Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 06,2000 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԳՐԵԼՈՒ ՋԱՆՔՈՎ Գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում նրանց ձայները, ովքեր ատելությամբ են լցված 1988-ի շարժման նկատմամբ։ Հիմնականում սրանք այն մարդիկ են, որոնց պաշտոնական առաջխաղացումն ընդհատվեց այս շարժման գործիչների ձեռքով։ Թերեւս հենց այս դրդապատճառներով են բացատրելի 1992-ի սկզբից ՆԳ համակարգից հեռացած գնդապետ Կառլեն Թորոսյանի հրապարակային բացահայտումները, թե Հայոց ազգային բանակ անվանյալ կառույցը ստեղծել էր «Ղարաբաղ» կոմիտեն. «Եվ երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, իսկ ՀԱԲ-ն էլ օրեցօր դարձավ իր հովանավորներին ավելի քիչ ենթարկվող ու անվերահսկելի (մի բան, որ դժվար չէր նախօրոք կանխատեսել), բախումն անխուսափելի էր»։ Այս անսպասելի գյուտը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք «Արմատ» կազմակերպության ներկայացուցիչ Տեր-Հուսիկ Լազարյանին, որը տեւական ժամանակ գլխավորել է ՀՀՇ վարչությունը։ – Իրականությանը համապատասխանո՞ւմ է այն պնդումը, թե ՀԱԲ-ը ստեղծել էր ՀՀՇ-ն, քանի որ նրան պետք էր նման զինված կազմավորում։ – Սա ուղղակի անհիմն հայտարարություն է։ 1990-ին Նոյեմբերյանում սահմանային ընդհարումների ժամանակ ՀԱԲ-ը եւ ՀՀՇ-ի, այսպես ասած, հովանավորությունը վայելող երկրապահներն իրարից բոլորովին առանձին ու անկախ էին գործում։ Եվ լուրջ խնդիր էր առաջացել ինչ-որ ձեւ գտնել՝ միավորելու այդ ուժերը։ Վազգեն Սարգսյանն այդ ժամանակ ՀՀՇ վարչության որոշմամբ գործուղվեց Նոյեմբերյան, որ կարողանա այդ գործունեությունը համատեղելու ինչ-որ ձեւ գտնել։ Եթե ՀՀՇ-ն ստեղծած լիներ՝ ենթակայության կամ համագործակցության խնդիրները չէին լինի, որ առաջանում էին մշտապես։ Այս անհող պնդումն ուղղակի նորաձեւ քայլ է. ինչպես ամեն ինչ՝ ՀԱԲ-ն էլ կապում են ՀՀՇ-ի անվան հետ։ Այս հնարքն օգտագործում են սեփական կերպարը հերոսացնելու համար նաեւ։ – Իսկ հիմնավո՞ր է Կառլեն Թորոսյանի այն պնդումը, թե ՀԱԲ-ի զինաթափումից հետո զենքերի մի մասը մնաց ՀՀՇ-ի վերնախավի հովանավորությունը վայելող ջոկատների մոտ, ամբողջ զենքը չհանձնվեց։ – Ինձ համար մինչեւ հիմա էլ պարզ չէ, թե այդ տարիներին որոշակիորեն որքան զենք հափշտակվեց եւ ինչքանը վերադարձվեց։ Իշխանությունները երեւի պիտի հատուկ վիճակագրություն անցկացնեին։ Համոզված չեմ, որ անօրինական զենքերը 100%-ով վերադարձվել են։ Բայց նաեւ վստահ եմ, որ եթե չի էլ վերադարձվել, ապա որեւէ լուրջ կազմավորման, կազմակերպված ջոկատների կամ քաղաքական միավորների ձեռքին անօրինական զենքեր չեն եղել։ Այս պնդումն էլ, կարծում եմ, անհիմն է։ Հավանաբար անհատների մոտ է մնացել։ Մանավանդ, որ կար պաշտպանության նախարարի հրամանը, որով թե երկրապահներին, թե կռված զինվորներին թույլատրվել էր զենք պահել։ Այսինքն, սա համարում եմ օրինական։ Չեմ բացառում, որ գուցե ինչ-որ մարդիկ այդ զենքերը պահում են որպես հիշատակ։ – Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, ո՞վ էր ՀԱԲ-ի «կնքահայրը», ովքե՞ր հրապարակ բերեցին այդ ռազմականացված կառույցը։ – 100%-ով պնդելը շատ դժվար կլիներ, բայց տարիներ անց վերլուծելով այդ օրերի գործընթացները՝ ավելի շատ հակված եմ կարծել, որ ՀԱԲ-ը ստեղծել ու հովանավորում էր այդ պահին գործող իշխանությունը։ Նրանց էր դա ավելի շահավետ։ Եկեք վերլուծենք, որ ավելի պարզ դառնա։ ՀԱԲ-ը ձեւավորվեց 1989-1990-ին, երբ իշխանության էին կոմունիստները։ Եվ այդ կազմավորման նկատմամբ որեւէ քրեական գործ կամ խնդիր չի հարուցվել։ Մինչդեռ ակնհայտ էին բացի զենքերի հափշտակումից, նաեւ՝ ավտոմեքենաների զանգվածային հափշտակությունները։ ՀԱԲ-ին անդամագրվում էին բացահայտ։ Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես Կոմիտասի պողոտայի վրա գտնվող Կույրերի միավորման գրադարանում ՀԱԲ-ը զինված մարդկանց զորահավաք էր անցկացնում բացահա՛յտ, այն ժամանակվա գործող իշխանությունների թողտվությամբ։ – Իսկ նպատակը ո՞րն էր։ Կոմունիստական իշխանությանը հարկավո՞ր էր ՀԱԲ-ի նման մի կառույց։ – Կարծում եմ, եթե ոչ հայկական, գոնե կենտրոնական իշխանություններին այն ձեռնտու էր, որ հետագայում հիմքեր ստեղծեին ներքին հակասություններ, զինված ընդհարումներ, խժդժություններ եւ հանրապետությունում անկայուն վիճակ առաջացնելու համար։ Սա բացահայտ նպատակ էր։ Ինչո՞ւ հենց Անկախության հռչակագրից հետո բացահայտվեց ՀԱԲ-ը։ Քանի որ անհրաժեշտ էր փորձել պայթեցնել այդ ականը, որ նրանք նախապատրաստել էին ավելի վաղ։ Եվ պատահական չէ, որ Հռչակագրի հետ է կապվում ՀԱԲ-ի ներխուժումը խորհրդարան եւ հետագայում նրանց անհնազանդությունը։ Սա ապացուցում է, որ նրանք այդ ծրագրի մասն էին։ Չեմ ուզում ասել՝ անխուսափելիություն, բայց այս նռնակը պիտի պայթեր՝ ՀԱԲ-ն այդ նպատակով էր ստեղծվել։ Եվ պայթյունն այդ պահին էր հարմար։ Մասամբ հասան իրենց նպատակին, երբ Հռչակագրից հետո նորաստեղծ իշխանությունը, դժբախտաբար, ստիպված արտակարգ դրություն էր հայտարարել։ Դա արդեն կարող էր հետեւանքներ ունենալ՝ պատկերացրեք, ժողովրդավարական, հակակոմունիստական ուժերը գալիս են իշխանության եւ առաջին քայլերից մեկը արտակարգ դրության հաստատումն է։ Միայն այս փաստը բավարար է ցույց տալու համար, թե ում դեմ էր ուղղված այդ ռումբը։ – ՀԱԲ-ի վերաբերյալ հրապարակումներն այժմ Ազատամարտի վետերանների միությունն է հերքում։ Այստեղ այդ տարիների ջոկատների այլ դեմքեր էլ են ի մի եկել՝ Սարիթաղցի Վրեժը, Ճայ Մայիսը եւ այլք։ Պատահակա՞ն եք համարում, որ հենց այժմ քաղաքականություն ներխուժեցին այս անձինք։ – Չեմ կարծում, որ սա պատահական է, եւ ակնհայտ են քաղաքական նպատակները։ Այն ժամանակ ՀԱԲ-ի հակակշիռը «Երկրապահն» էր։ Հիմա էլ փորձում են «Երկրապահի» դեմ օգտագործել բոլոր ուժերը, այդ թվում եւ ՀԱԲ-ը կամ նրա մոդիֆիկացիաները, իհարկե, ձեռքի հետ, ինչպես ընդունված է, նաեւ ՀՀՇ-ին վարկաբեկելով։ Սա վերջին տարիների քաղաքական կուրսի հետեւողական շարունակությունն է՝ միայն սեւացնել, ոչ մի դրական բան չտեսնել։ Սա նախանշված էր՝ դեռ դաշնակցության հանրահավաքում փորձեցին այդ փսիխոզը ստեղծել։ Երկու տարի առաջ սկսված այս գործընթացից բխող տրամաբանական ենթադրություն է, որ միայն իշխանական լծակներով ու իշխանական մամուլով հիստերիայի բորբոքումը կարծես թե սպառում է իր լիմիտը։ Եվ հարկավոր է անընդհատ նոր յուղ ավելացնել կրակին՝ նոր գործող անձինք ներգրավել, նոր լիցքեր հաղորդել։ Բարեբախտաբար, դա դատապարտված ճանապարհ է։ Մի կողմից ուրախացնում է, որ գոնե արդեն մի պաշարը վերջացել է, որ նոր ուժեր են ներգրավվում։ Մյուս կողմից՝ տխրեցնում, որ այդ գործընթացը շարունակվում է եւ նորմալ երկիր դառնալու հույսերն իսկապես դարձյալ ի դերեւ են ելնում։ Ավտորիտարիզմի եւ դիկտատուրայի անզուսպ ձգտումը, որ առկա է, բնական է, որ պետք է դրդի նրանց գնալ այդ ուղղությամբ։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել