ՍԱ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉԷՐ Ուղղակի պետությունը չհարգեց իր իսկ ստանձնած նախկին պարտավորությունները Պետեկամուտների նախարարության ներկայացրած անցած ամսվա անբարեխիղճ հարկատուների ցանկն այս անգամ գլխավորում էին «Յունիսան» եւ «Յունիտեքս» ՍՊԸ-ները, որոնց հարկային պարտավորությունները տույժ ու տուգանքների հետ միասին շուրջ 1,3 միլիարդ դրամ էին կազմում։ Դիմեցինք «Սիլ գրուպի» գործադիր տնօրեն Սեւակ Քեշիշյանին, խնդրելով մեկնաբանել այն մեղադրանքները, թե այս ընկերությունները պետությունից շուրջ 2,5 մլն դոլար են թաքցրել՝ պրն Քեշիշյանը հարկ համարեց ճշտել, որ գումարն այդքան չի կազմում. «Եթե 2,5 մլն դոլար թաքցված լիներ՝ կրկնակին, եռակին կկազմեր տույժերով ու տուգանքներով հանդերձ»։ Ոչ ստույգ համարվեցին նաեւ «չարաշահում» կամ «պետությունից թաքցնել» բնորոշումները։ Եվ պարզաբանումը նախապատմություն ուներ. «Այսպիսի կառույցները, եւ ոչ միայն «Յունիսանն» ու «Յունիտեքսը», այլ մի քանի հարյուր սուբյեկտներ իշխանությունների հետ ժամանակին պայմանավորվածություններ էին ձեռք բերել նույն ձեւով աշխատելու վերաբերյալ, որ կարողանային մրցակցել Վրաստանից եւ Սադախլոյից ներկրվող մաքսանենգ եւ 500 դոլարի սահմաններում հարկ չգանձվող ապրանքների հետ։ Հարկային մարմինները բանակցում էին ֆիրմաների հետ՝ օպտիմալ տարբերակ գտնելու եւ բարձր հարկեր վճարելու վերաբերյալ։ Շուկայում մնալու խնդիր է եղել բոլոր նմանատիպ ֆիրմաների համար»։ Բայց պետական օղակների ղեկավարների փոփոխության հետ փոխվում են նաեւ մոտեցումները։ Եթե Արմեն Դարբինյանի կառավարությունը խոշոր գործարարների հետ պայմանավորվել էր որոշակի չափով հարկեր մուծելու դեպքում չհոգնեցնել կպչուն ստուգումներով, այժմ այդ պայմանավորվածությունները ոչ միայն չեն հարգվում, այլեւ լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշիվ է ներկայացվում անցած ամբողջ ժամանակաշրջանի համար։ «Երբ Արմեն Դարբինյանը գործարարներին անում էր այդ առաջարկը՝ ներկայիս շատ ղեկավարներ նստած էին առաջին շարքում,- հիշեցրեց Սեւակ Քեշիշյանը։- Չհարգեցին ժամանակին իրենց տված խոստումները եւ պայմանավորվածությունները։ Ընդ որում, առանց նախապես տեղեկացնելու մոտեցման փոփոխության մասին եւ գոնե միաժամանակ այդ բոլոր կառույցներին հավասար դաշտ բերել»։ «Յունիսան» եւ «Յունիտեքս» ընկերությունների տնօրենները եւ իրավաբանը բողոքարկել են խախտումների վերաբերյալ այդ տվյալները։ «Դեռ պիտի ապացուցվի,- ասաց պրն Քեշիշյանը։- Ես կարծում եմ, որ այդ կարգի թվերի մասին խոսք լինել չի կարող։ Իսկ մեզ հարկային մարմիններում ասացին, որ Հայաստանի թիվ 1 հաշվապահությունն ունեցող կազմակերպություններն են սրանք՝ ամեն ինչ համակարգչային է։ Մինչեւ անգամ մեքենաների մեջ է համակարգիչ եղել։ Այս մեթոդներով են աշխատել, որ կարողանան մնալ շուկայում»։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ ստուգումներ են սկսվել նույն ձեւով աշխատող այլ ֆիրմաներում եւս։ Սեւակ Քեշիշյանն առաջարկեց պարզել, թե Հայաստանում քանի՞ հարյուր ֆիրմա է նույն կերպ աշխատում. «Եվ թող որոշ ժամանակ անցնի՝ հետեւեք, թե այդ ֆիրմաները նույնքան հարկ կվճարե՞ն, թե՞ ոչ։ Պայուսակներով ներկրվող եւ չհարկվող ապրանքը կավելանա՞, թե՞ ոչ»։ Պետեկամուտների նախարարության ցուցակից հատկապես այս երկու ՍՊԸ-ներին առանձնացնելը Սեւակ Քեշիշյանն այսպես էր բացատրում. «Հարկավոր էր ուղղակի աղմուկ բարձրացնել եւ կարեւոր էր, որ մեծ գումարի շուրջ լիներ այն»։ Իսկ արդյոք գործո՞ն չէ նաեւ տնտեսական վերաբաժանում անցկացնելու փափագը՝ մեր այս հարցին պրն Քեշիշյանի արձագանքը խիստ կտրուկ էր. «Ցանկանում են, որ այդ ՍՊԸ-ները լուծարվե՞ն եւ ա՞յլ մարդիկ զբաղվեն այդ բիզնեսով՝ չե՛նք թողնի։ Վերաբաշխում չե՛ն կարող անել՝ անգրագետ չենք, տիրապետում ենք բոլոր օրենքներին, ունենք լավ իրավաբաններ, տնտեսագետներ, մասնագետներ»։ Մեր հարցին, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունն իր կանխատեսմամբ, Սեւակ Քեշիշյանը պատասխանեց. «Տրամաբանակա՛ն ավարտ։ Հայաստանում գործող քաղաքացիական օրենսգրքի եւ մյուս բոլոր օրենքների շրջանակներում»։ Եզրափակենք ամենակարեւոր ասելիքով։ «Մեր պահանջը միշտ եղել է, որ բոլորը գտնվեն հավասար դաշտում,- ասաց Սեւակ Քեշիշյանը։- Լավ, միգուցե պետությունն այդ ուժը չունի, որ բոլորին միանգամից նույն կերպ վերաբերվի։ Բայց կա նման պայմանավորվածություն, եւ նախարար Գագիկ Պողոսյանը փորձում է բոլորին բերել հավասար դաշտ՝ անկախ գործունեության ոլորտից, ապրանքատեսակից եւ այլն։ Բոլորին կբերեն հավասար դաշտ, Վրաստանի հետ սահմանը կպահեն՝ մենք շատ ուրախ եւ երջանիկ կգործենք Հայաստանում»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ