Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 07,2000 00:00

«Նախագահ լինելուց լավ բան» Խորհրդարանական, թե նախագահական հանրապետություն. սա հարց է, որը ժողովրդին գրեթե չի հուզում, բայց քաղաքական ուժերն այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն։ Կոմունիստներն այս օրերին իրենց քաղաքական հանդիպումներում որպես կարեւորագույն կետ նշում են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հենց այս հարցում։ ԱԺՄ-ն իր հերթին շարունակում է պնդել, որ երկիրը նախագահական դարձրեց ՀՀՇ-ն՝ հատուկ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար։ Մի առիթով ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն ասաց. «Մեծամասնությունը, որ եկավ իշխանության, չկարողացավ դիմանալ իշխանության գայթակղությանը։ Ասում էին՝ եթե մենք չէ, ապա էլ ո՞վ։ Մենք ճանապարհ ենք անցել, չորս կողմը հիմար են, մենակ մենք ենք խելոք։ Ուրեմն պետք է այնպես անենք, որ մեր ձեռքում մնա այդ իշխանությունը՝ հնարավորին չափ հավերժ։ Եվ դա էր արվում։ Այսինքն դա մի հոգի չէր, երկու հոգի չէր։ Դա բավականին ստվար հատված էր այն ժամանակվա ՀՀՇ-ում, որոնք այդպես էին մտածում»։ 1990-ից ի վեր «պետությանը պարտադրվեց գնալ այն ճանապարհով, որը ձեռնտու էր մի խումբ մարդկանց»։ Այսպես է կարծում Շավարշ Քոչարյանը. «Մի խումբ մարդիկ գտան, որ ամենահարմարը նախագահական համակարգն է. դարձնենք նախագահական, տանք գերլիազորություններ գործադիր իշխանությանը։ Եվ այդ գործընթացը գնաց տարիների ընթացքում»։ Նույն առիթով՝ Արա Սահակյանը բոլորովին այլ կարծիք հայտնեց։ Պարոն Սահակյանը պնդում է, որ 90-91 թվականներին եւ դրանից հետո Հայաստանում խորհրդարանական հանրապետություն չի եղել. «90-ից մինչեւ 95 թվականը, երբ ընդունվեց Սահմանադրությունը, անցումային շրջան էր, որտեղ պահպանվել էին խորհրդային իշխանության որոշ էլեմենտներ ե՛ւ տեղական խորհրդի առումով, ե՛ւ Գերագույն խորհրդի առումով, ե՛ւ կառավարության ձեւավորման առումով։ Բայց նաեւ նախագահական կառավարման որոշ էլեմենտներ էին մտել»։ Իր բոլոր ընդդիմախոսներին Արա Սահակյանը խորհուրդ տվեց. «Հայ ժողովրդի ներկա ողբերգությունները չփնտրեն Սահմանադրության տեքստում, այլ՝ իշխանության մաս կազմող բոլոր կուսակցություններն այս ժողովրդի ողբերգության պատճառը փնտրեն իրենց անճարակության, անբանության եւ ապօրինի իշխանության հետ համագործակցելու մեջ»։ Ինչո՞ւ էր ՀՀՇ-ն շահագրգռված, որ ի սկզբանե խորհրդարանական հանրապետությունը փոխվեր նախագահականի։ Արդյոք ՀՀՇ-ի այս ձգտումը հնարավոր չդարձա՞վ նաեւ այն պատճառով, որ 90-95 թթ. Գերագույն խորհրդում կարելի էր, որ պատգամավորները նաեւ գործադիր մարմիններում պաշտոններ զբաղեցնեին։ Ինչպե՞ս եւ ո՞ւմ էին բաժանվում այդ ժամանակ պաշտոնները. «Դուք, հատկապես 90 թվականի պաշտոնների նշանակման հարցով, պետք է դիմեք այսօրվա ԱԺՄ-ի լիդերներին՝ Վազգեն Մանուկյանին, Արշակ Սադոյանին, Շավարշ Քոչարյանին։ Նրանք էին դրանով զբաղվում, կառավարությունը նրանք էին ձեւավորում եւ, եթե նրանք այսօր ասում են, թե այն ժամանակ կար խորհրդարանական հանրապետություն, հենց իրենց պնդմամբ կառավարությունը Գերագույն խորհրդից խլեց կառավարություն ձեւավորելու լիազորությունը եւ վարչապետը (այդ ժամանակ՝ Վազգեն Մանուկյանը) ստացավ նախագահական լիազորություններ։ Հայաստանում նախագահական կառավարման անցնելու առաջին քայլը կատարել է ԱԺՄ լիդեր Վազգեն Մանուկյանը»։ Նույն Շավարշ Քոչարյանի կարծիքն այս մասին, մեղմ ասած, մի քիչ այլ է։ 90-ականներին պաշտոններ ստացած պատգամավորները «հենց պաշտոն էին ստանում, սկսում էին քվեարկել այնպես, ինչպես պարտադրվում էր»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել