Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 12,2000 00:00

ԱՅԴ ԶԶՎԵՑՐԱԾ ԲԱՌԸ՝ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ԱԺ նստաշրջանի աշխատանքների առաջին օրն իսկ ՀԺԿ-ից առանձին խորհրդակցություն անցկացրին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի առանձնասենյակում։ Մեր հարցերին ի պատասխան ե՛ւ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը, ե՛ւ Տիգրան Թորոսյանը հերքեցին, թե այդ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱԺ նախագահի փոփոխության կամ «Միասնություն» դաշինքի պահպանման չարչրկված խնդիրների լուծումները։ Հիմնականում խոսել են քննարկվելիք օրինագծերի մասին՝ ընդհանուր դիրքորոշում ձեւավորելու համար։ Սակայն, ըստ Գալուստ Սահակյանի, հպանցիկ անդրադարձ եղել է ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի հետագա ճակատագրին։ Ընդհանուր մոտեցումն այս է, որ դաշինքի պահպանման դեպքում «դա սոսկ տեխնիկական, մեխանիկական մեծամասնություն չի կարող լինել՝ մենք դեմ ենք դրան,- ասաց պրն Սահակյանը։- Անհրաժեշտ է այս օրերի ընթացքում վերջնականապես ճշտել, թե ՀԺԿ-ն իր անորոշ դիրքորոշումներից որոշակիորեն ո՞ր մեկով է առաջիկայում հանդես գալու։ Ըստ այդմ էլ կորոշվի «Միասնություն» դաշինքի ճակատագիրը»։ Մեր երկու զրուցակիցների համար էլ բնորոշ են կտրուկ հայտարարությունները, որի պատճառով երբեմն անհարմար վիճակում են հայտնվում։ Նրանք արմատական դիրքերից են հանդես գալիս, իսկ Անդրանիկ Մարգարյանն ու Ստեփան Դեմիրճյանը հետո հանդիպում, պայմանավորվում են ու կարծես հաշտվում։ «Այստեղ խռովելու եւ հաշտվելու խնդիր չկա,- ասաց Տիգրան Թորոսյանը։- Կատարված իրադարձություններից բխող հարցադրումները, որ արել ենք մենք ու նաեւ վարչապետը, այսօր էլ ուժի մեջ են։ Հենց այնպես չի կարող լինել, որ մինչ այժմ ինչ-որ հարցադրումներ էին արվում եւ սրանից հետո ասվելու է, որ ոչինչ չի եղել, ամեն ինչ լավ է եւ ամեն ինչ շարունակվելու է ինչպես եղել է»։ Գալուստ Սահակյանն էլ էր կարծում, որ այդ հանդիպումները եւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները չեն հակասում իրենց հայտարարություններին։ ՀՀԿ-ի այս գործիչների համար նաեւ հատկանշական է, որ նրանք հաճախ են կրկնում այս թեզը՝ «անբնական է, եթե կուսակցությունը որեւէ ծրագիր չի ընդունում, բայց կոչված է այն իրագործել իր ներկայացուցչի միջոցով» (տվյալ դեպքում մեջբերումը Գալուստ Սահակյանի խոսքից էր)։ Սույն միտքը հատկապես ՀԺԿ-ի առնչությամբ է ասվում՝ արդարացնելու համար նրանց ներկայացուցիչների պաշտոնանկությունը։ Չնայած այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս է բացատրվում գործադիր իշխանության մեջ կոմկուսի, ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի նորանոր ներկայացուցիչների ակտիվորեն ներգրավումը, որոնք նույնպես վարչապետի ծրագրով եւ գործունեությամբ հիացած չեն ու պատասխանատվություն չեն ստանձնել կառավարության համար։ Այս հարցադրմանն ի պատասխան ընդհանուր ֆրազներ լսեցինք՝ որոշ խնդիրների շուրջ համագործակցության համաձայնությունների, հանդուրժողական մթնոլորտի եւ այլնի մասին։ Չնայած Տիգրան Թորոսյանը նաեւ որոշակիացրեց, թե իր հայտնի «յուրաքանչյուրի դիրքերը պետք է համապատասխանեն իր դիրքորոշումներին» ասույթը բոլորին է վերաբերում՝ «Պարզապես այս դեպքում, երբ մեկ դաշինքում ենք՝ քաղաքական կարեւոր հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունենալն անհեթեթ է»։ Տիգրան Թորոսյանը մի առիթով հայտարարել էր, թե ընդդիմությունը չպիտի ԱԺ ղեկավարության աթոռների առյուծի բաժինը զբաղեցնի եւ նախարարներ ունենա։ Մինչդեռ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ բազմաթիվ այլ երկրների փորձը հակառակի ապացույցն է։ Մեր այս հիշեցմանը պրն Թորոսյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, եթե ընդդիմությունը (ինչպես Ռուսաստանի վերջին երկու Դումաներում) ընտրություններում մեծամասնություն է ստանում՝ շատ բնական է, որ այդ արդյունքներով նաեւ խորհրդարանի ղեկավարություն ձեւավորվի։ (…) Բայց շատ տարօրինակ կլինի, եթե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը խորհրդարանում չլինի ղեկավար»։ ԱԺ փոխնախագահի հաստատմամբ, ՀՀԿ-ն այսօր խորհրդարանում հարաբերական մեծամասնություն ունի (ինչպես նախկինում «Միասնությունն» իր 60 պատգամավորներով). «Եվ ամեն ինչ այստեղից է բխում»։ Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀԿ-ն միայնակ է ցանկանում վայելել իշխանության քաղցրությունը, որին հասել էին միասնաբար։ Ընդ որում, ԱԺ ընտրություններում «Միասնության» հաղթանակում ՀՀԿ-ի դերակատարությունն ամենափոքրն էր, եթե համեմատենք «Երկրապահի» (հանձին Վազգեն Սարգսյանի լծակների) եւ ՀԺԿ-ի հետ (հանձին Կարեն Դեմիրճյանի ժողովրդականության)։ «Հանրապետականները երբեք տրամադրված չեն իշխանության լծակները վայելքների համար օգտագործել։ Հակառակը։ Իրավիճակից դրդված ենք այդ լուծը մեզ վրա վերցնում,- ընդդիմացավ Գալուստ Սահակյանը։- Եվ շատ անբնական է, իրոք։ Գտնում եմ, որ ինչպես եկել ենք ԱԺ՝ այդ խոստումներով էլ պիտի առաջնորդվենք»։ Ներկայացնենք նաեւ Տիգրան Թորոսյանի պատասխանը. «Իրականության գռեհկացում է սա. Վազգեն Սարգսյանն ընտրություններին մասնակցեց որպես ՀՀԿ առաջնորդ, եւ նրան առանձնացնելը՝ ամեն ինչ վերադարձնելը 1998-ի գարնանը եղած իրավիճակին… կան որոշակի ուժեր, որոնց դա ձեռնտու է։ Կարծում եմ, որեւէ հիմք չկա այսօր «Երկրապահին» նման ձեւով ՀՀԿ-ից առանձնացնելու համար»։ Եթե «Միասնության» բանակցային գործընթացը հաշտությամբ ավարտվի՝ քաղաքական պատճառներով պաշտոնազրկված ՀԺԿ փոխնախարարներին իրենց տե՞ղն են վերադարձնելու։ Ըստ Գալուստ Սահակյանի, դա «երեխայական, մանկապարտեզային» քայլ կլիներ. «Շատ շահեկան կլինի՝ համաձայնություններն այնպիսին լինեն, որ ավելի մեծ պատասխանատվության էլ հասնեն ՀԺԿ-ի ներկայացուցիչները»։ Իսկ Տիգրան Թորոսյանը խոստացավ, որ եթե սկզբունքները պահպանվեն՝ անձերին առնչվող եւ մնացած բոլոր հարցերը կլուծվեն։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել