Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 08,2000 00:00

ՉԳԻՏԵՄ Ո՞Ր «ՈՒՉԱՍՏԿՈՎԻՆ» Է, ԲԱՅՑ ԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը դեռ հունիսի վերջին ավարտվել է ու նյութերը տրամադրվել են տուժող եւ մեղադրվող կողմերին ու նրանց ներկայացուցիչներին՝ ծանոթանալու համար։ Թե կոնկրետ ե՞րբ այն կավարտվի՝ դժվար է ասել, մանավանդ, օրենսդրությամբ գործին ծանոթանալու ժամկետ սահմանված չէ։ Հայտնի է սակայն, որ 27-ի զոհերի հարազատները փաստաբաններ են վարձել, որոնք իրենց՝ որպես տուժողների իրավահաջորդների, շահերը ներկայացնելու են արդեն դատաքննության ընթացքում։ Առայժմ բոլոր փաստաբանները «Փաստաբանների միջազգային միության» անդամներ են։ Հետաքրքիր էր իմանալ, թե վերջիններս 42 հատորանոց գործի նյութերի ի՞նչ ծավալ են ուսումնասիրել եւ ընդհանրապես 27-ի գործը ե՞րբ կմտնի դատաքննության փուլ։ «Թե՛ մեղադրյալների պաշտպանները, թե՛ մենք՝ իբրեւ տուժողների ներկայացուցիչներ, ինտենսիվորեն ծանոթանում ենք գործի նյութերին»,- մեր զրույցի ժամանակ նշեց փաստաբան Արամ Կարախանյանը, որը ներկայացնում է տուժողներից՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Ռուբեն Միրոյանի՝ իբրեւ իրավահաջորդ ճանաչված Արտավազդ Միրոյանի շահերը։ Ա.Կարախանյանն ասաց, թե տուժողների փաստաբանները, թերեւս, կտեղավորվեն 50-60 աշխատանքային օրվա շրջանակներում, թեեւ այն ընդամենը տրամաբանական հաշվարկ է։ Իհարկե, սա բավական չէ, որպեսզի գործը դատարան մտնի։ Նյութերին պետք է հասցնեն ծանոթանալ նաեւ մեղադրյալներն ու նրանց պաշտպանները։ Գործը դատարան կմտնի, երբ ստորագրվի մեղադրական եզրակացությունը։ Բնականաբար, իբրեւ տուժող կողմի փաստաբանի, պարոն Կարախանյանին չէինք կարող չհարցնել, թե ծավալուն գործի 12-13 հատորին ծանոթանալուց հետո ինքն ի՞նչ տպավորություն է ստացել եւ արդյոք կա՞ն դիտողություններ նախաքննական մարմնի կատարած աշխատանքի վերաբերյալ՝ զուտ մասնագիտական առումով։ «Հենց առաջին հայացքից որոշակի թերություններ արդեն հայտնաբերվել են։ Գործի նախաքննության ընթացքում շատ բացթողումներ են եղել, որոնք հիմա չեմ մանրամասնի։ Բայց հիմնականներից մեկն այն է, որ գործում կրկնվող փաստաթղթեր շատ կան։ Փոխարենը, ըստ իս, գործի հետ կապ չունեցող կամ քիչ կապ ունեցող փաստաթղթեր են մտցված գործի մեջ, ինչը դժվարացնում է նյութերին ծանոթանալը։ Կան նաեւ անճշտություններ՝ գործի էջերի հաջորդականության տեսակետից։ Դրանց համարակալումն ու բովանդակությունը չեն համապատասխանում միմյանց, որոշ հատորներում բովանդակության մեջ նշված էջեր եւ փաստաթղթեր են պակասում կամ հակառակը՝ գործում կան փաստաթղթեր, որոնք բովանդակության մեջ չկան եւ այլն»,- նշեց Ա.Կարախանյանը։ Վերջինս, իհարկե, չշտապեց սա «դիտավորություն» որակել՝ չբացառելով, որ նշված թերությունները կարող էին նաեւ անփութության արդյունք լինել։ Մեր այն հարցին, թե դրանք ինչպե՞ս են ճշտվելու, պարոն Կարախանյանը պատասխանեց, թե իրենք դիմելու են նախաքննական մարմնին ոչ միայն դրանք ճշտելու եւ պակաս-պռատ փաստաթղթերը համալրելու, այլեւ գործի նյութերում առկա փաստաթղթերը բնագրերի հետ համեմատելու համար։ «Գուցե առկա թյուրիմացությունների մի մասն այդ ընթացքում լուծվի»,- հույս հայտնեց փաստաբանը։ Անդրադառնալով նախաքննական մարմնի թույլ տված մանրումեծ անփութություններին, որոնք առայժմ անմեղ բաներ են թվում, հարկ է նշել, որ վերջինիցս ավելին սպասել, թերեւս, պետք էլ չէր։ Նրանք աշխատում են այնքան, որքան կարող են։ Մի կողմ թողնելով նախաքննական մարմնում եւ ընդհանրապես իրավապահ մարմիններում աշխատող իրավապահների մասնագիտական կարողությունների հիմնախնդիրը, կոնկրետ դեպքի առնչությամբ հարկ է նշել, որ 27-ի գործը վարող խումբը, թերեւս, հենց այն պատճառով է այս ու այն կողմից ճնշումների ենթարկվում, որովհետեւ նրան պակասում է հենց պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի նկատմամբ լրջությունը։ Իսկ ընդհանրապես Ա.Կարախանյանը գործի առնչությամբ որեւէ տեսակետ առայժմ չհայտնեց։ Գործի նախաքննության ընթացքը սկզբից մինչեւ վերջ քաղաքական շահարկումների եւ, որ անթույլատրելի էր, քաղաքական շանտաժների համար գործիք էր դարձել։ Մեկ նախագահամետ թեւն էր պնդում, թե նախաքննության վրա ճնշումներ է գործադրում վարչապետամետ թեւը, մեկ վերջինս էր պնդում, թե նախագահն է ճնշում եւ անգամ խոչընդոտում նախաքննության ընթացքը։ Հետաքրքիր էր իմանալ ապաքաղաքականացված փաստաբանի եւ հատկապես տուժողի ներկայացուցչի կարծիքն այս առնչությամբ. միայն գործի նյութերին ծանոթանալիս այսպիսի նախանշաններ կամ տպավորություն եղե՞լ է, թե՞ ոչ։ «Այս պահի դրությամբ չեմ կարող արձանագրել, որ գործի նախաքննության վրա քաղաքական ազդեցություն է եղել։ Գուցե պատճառն այն է, որ գործի նյութերին ամբողջությամբ չեմ տիրապետում։ Միայն մի բան կարող եմ ասել։ Գործը դատարան է մտնելու հիմնականում կատարող անձանց շրջանակներով։ Ես չեմ ուզում մեկնաբանել, թե գործի որոշակի մասերը սխալ կամ ճիշտ են կարճվել, բայց պետք է արձանագրել, որ արդեն հոկտեմբերի 28-ի դրությամբ այն կարող էր ուղարկվել դատարան, որովհետեւ հայտնի էին կատարողները։ Մի քանի ամիս տեւած նախաքննության արդյունքում մենք դարձյալ եկանք այն բանին, որ գործը միայն կատարողների մասով է դատարան մտնելու, մինչդեռ նախաքննության ընթացքում մեծ միջոցներ են ծախսվել, մարդիկ են զբաղվել եւ այլն»,- նկատեց Ա.Կարախանյանը։ Ոչ անհայտ մի քանի անձանց նկատմամբ գործի կարճումից հետո արդյոք նրանց վերաբերող եւ նրանց տված ցուցմունքները գործից հանվե՞լ են։ «Մինչ այս պահը այդ մարդկանց ցուցմունքներին ես չեմ հանդիպել։ Հնարավոր է, որ հետագայում լինեն, թեեւ բացառված չէ, որ նրանց մասով գործի կարճումից հետո այդ ցուցմունքները եւս գործից հանված լինեն։ Գործի ամբողջ ծավալին ծանոթանալուց եւ դրա ամբողջ պատկերն ունենալուց հետո, երբ անհրաժեշտ լինի այդ ցուցմունքները եւս կցել գործին, հնարավոր է, որ միջնորդություն անենք, որպեսզի նյութերը լրացվեն»,- ասաց Ա.Միրոյանի փաստաբանը։ Առաջիկայում այդ նյութերը կպահանջվե՞ն, թե՞ ոչ՝ կորոշեն, թերեւս, տուժողներն ու նրանց շահերի պաշտպանները։ Փաստ է միայն, որ կարճված գործերի ու նյութերում սրանց վերաբերող հատվածների վրա էր խարսխված նախաքննության գրեթե ողջ ընթացքը։ Այս առնչությամբ, իհարկե, կան էլի անպատասխան հարցադրումներ, որոնք առանձին նյութի թեմա են։ Մի բան սակայն արդեն հայտնի է՝ 27-ի գործով առաջիկա դատավարությունից առանձնակի սպասելիքներ չպետք է ունենալ։ Առավել եւս սենսացիա չի լինելու։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել