Դեռ մայիսի 30-ին «Առավոտում» հրապարակված հարցազրույցում ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի կատարման մեջ մեղադրվող Սասուն Աղաջանյանի քույրը՝ Ռուզաննան եւ պաշտպանը՝ Էդվարդ Աղաջանյանը հայտնել էին, որ չնայած լուրեր կան, որ Սասունը շատ վատ է ու մինչեւ դատարան դժվար հասնի, բայց շուրջ երկու ամիս նրա հետ որեւէ մեկը չի հանդիպել, որ կասկածները փարատվեին։
Էդվարդ Աղաջանյանն այդ ժամանակ հայտարարել էր. «Եթե Սասունի հետ մի բան պատահի՝ պատասխանատուն ԼՂՀ գլխավոր դատախազն է, քանի որ ես ժամանակին միջնորդել եմ, գանգատարկել, տեղեկանքներ ներկայացրել, որ նրա առողջական վիճակը վատ է, եւ ոչ մի արձագանք չի եղել»։ Հայտնի է, որ վերջերս Սասուն Աղաջանյանը Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխվեց՝ հոգեկան խանգարում ախտորոշմամբ։
Հետաքրքիր է, ԼՂՀ գլխավոր դատախազն իրեն պատասխանատու չի՞ զգում կատարվածի համար։
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՎՐԱ՞ ԵՆ ՀՈՒՅՍ ԴՐԵԼ
Կարդացեք նաև
10 տարի անց դարձյալ շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե Վիտյա Այվազյանին ու Գեղազնիկ Միքայելյանին ՀԱԲ-ականները չէին սպանել եւ այդ պատմությունը մութ ու չբացահայտված է։ «Հարուցվել էր քրեական գործ։ Ընթացել էր դատավարություն։ Դատարանը վճիռ էր կայացրել»,- այս առնչությամբ հիշեցրեց Տեր-Հուսիկ Լազարյանը։
«Առավոտի» թղթակիցն էլ այն ժամանակ լուսաբանել էր այդ դատավարությունը, երբ Վիտյա Այվազյանի ու Չաուշի սպանությունների համար դատապարտվեցին ՀԱԲ-ի երկու անդամներ։ Այսինքն՝ նրանց հանցանքը բացահայտված եւ ապացուցված էր։
Կարդացեք նաեւ էջ 3։
ԿՏԵՍՆԵՆՔ ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ
Ինչպես «Առավոտին» հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտելու աշխարհի առաջնության որակավորման փուլի մեր ազգային հավաքականի բոլոր արտագնա խաղերը։ Լուծված են հեռարձակման հետ կապված բոլոր նյութական խնդիրները։