Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 07,2000 00:00

ՊԵ՞ՏՔ Է ԱՍԵԼ՝ «հԸԾ ԺձՀԸԽ» Նախկին նախարարները ծանոթանում են բարեկրթության կանոններին Նախկին նախարարները, մասնավորապես Արա Բաբլոյանը, Հենրիկ Քոչինյանը, Ֆելիքս Փիրումյանը, Գրիգոր Պողպատյանը, Գալուստ Ղամազյանը եւ էլի ուրիշներ, որոշելով, որ այլեւս անտանելի են վարչապետների, նախարարների եւ նախագահների՝ միմյանց վարկաբեկելու, բամբասելու, մեղադրելու ավանդույթները, 98-ին որոշել են գրանցել «Նախարար-ակումբ» հասարակական կազմակերպությունը։ Իհարկե, դժվար է ասել, թե վերոնշյալ նախարարների գործունեությունը որքանով էր անբասիր եւ քննադատություն եւ պարսավանք չհանդուրժող, սակայն սա արդեն ուրիշ պատմություն է։ Այսօր «Նախարար-ակումբն» ունի 38 անդամ՝ նախկին նախարարներ եւ վարչապետներ։ Հանրապետության միակ նախկին նախագահը որեւէ կերպ չի արձագանքել ակումբի անդամ դառնալու առաջարկին։ Հերթական հանդիպումներից մեկում «նախկինները» որոշել են իրենց նախագահ կարգել երբեմնի նախարար, վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին, որից էլ մի քանի հարցեր փորձեցինք ճշտել։ Ըստ պրն Հարությունյանի՝ ակումբի նպատակն է՝ փորձել ձեւավորել քաղաքական պաշտոնյաների շփումների, վարքագծի առողջ ավանդույթներ. «Մենք հաճախ ականատես ենք լինում, երբ նշանակում են նոր նախարար, ապա, ցավոք, երբեմն նրա առաջին քայլերից մեկը լինում է իր քաղաքական իմիջը ձեւավորել նախկինին հերյուրելով, նախկինի արածը փնովելու ճանապարհով։ Կյանքը ցույց է տալիս, որ դա ամենաճիշտ ճանապարհը չէ»։ Գուցե թե դա ամենաճիշտ ճանապարհը չէ, սակայն մեր նորօրյա պատմությունը հավաստում է, որ դա ամենաարդյունավետ ճանապարհն է՝ պաշտոն ստանալու եւ այդ պաշտոնում մնալու։ Ամեն դեպքում, «նախկինի» հոգեբանությունն իրեն կարող է թույլ տալ սենտիմենտալ եւ ռոմանտիկ լինել, այնպես որ «ակումբի նպատակն է՝ ապահովել կապը գործողների եւ նախկինների միջեւ, ապահովել անկաշկանդ, չպարտավորեցնող շփումների միջավայր, ապահովելով նաեւ ժառանգականություն, հանդուրժողականություն, փոխադարձ ճանաչման եւ հարգանքի հիման վրա վարքագծի չգրված կանոններ»։ Զարմանալի է, որ նախարարները միմյանց հետ աշխատանքի պրոցեսում շփվելու, միմյանց չճանաչելու ավանդույթ ունեն, կամ որ միմյանց չվարկաբեկելու եւ չբամբասելու համար անհրաժեշտ չափով բարեկիրթ չեն։ Եվ որ ակումբը այս պարագայում կօգնի «կարմիր կովին՝ փոխել կաշին»։ Պրն Հարությունյանը, միայն իրեն հատուկ դեմքին անկեղծության արտահայտություն տալով, հավատացնում էր, որ «կառավարությունում կարելի է տարիներ շարունակ աշխատել, շփվել, բայց չճանաչել մարդուն»։ Խոսրով Հարությունյանը վարչապետ եղած ժամանակ, իր ասելով, ճանաչել է կառավարության անդամներին միայն գործնական հատկանիշներով։ «Պատկերացրեք, այն նախարարները, որոնց հետ ես աշխատել եմ որպես վարչապետ, այսօր նրանց հետ շփվելով՝ նրանց մեջ նոր բաներ եմ տեսնում որպես մարդ, որպես անհատ, որպես անձ»։ Ու նույնը խոստովանում են նաեւ «նախկինները»։ Ակումբն ունի վարքագծի ձեւավորման չգրված կանոններ։ Ասենք՝ ինչպե՞ս արտահայտվել գործընկերոջդ հասցեին, ինչպե՞ս քննադատել՝ ոչնչացնե՞լ, թե՞ օգնել ուղղվելու։ Ակումբն ունի «մի փոքր» օֆիս, թե որտեղ՝ պրն Հարությունյանը չասաց։ Արդեն դիմել են կառավարությանը՝ նոր տարածք վերցնելու դիմումով։ «Որքա՞ն անդամավճար են մուծում անդամները» հարցին ակումբի նախագահը կարճ կապեց՝ «Ձե՞զ ինչ»։ Նախարարներն ու վարչապետներն իրենց մաքուր կենսագրությամբ աչքի չեն ընկնում։ Կաշառակերության, ապօրինի գործարքների, օրինախախտումների բազմաթիվ դեպքեր կան։ Ձերբակալված է թեթեւ արդյունաբերության երբեմնի նախարար Թեյմուրազյանը, մութ պատմություն կա Սեպուհ Թաշճյանի շուրջ։ Պատրաստվո՞ւմ է կոնտակտի մեջ մտնել ակումբը իր ձերբակալված կոլեգայի հետ կամ փորձելո՞ւ է որեւէ կերպ միջամտել նախարարի երբեմնի պաշտոնակատար Աշոտ Բլեյանի անվերջ ձգձգվող դատավարությանը։ «Գիտե՞ք, մենք աշխատում ենք ակումբի անդամների՛ հետ։ Դա չի նշանակում, որ ես՝ որպես անհատ, չեմ կարող շփվել նախկին նախարարի հետ, որը մեր ակումբի անդամ չէ։ Ակումբը իր անդամներից դուրս որեւէ գործունեություն չի ծավալում։ Մենք՝ ակումբով, քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել