Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 09,2000 00:00

«ԿԱՐՄԻՐ ԳԾԻՑ ԱՆԴԻՆ» Չարենցյան այս տողը շարունակություն ունի՝ «թշնամիներ՝ անթիվ», բայց կոմունիստները շարունակում են նույնիսկ այսպիսի պայմաններում հերոսաբար դիմանալ այս կառավարությունում եւ նորանոր բնագծեր նվաճել։ Ի հակակշիռ ՀԺԿ-ին հարող կամ ՀԺԿ-ի անդամ պաշտոնյաներին պաշտոնազրկելու կուրսի, Կոմկուսի ներկայացուցիչներն Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում իրենց զգում են ինչպես ձուկը՝ ջրում։ Այսուհանդերձ, վերջին շրջանում լուրեր են պտտվում առ այն, որ կառավարության առաջին դեմքերը մտադիր են Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանին բերել կառավարություն եւ հրամցնել այն աթոռը, որն այսօր զբաղեցնում է Կոմկուսի երկրորդ քարտուղար Լեոնիդ Հակոբյանը։ Նույնիսկ բարձրաձայն շշնջացողներ կան այն մասին, թե ընկեր Հակոբյանին այլ կերպ սիրաշահելու նպատակով ակադեմիկոսի կոչում կշնորհվի։ Այս եւ այլ հարցերի շուրջ կառավարության միջանցքներում ոտքի վրա մի կարճ զրույց ունեցանք տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանի հետ։ Որքանո՞վ են հավաստի այն լուրերը, թե Լեոնիդ Հակոբյանը պաշտոնանկ կարվի։ Հարցին պատասխանում է ինքը՝ Լեոնիդ Հակոբյանը. «Սովորաբար (ոնց կոռեկտ ասեմ), տարբեր թերթեր տարբեր մեկնաբանություններ են տալիս այդ հարցի վերաբերյալ։ Սպասենք, տեսնենք»։ Այսինքն, լուրերը ճշմարտությունից հեռու չե՞ն. «Ես այդպես չէի ասի, ես ձեզ խորհուրդ կտայի, որ դուք վերցնեք մեր կառավարության կազմը եւ այսպես, ուսումնասիրեիք, եւ ինքներդ որոշեիք՝ ես ինչքանո՞վ եմ պետք այս կառավարությանը»։ Մենք, անշուշտ, առաջիկայում կառավարության կազմի վրայով մի թեթեւ կանցնենք, այժմ շարունակենք Լեոնիդ Հակոբյանի հետ մեր զրույցը. – Ժամանակին, երբ նախարար էիք նշանակվում, մեծ կրքոտությամբ պահանջում էիք, որ Ձեր նախարարական պաշտոնի անվանման մեջ անպայման շեշտվի համակարգող նախարար լինելը։ Դուք ակնհայտորեն փոխվարչապետի լիազորություններ ստանալու ակնկալիք ունեիք։ Այժմ բավականին ժամանակ աշխատում եք, ունե՞ք փոխվարչապետական լիազորություններ։ – Հիմա իմ պաշտոնը կոչվում է համակարգող նախարար։ Լրիվ ապահովվում են լծակները։ Եվ կարող եմ ասել՝ չկա մի հարց, որ ես առաջ քաշեմ՝ չլուծվի։ Ես լիարժեք որպես համակարգող նախարար աշխատում եմ։ – Դուք՝ որպես պատգամավորական աշխատանքի փորձ ունեցող մարդ, ի՞նչ կանխատեսում ունեք արձակուրդից վերադարձող խորհրդարանի վերաբերյալ։ – Ես պարզապես պրոգնոզներ չեմ սիրում, դա անշնորհակալ գործ է։ – Իսկ ՀՀԿ-ՀԺԿ հարաբերությունների մասին ի՞նչ կարծիք ունեք։ – Ես կողմնակից եմ, որ բոլոր հարցերը լուծվեն խաղաղ-հանգիստ պայմաններում։ Իհարկե, տարաձայնություններ տարբեր հարցերի վերաբերյալ կարող են ծագել, եւ ես կողմնակից եմ, որ համբերատար, մեծ հարգանքով, արժանավայել, քաղաքակիրթ ձեւով կարողանան լուծել հարցերը։ Դա բոլոր կուսակցություններին է վերաբերում։ – Ասում են՝ այսօր Կոմկուսին սիրաշահում են, որպեսզի կուսակցությունն աջակցի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական հնարավոր վերադասավորման ժամանակ։ – Մեր կուսակցությունը սկզբունքային կուսակցություն է, հանրապետությունում ամենամեծ կուսակցությունն է, մեր կառույցները կան բոլոր շրջաններում, մեր Կենտկոմը կազմված է շատ բանիմաց ընկերներից, կուսակցությունը լրիվ վստահում է Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Դարբինյանին։ Ես կարծում եմ, որ կսկսվեն խորհրդարանի աշխատանքները, մեր կուսակցությունը ոչ մի որոշում միանձնյա չի ընդունում եւ ինչպես կորոշի Կենտկոմը, այնպես էլ կղեկավարվի ամբողջ կուսակցությունը։ Փակագծի մեջ ասեմ, որ այստեղ ոչ մի տպագրական սխալ չկա, եւ վերը հնչած իմ հարցին ընկեր Հակոբյանը հենց այդպես էլ պատասխանեց։ Որքանո՞վ է այս պատասխանն իմ հարցի պատասխանը՝ թողնենք ավելի խորաթափանց գլուխներին։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել