Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 05,2000 00:00

Փոխանցիկ դրոշներ չեն լինելու Կոմկուսը խիստ հուշիկ եւ թեթեւ քայլերով, առաջին հայացքից՝ աննշմար, որպես «քնքուշ մութի թեւ», մտնում է կառավարության ամենավերին օղակները։ Օղակ-օղակ՝ շղթան երկարում է։ Այս պահի դրությամբ 25-26 կոմունիստ մեծ ու միջին պաշտոնյա է զբաղված գործադիր մարմիններում։ Թիվը երբեք կոնկրետ, ամբողջական չի նշվում՝ ասենք 25, քանի որ ժամ առ ժամ հնարավոր է մի նոր պաշտոնյա կոմունիստի հրապարակ գալը։ Ինչի՞ է պետք այն կուսակցությունը, որը չի ձգտում իշխանության, առավելապես սա կարող է կոմունիստներին վերաբերվել, քանի որ նրանք 70 տարի եղել են: Թերեւս կարելի է նորմալ վերաբերվել նաեւ այսօր պաշտոններ զբաղեցնող կոմունիստներին։ Բայց ընդունեք, երբ ստանձնվում է հարազատ կուսակցության գլխավոր գծին, գաղափարախոսությանը, սկզբունքներին հակադիր մի պաշտոն, ապա պարզապես մնում է զարմանալ. կոմունիստներ եւ սեփականաշնորհում՝ սոցիալիստական եւ կապիտալիստական թեմաներով։ Կոմունիստ Վանյա Մխիթարյանը՝ պետական գույքի կառավարման փոխնախարար։ Դեռ լավ է, նախարարության անվանումն է փոխված՝ «սեփականաշնորհման» բառը դուրս է նետված։ Մի՞թե ընկերները որոշել են երկրի համար այս ծանրագույն ժամանակներում դեմ գնալ կուսակցության սկզբունքներին։ Այս մասին զրուցեցինք ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հետ։ Որքանո՞վ են կոմունիստները համապատասխան սեփականաշնորհման փոխնախարարի պաշտոնին։ Ընկեր Դարբինյանն այն կարծիքին է, որ. «Նախարարությունը մնում է նախարարություն։ Այդ նախարարությունում էլ շոշափվում են մեր ժողովրդի շահերը, մեր ազգային շահերը, ինչպես մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություններում։ Այնտեղ շատ ավելի աչալուրջ աչք է պետք, որպեսզի հսկեն օրենքների իրականացումը, որպեսզի ժողովրդի քրտինքով ստեղծված մեծարժեք գործարանները օբյեկտների իրենց հաշվեկշռային արժեքից հարյուրապատիկ ցածր չբաշխվեն, չտրվեն։ Եվ որքան հնարավոր է, պատնեշվի սեփականաշնորհման ճանապարհը։ Այնպես որ, որոշ մարդկանց եթե թվում է՝ կարելի՞ էր մտնել սեփականաշնորհման նախարարություն, պատասխանեմ՝ իսկ ինչո՞ւ չի կարելի։ Եթե հետեւենք այս ձեւական տրամաբանությանը, ուրեմն, այսօրվա ԱԺ-ն էլ բուրժուական է, մենք ի՞նչ գործ ունենք այդ Ազգային ժողովում»։ Վլադիմիր Դարբինյանի ասելով՝ 25-26 կոմունիստ պաշտոնյաները. «չդավաճանելով իրենց համոզմունքներին, իրենց կուսակցության ծրագրին եւ կանոնադրությանը, հնարավոր ամեն ինչ անելու են ժողովրդին հասցնելու նրա համար նախատեսված չնչին կոպեկները, էս աղքատ երկրի աղքատ բյուջեից»։ Կոմունիստներն այլեւս անթաքույց հայտարարում են, որ իրենք փորձում են իշխանության կառույցներ մտնելով՝ ներսից իրենց գործն անել։ Իսկ իրենց գործը քիչ չէ։ Թեպետ այսպիսի պրակտիկա միջազգային կոմունիստական կուսակցությունը դեռեւս 50-ականներին էր որդեգրել, բայց դա չի նշանակում, թե փորձը ժամանակին բոլոր երկրներում հաջողվեց։ Երեկ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը հանդիպել էր Արմավիրի տարածքային կազմակերպության կուսակցական ակտիվի հետ։ Ակնհայտորեն հանդիպումը բուռն էր եղել։ Մարդիկ կոնկրետ եւ կտրուկ քայլեր էին պահանջել։ Ոմանք առաջարկել էին ամեն շաբաթ հանրահավաք անցկացնել։ Շատերը դժգոհել էին՝ կուսակցությունը կառավարության մեջ մտնելուց բացի ուրիշ ի՞նչ է անում։ Իսկ կուսակցությունը երեւի բացատրել էր՝ որ այս պահին այսպես է հարկավոր, պետք է կամաց-կամաց մտնել, տեղավորվել եւ հարմար պահի հարվածել։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել