Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 06,2000 00:00

ԿԸՀ-ՈՒՄ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԳԵՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Սահրադյանը հանձնաժողովի երեկվա նիստում պնդում էր, թե ցանկալի է, որ ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին լինի, թեեւ նրա ձեւավորման սկզբունքները քաղաքական են։ Սա միայն ցանկություն էր, մինչդեռ իրականությունն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների օրոք ԿԸՀ-ն իր իշխանամետ մեծամասնությամբ հիմնականում իշխող վարչախմբի իջեցրած պատվերների տեղադրողն է եղել եւ մնում է որպես այդպիսին։ Այս է, թերեւս, պատճառը, որ ժամանակին ընտրական հանձնաժողովի ձեւավորման մեխանիզմները Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված բուռն բանավեճի պատճառներից մեկն են եղել։ ԿԸՀ-ում երեկ բանավեճ ծավալվեց մի հարցի շուրջ, որն արտաքուստ սովորական աշխատանքային հարց էր թվում։ Պարզվում է սակայն, որ ապաքաղաքական այս հանձնաժողովում ԿԸՀ փոխնախագահի ընտրության հարցը կարող է նաեւ քաղաքականացվել, եթե այդ ընտրությունը քաղաքական որոշակի շրջանակների շահերին է առնչվում՝ անգամ այն դեպքում, երբ այս պաշտոնը առանձնակի իրավասություններ չունի։ Բանն այն է, որ ԿԸՀ փոխնախագահ Վանյա Մխիթարյանը, որ առաջադրվել էր կոմկուսի կողմից, վերջերս նշանակվել է պետական ունեցվածքի կառավարման փոխնախարար։ Կուսակցությունը նրա փոխարեն ԿԸՀ անդամ է առաջադրել Վ.Սուքիասյանին։ Հանձնաժողովի անդամները երեկ նոր փոխնախագահ պետք է ընտրեին եւ ամենեւին էլ պարտադիր չէր, որ այս նոր փոխնախագահը եւս կոմունիստ լիներ։ Մինչ հանձնաժողովը նիստ կգումարեր, կուլիսներում արդեն խոսակցություններ կային, թե կառավարությունն այդ տեղն «առել» է կամ պարզապես խոստացել է կոմունիստներին։ Ավելի ուշ, արդեն հանձնաժողովում ծավալված քննարկումների ժամանակ ԱԺՄ-ական Վահե Վարսանյանը հաստատեց այս տեղեկությունները՝ հայտարարելով, թե իրականում լուրջ խարդավանքներ են տեղի ունեցել։ Նա ԿԸՀ փոխնախագահի ընտրությունը պայմանավորեց ԱԺ-ում տեղի ունեցող քաղաքական վերադասավորումներով։ Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ու կոմկուսի առաջնորդների միջեւ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որի էությունը «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքն է։ Ավելի պարզ՝ վարչապետը կոմկուսին խոստացել է, բացի փոխնախարարի պորտֆելից, կոմկուսին թողնել ԿԸՀ փոխնախագահի պաշտոնը, որի դիմաց կոմունիստների խորհրդարանական խմբակցությունը ԱԺ-ում առաջիկա վերադասավորումների ժամանակ կպաշտպանի Տիգրան Թորոսյանի թեկնածությունը՝ իբրեւ ԱԺ նոր նախագահի։ ԿԸՀ-ում ԱԺՄ-ի եւ «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները փորձեցին ձախողել ի սկզբանե կանխորոշված ընտրությունը եւ փոխնախագահի պաշտոնում առաջադրեցին Ռուբեն Մանուկյանին, որն առաջադրվել է ՀՀՇ-ի կողմից։ Վ.Սուքիասյանը խոստովանեց, թե ինքն այս գործում ավելի անփորձ է եւ Ընտրական օրենսգիրքն էլ այնքան լավ չգիտի, բայց կաշխատի ուսումնասիրել։ Ռ.Մանուկյանը հանձնաժողովի անդամ է եղել նաեւ նախկին ԿԸՀ-ում եւ աշխատանքային մի քանի տարվա փորձ ունի։ 67-ամյա Վ.Սուքիասյանի միակ առավելությունն այն էր, որ նա 60-ականների վերջին եւ 70-ականների սկզբներին Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյի խորհրդականն է եղել։ Ըստ էության բանավիճելու շատ բան չկար, քանի որ հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներն էլ հասկանում էին, որ պատվերն իջեցված է եւ գործը պետք է արվի։ Հանձնաժողովի անդամների մի մասը սեփական բիզնես ունի, մյուսն էլ կուսակցության պատվերն է կատարում, իսկ ճնշումներն ու շանտաժն աննախադեպ մեծ թափ են ունեցել։ Ոմանք պնդում էին, թե վարչապետը հանձնաժողովի գրեթե բոլոր անդամների հետ անհատական աշխատանք է տարել։ Ի վերջո, քվեարկության պահը եկավ։ Կոմունիստ Վ.Սուքիասյանին՝ ԿԸՀ փոխնախագահի պաշտոնում ընտրելու օգտին քվեարկեցին 7, իսկ Ռուբիկ Մանուկյանի օգտին՝ 3 անդամ, որոնցից մեկն ինքն էր, մյուս երկուսը՝ ԱԺՄ-ի եւ «Հայրենիք» դաշինքի անդամները։ Վերջում, երբ ընտրությունն արդեն կայացել էր, հանձնաժողովի անդամները սկսեցին անգամ կատակել։ Նրանցից մեկը կարծիք հայտնեց, թե լավ կլիներ, որ հանձնաժողովի նախագահը հենց Ֆիդել Կաստրոն լիներ։ «Նա շատ հայրենասեր մարդ է եւ իր հող ու ջուրը չի թողնի գա»,- զարմացած տոնով, բայց լուրջ-լուրջ պատասխանեց կոմունիստ Սուքիասյանը։ «Էս մարդը կատակն էլ չի հասկանում»,- վրա բերեց լրագրողներից մեկը։ ԿԸՀ երեկվա նիստն այսքանով ավարտվեց։ Թե ի՞նչ կտա կոմկուսին ԿԸՀ փոխնախագահի պաշտոնը, նիստի ընթացքում արդեն Վ.Վարսանյանը պարզաբանել էր՝ 140 հազար դրամ աշխատավարձ։ Իսկ թե ի՞նչ կտա այն հանրապետական Տիգրան Թորոսյանին՝ պարզ կլինի առաջիկայում, եթե, իհարկե, պահը գա եւ նրան առաջադրեն ԱԺ նախագահի թեկնածու։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել