Ազգային ժողովի նախագահին անվստահություն հայտնելու մեխանիզմը ԱԺ կանոնակարգը քայլ առ քայլ ներկայացնում է։ Այսպես է կարծում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։
Փորձեցինք ընթերցել ԱԺ այսօր գործող կանոնակարգը եւ պարզել, թե որն է այդ «քայլ առ քայլը»։ Կանոնակարգի 6-րդ գլխի, որը կոչվում է «Պաշտոններում ընտրելու, նշանակելու եւ պաշտոնից հետ կանչելու կարգը», հոդված 56-ում նշված է. «ԱԺ նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հետկանչի հարցի նախաձեռնության իրավունքն ունեն պատգամավորները։ Հետկանչի հարցը կարող է հարուցվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից կամ առանձին պատգամավորի կողմից՝ օրենսդրական նախաձեռնության կարգով։ Հետկանչի հարցը նիստում քննարկելիս պաշտոնատար անձին ձայն է տրվում քննարկումների սկզբում եւ եզրափակիչ խոսքի համար»։
Հետեւություն. եթե պատգամավորների 1/3-ը մնա եւ Արմեն Խաչատրյանին հետ կանչեն, ապա կլինի այն, ինչ կլինի։ Բայց կա մի նուրբ հանգամանք։ ԱԺ առաջիկա եռօրյաներից մեկում (հավանաբար սեպտեմբերի 25, 26, 27-ին) խորհրդարանը կքննարկի «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդան Խաչատրյանը, Գագիկ Մինասյանը, Արտակ Գրիգորյանը եւ Գրիգոր Հարությունյանը։ Օրենքի նախագիծը ԱԺ նախագահին է ներկայացվել այս տարվա մարտի 2-ին։
Փոփոխություններից անդրադառնանք միայն ԱԺ նախագահին հետ կանչելու կամ անվստահություն հայտնելու կետերին։ 3-րդ գլխի, որը կոչվում է «Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալները», հոդված 24-ում՝ «Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը», նշված է. «ԱԺ նախագահի, նրա տեղակալների լիազորությունները դադարում են՝ ա) սույն օրենքի 13 հոդվածով նախատեսված դեպքում, իսկ 13-րդ հոդվածում ի թիվս այլոց, նշված է նաեւ՝ ե) եթե մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից բացակայել է եւ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված կարգով ճանաչվել է անհարգելի, զ) ուժի մեջ է մտել ազատազրկման դատապարտելու դատավճիռ կամ ընդունվել է անգործունակ ճանաչելու մասին որոշում»։ Մյուս կետերը թերեւս այնքան էլ հետաքրքիր չեն։
Կարդացեք նաև
Պարզապես պետք է պատկերացնել, թե ԱԺ պատգամավորների 1/3-ը ինչպե՞ս է փորձելու անգործունակ ճանաչել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին կամ էլ ինչպես է նրա հավերժական թռիչքները ի մի բերելով՝ նրա բացակայություններն անհարգելի ճանաչելու։ Կա նաեւ մեկ այլ՝ «բ» կետ, որը ԱԺ նախագահի եւ պատգամավորների լիազորությունների դադարեցման մասին ասում է. «ԱԺ-ի որոշմամբ, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ տվյալ պաշտոնյայի հրաժարականի մասին դիմումի կամ պատգամավորի կողմից սույն օրենքի 47 հոդվածով սահմանված կարգով»։
Իսկ այս հոդվածը վերաբերում է արտահերթ նիստերի գումարման կարգին։
Մ. ԵՍԱՅԱՆ
ԻՆՔԸ ՉԻ
Սեպտեմբերի 7-ի համարում տպագրված «Քաղաքական պատվերի բացակայություն» լուրն այն մասին էր, որ «XXI դար» անկախ ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանի «Արշավիր» ՍՊԸ-ում ստուգումներ են ընթանում եւ, որ «Ոմն Գրիգորի Աղաբալյան» պետեկամուտների նախարարությանը որոշ տեղեկություն է տվել գործարար Արկադի Վարդանյանի գործունեության մասին։ Երեկ խմբագրություն զանգահարեց Ջորջ Գրիգորի Աղաբալյանը եւ խիստ վրդովված հայտնեց, որ եթե թերթն իրեն է նկատի ունեցել, ապա չարաչար սխալվում է, քանի որ ինքը ոչ մեկին ոչինչ չի հաղորդել։