ԱԺ երբեմնի նախագահ Խոսրով Հարությունյանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե որքանով են տեղին ԱԺ գործող նախագահի ուղեւորությունների պարբերականության մասին այսքան խոսակցությունները։ Եվ, առհասարակ, որքանո՞վ են նման ուղեւորությունները արդյունավետ։ – Ես կդժվարանամ մեկնաբանել։ Ես լիարժեք իրավիճակին չեմ տիրապետում։ Օրինակ, ինձ հասկանա… ինձ հայտնի չէ, որոնք են եղել այն դրդապատճառները (գոնե մամուլում այդ մասին չի գրվել, եւ ինքը՝ Արմեն Խաչատրյանն էլ այդ մասին չի ասել), որ մեկնեց այս կամ այն երկիր։ Մեկնեցին Միացյալ Նահանգներ. դա պարտադրված էր, ինտերպառլամենտի գործունեության մասնակցելն ուղղակի անհրաժեշտ է, Եվրախորհրդի գործունեությանը մասնակցելը եւս ուղղակի անհրաժեշտ է։ Ես որակումներից զերծ կմնամ։ Համաձայնեք, որ ինձ նույնիսկ չի էլ սազի։ Հասկանում եք, չէ՞։ Ես իմ կարծիքն ունեմ, բայց կարծում եմ նաեւ, որ շատ բաներում նաեւ Արմեն Խաչատրյանն ինքը պետք է շրջահայաց լինի։
Լ. Ա.
«ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ, ՀՈՐԱՑԻՈ, ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ»
Կարդացեք նաև
Պաշտոնական այցով Հայաստանում է Սիրիայի մշակույթի նախարար եւ բավականին հմայիչ տիկին Մհա Կանուտը։ Օրերս նա հյուրընկալվել էր նաեւ Ազգային ժողովում, ուր, ըստ մեր ունեցած տվյալների, ԱԺ աշխատակազմը ընդամենը երեք շիշ «Ջերմուկի» հնարավորություն է ունեցել տիկնոջն ընդունելու։ Որքան մեզ է հայտնի խորհրդարանական մեր աղբյուրից, ԱԺ մշակույթի, կրթության եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, ինչպես կարգն է, այսինքն՝ հատուկ դիմում է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար պրն Քոթանյանին՝ խնդրելով տիկին նախարարին ընդունել հավուր պատշաճի եւ ոչ իր կաբինետում, որն այնքան էլ հարմար չէ նման հյուրընկալությունների համար։ Սակայն պարզվել է, որ ավելի ներկայանալի սենյակներում իրենց հյուրերին կարող են ընդունել միայն ԱԺ նախագահն ու փոխնախագահները։
Ինչպես նշեցինք, տիկնոջը «հավուր պատշաճի» են ընդունել՝ հյուրասիրելով երեք «Ջերմուկով»։ Վերջինս հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանին իր երկրի անունից նվեր է փոխանցել։ Դժվար չէ պատկերացնել, թե հանձնաժողովի նախագահն ինչ անհարմար վիճակում է հայտնվել, երբ ԱԺ-ն մի գիրք էլ նպատակահարմար չի գտել նվիրել տիկնոջը՝ պատճառաբանությամբ, թե նախատեսել էին խաչքարերի ալբոմ նվիրել, սակայն, քանի որ Սիրիան մուսուլմանական երկիր է, հարմար չեն գտել։
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ՞ ՀԱՍԿԱՑԵԼ
«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով ռադիոկայանի աշխատակցի հարցին. «Դուք պատրա՞ստ եք կոալիցիայի մեջ մտնել», ասաց, որ Արամ Սարգսյանի կառավարության ժամանակ այդպիսի փորձ արվեց, հայտարարության տեքստ կազմվեց երկիրը ծանր վիճակից հանելու, բայց այդ հայտարարությունից այն կողմ գործն առաջ չգնաց։ Արդյոք դաշնակցությունը խուսափո՞ւմ է պատասխանատվությունը վերցնել. «Մենք չենք խուսափում, մենք պատրաստ ենք ամենալուրջ պատասխանատվությունը վերցնելու, կարգ ու կանոն հաստատելու, բայց դե պրոցեսները այնպես չընթացան, ինչպես մենք կուզեինք։ Այդուամենայնիվ, մենք այսօր նորից պատրաստ ենք պատասխանատվությունը վերցնել, բայց պետք է հստակ իմանանք՝ ինչի՞ շուրջ ենք միավորվում, խնդիրը ձեւակերպվի, հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում անել ու էդ բանը իսկապես սկսենք անել»։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունների նկատմամբ քննադատական կեցվածք ունեցող «XXI դար անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի «Արշավիր» ՍՊԸ-ում ստուգումներ են ընթանում, որը, ըստ պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանի, բնավ պետք չէ քաղաքականացնել։ Օրինակ, նախարարը, մասնավորապես, տեղեկացրեց, որ միանգամայն պատահաբար ոմն Գրիգորի Աղաբալյան, իր քաղաքացիական պարտքը կատարելով, զեկուցել է պետեկամուտների նախարարություն, որ պրն Վարդանյանը բանվորներին տալիս է մի աշխատավարձ, իսկ հարկային մարմինների համար ֆիքսում մեկ ուրիշը՝ չվճարելով եկամտահարկ։
Սեփ. լր.
ՈՎ ԴՈՒ ԳԱԼԻՔԻ ԽՈՒՃՈՒՃ ՏՂԱ
Մեր թերթի նախորդ համարներից մեկում լրատվություն էր տպագրված այն մասին, որ թաղային հեղինակություն Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն)՝ դառնալով սկզբում պատգամավոր, իսկ այնուհետեւ՝ նախարար, այժմ Ազգային ժողով է անցկացնում իր եղբորը։ Լրատվության հեղինակը թերթի գլխավոր խմբագիրն էր։
Երեկ «Առավոտը» ստացավ մի նամակ, որում քաղաքացին տալիս է այդ լրատվության քնարական պատասխանը, որը եւ ներկայացնում ենք առանց կրճատումների եւ խմբագրման։ 151 (1319) 17 օգոստոսի 2000թ. համարում տպագրվել է «Էս ի՞նչ ենք անում ախպերներով» հոդվածը։ Հոդվածագրի հեղինակը հայտնի չէ։ Այդպես էլ չհասկացանք, թե ի՞նչ է ուզում հայտնել հոդվածագիրը եւ նրա տպագրողը։ Ես՝ ձեր թերթի ընթերցողս, ստիպված եմ իբրեւ պատասխան օգտագործել հանճարեղ մեծանուն բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի պամֆլետը։ «Անստորագիր պամֆլետ էր լույս տեսել իմ մասին Ես չէի ընթերցել պարոնայք ընկերներս ասին։ Բայց գաղտնիք չմնաց նրա ինքնությունը ինձնից. Նա ինձ ճանաչել էր իմ խայթոցներից, իսկ ես նրան՝ ականջներից»… (Կներեք, որ թարգմանությունը բառացի չի կատարված)։ Այո՛, երկիրը պիտի ղեկավարեն հասարակության ընտրյալ գանգրահեր տղերքը, ինչպես կտակել էր անմահ Եղիշե Չարենցը եւ ոչ թե փողոցային նպարավաճառը, «Յոթ ծովի մերանները» ջուր պղտորողները։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայրենական պատերազմի վետերան,
հանրապետության վաստակավոր ուսուցիչ,
անհատական կարգի թոշակառու