաբայանը ընտրությունների նախաշեմին նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու անհրաժեշտություն չուներ, փաստարկվում է նաեւ նրանով, որ կատարված մահափորձից որոշ ժամանակ առաջ վերջինիս խորհրդական Մանվել Սարգսյանը հայտարարել էր, թե Սամվել Բաբայանի եւ նախագահի միջեւ հակասություններն աստիճանաբար վերանում են, եւ նրանք Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ երկրի սոցիալ- տնտեսական զարգացման հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի են գալիս։ Հարկ է, թերեւս, անդրադառնալ նաեւ Ղարաբաղում տիրող բարոյահոգեբանական եւ քաղաքական մթնոլորտին, որի պայմաններում տեղի է ունենալու Սամվել Բաբայանի դատավարությունը։ Նրա անունը Ղարաբաղում այլեւս քիչ է շրջանառվում, նրա կողմնակիցներն ու զինակիցները հետապնդվում են։ Իհարկե, Սամվել Բաբայանի անունը տաբու էր դեռ այն ժամանակ, երբ նա ազատվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից, բայց շարունակում էր մնալ բանակի հրամանատար։ Այդ ժամանակ արդեն Սամվել Բաբայանը Ա.Ղուկասյանի եւ Ա.Դանիելյանի համատեղ ջանքերով զրկված էր անգամ հեռուստատեսությամբ Ղարաբաղի ժողովրդին դիմելու հնարավորությունից։ Փոխարենը հակաբաբայանական քարոզչական մեքենան գործի էր դրվել։ Սամվել Բաբայանին եւ նրա զինակիցներին սկսեցին մեղադրել կոռուպցիայի, ժողովրդին հարստահարելու եւ այլնի մեջ, կարծես այդ պրոցեսին ղարաբաղյան իշխանությունները ոչ միայն անտեղյակ էին, այլեւ մասնակից չէին եղել։ Իրականությունը սակայն այն էր, որ Ս.Բաբայանը, Ղարաբաղում գոյություն ունեցող կլաններից մեկի ներկայացուցիչը լինելով, ոչ միայն խանգարում էր իշխանական մյուս կլաններին, այլեւ՝ քաղաքական լուրջ հայտ էր ներկայացրել եւ սպառնում էր սեղմել իշխանությունների շուրջ եղած օղակը։ Իսկ ԼՂՀ-ում իշխանության գլուխ էին անցել մարդիկ, ովքեր, ինչպես Ցվետանա Պասկալեւան էր ասում, ընդհանուր ոչինչ չունեին այս ժողովրդի, բանակի տարած հաղթանակների հետ։ Նրանց համար Ս.Բաբայանի՝ պատերազմի հերոս լինել-չլինելը խնդիր չէր՝ նրան ոչնչացնելու համար։ Ս.Բաբայանը որպես պատերազմի հերոս այլեւս արժեք չէր։ Անշուշտ, Ս.Բաբայանը սուրբ չէր եւ անձի պաշտամունքի առարկա լինելուց հեռու էր։ Բայց մտահոգիչն այն է, որ, սրան զուգահեռ, Ղարաբաղում սկսվել է արժեքային համակարգի փլուզումն ու պատմության աղավաղման, կեղծման գործընթացը։ Այսպես, Ինտերնետի Ղարաբաղի էջում որեւէ հիշատակում չկա բանակի հրամանատար Սամվել Բաբայանի մասին, որի ներդրումը պատերազմի ողջ ընթացքում եւ բանակի կայացման ու նրա տարած հաղթանակների գործում չափազանց մեծ է։ Տպավորություն է ստեղծվում, թե Սամվել Բաբայանն ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Ահավասիկ, Ղարաբաղի անկախության տարեդարձի օրը, երբ խիզախության կամ հերոսի շքանշաններ եւ մեդալներ էին բաժանվում, ոչ ոք անգամ չհիշատակեց, թե ղարաբաղյան պատերազմի երկու հերոսներ էլ՝ Սամվել Բաբայանն ու Սասուն Աղաջանյանը, ցավոք, բանտում են հայտնվել։ «Մինչդեռ Սասուն Աղաջանյանն այն մարդն է, որ պատերազմի ժամանակ խիզախության համար երկու Մարտական խաչի է արժանացել։ Նա չգիտեր վախենալ, նա համարձակվում էր տանկերին դեմ-հանդիման գնալ, դիվերսիաներ անել։ Այսօր, Ս.Աղաջանյանի վիճակը տագնապահարույց է։ Նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան, եւ վտանգ կա, որ նա կարող է պարզապես անմեղսունակ ճանաչվել»,- մեր զրույցի ժամանակ պատմեց Ց.Պասկալեւան։ ԼՂՀ իշխանություններին, թերեւս, թվում է, թե պատերազմն արդեն ետեւում է եւ հերոսներ այլեւս պետք չեն գալու։ Անդրադառնալով Սամվել Բաբայանին վերագրվող հանցանքին, Ց.Պասկալեւան վստահեցրեց, թե ինքը չափազանց լավ է ճանաչում Սամվել Բաբայանին, որպեսզի հավատա այն վարկածին, որ առաջադրել են, ըստ էության, ԼՂՀ իշխանություններն ու գլխավոր դատախազը։ «Սամվել Բաբայանը պատրաստվում էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եւ գիտակցությանս մեջ չի տեղավորվում, թե այդ ընտրությունների նախաշեմին նա կարող էր այդքան անխոհեմ լինել եւ մահափորձ կազմակերպել նախագահի դեմ՝ հասկանալով, որ ցանկացած դեպքում առաջին կասկածյալն ինքն է լինելու։ Բացի այդ, ես ականատես եմ եղել, թե նա ինչպես եւ ինչ մանրամասնորեն էր նախապատրաստում պատերազմական գործողությունները՝ հաշվի առնելով հաջողության եւ անհաջողության բոլոր տարբերակները։ Ես պարզապես բացառում եմ, որ այդ մահափորձը, որ իր կատարման տեսանկյունից չափազանց պարզունակ եւ ծիծաղելի է, Սամվել Բաբայանի մտքի արգասիքն է եղել»,- պնդում էր տիկին Պասկալեւան։ Միաժամանակ, այնքան էլ համամիտ չենք այն տեսակետին, որ եթե դատավարությունը տեղափոխվեր Հայաստան, ավելի արդար կլիներ։ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ, կարծում ենք, որեւէ տարբերություն չկա, եւ կարծել, թե Հայաստանում հնարավոր չի լինի ԼՂՀ իշխանությունների պատվերը կատարել՝ միամտություն է՝ առավել եւս, որ հայաստանյան իշխանությունները երբեք մտահոգություն չեն հայտնել ԼՂՀ-ում կատարվող իրադարձությունների առնչությամբ։ Ավելին, նրանք անսքող պաշտպանում են ԼՂՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Ավելի կարեւոր է, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքը շահագրգիռ լինի այս դատավարության հարցում եւ փորձի հասարակական կազմակերպությունների աջակցությամբ վերահսկել դատական պրոցեսը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել