Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 13,2000 00:00

ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար եւ ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանն «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով խմբակցության ղեկավարի պաշտոնից Արտաշես Գեղամյանի պաշտոնանկության եւ կամ դաշինքից ՍԻՄ-ի տարանջատման մասին լուրերը, պարզաբանեց. «Ընդամենը եղել է առաջարկություն մեր կազմակերպության նախագահության կողմից, որ խմբակցության ներքին կանոնակարգում գործի ռոտացիայի սկզբունքը»։ Ընդմիջենք, ներկայացնելու համար, որ, ըստ «Արմենպրեսի» հաղորդագրության՝ Հրանտ Խաչատրյանն ասել է, որ ՍԻՄ-ը խմբակցության նախագահի պաշտոնում այսօր տեսնում է իրեն։ Հայկ Բաբուխանյանը նախընտրում էր ավելի ընդհանրական ձեւակերպումները. «ՍԻՄ-ի եւ «Ազգային միաբանության» միջեւ սկզբնական պայմանավորվածության համաձայն՝ կուսակցությունները հավասար ներկայություն են ապահովում դաշինքում։ Այդ սկզբունքի կիրառման ձեւերից մեկը եղավ ՍԻՄ-ի նախագահության առաջարկը մեր կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ։ Որեւէ նոր կամ արտառոց բան չի առաջարկվել։ Առավել եւս՝ խոսքը պաշտոնանկության մասին չէ՝ որպես այդպիսին։ Ի դեպ, առաջարկը վերաբերում է նաեւ խմբակցության քարտուղարի ռոտացիային։ Այսինքն, մեր կազմակերպությունն առաջարկել է նաեւ ինձ փոխել»։ Ըստ «Արմենպրեսի»՝ Հրանտ Խաչատրյանը «ամառային արեւի ազդեցությամբ կատարված գործողություն» որակելով՝ Ստեփան Դեմիրճյանի հետ Արտաշես Գեղամյանի անպտուղ բանակցություններից դժգոհություն էր արտահայտել: Հայկ Բաբուխանյանի հետ զրույցում օգտագործել էինք «ձախողված բանակցություններ» բնորոշումը, սակայն նա դարձյալ պատասխանի մեղմ տարբերակ նախընտրեց. «Մեր դաշինքն իրագործվում է խմբակցության տեսքով։ Դրանից դուրս դաշինք, որպես այդպիսին, չկա։ Եվ յուրաքանչյուր կուսակցություն անկախ է իր գործունեության մեջ։ ՀԺԿ-ի հետ «Ազգային միաբանության» շփումներն այդ կուսակցությունների գործն են եւ ինչքանով են դրանք հաջողվել կամ ոչ՝ ՍԻՄ-ի խնդիրը չէ»։ Կարծում ենք, այնուամենայնիվ, որ «Իրավունք եւ միաբանության» ներսում այս վիճակի պատճառներից մեկն էլ այս է. «Ազգային միաբանությունը» հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից, իսկ ՍԻՄ-ի նախագահը մի առիթով հայտարարեց, որ իրենք այդ դիրքերը լքել են դեռ 1998-ի փետրվարին։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել