Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 05,2000 00:00

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍ «Վիկինգները» հայերին ակնհայտորեն թերագնահատել էին: Աշխարհի դասակարգման մեջ 7-րդ տեղը զբաղեցնող Նորվեգիայի հավաքականին թվում էր, թե ակադեմիական, գրոսմայստերական խաղով նրանք հեշտությամբ կգերազանցեն Հայաստանի հավաքականին: Ուստի նրանց գրոհները միապաղաղ էին ու մի տեսակ «ձեւական», իսկ խաղում ընդհանրապես պակասում էր երեւակայությունը: Մերոնք, հակառակը, խաղացին բարձր տրամադրությամբ: Տղաների «դուխը տեղն» էր՝ նրանք չէին ընկճվում մրցակիցների բարձր կոչումներից: Չգիտեմ, գուցե ցանկալին իրականի տեղ եմ դնում, բայց, կարծես թե, զգացվում էր, որ մեր խաղացողների մոտ կա ազգ, պետություն ներկայացնելու պատասխանատվությունը: Այո, Հայաստանի հավաքականը հիմնականում պաշտպանվում էր, բայց այդ պաշտպանությունը անկազմակերպ եւ հուսահատ «ատբոյի» տպավորություն չէր թողնում: Բարի խոսքերի է արժանի Հայաստանի Ազգային հեռուստատեսությունը, որն առաջին անգամ խաղի ուղիղ հեռարձակում էր կազմակերպել «հեռավոր» արտասահմանից: Անմիջական էր եւ համակրելի մեկնաբան Կարեն Գիլոյանը, որը խաղի 94-րդ րոպեին անկեղծորեն հորդորում էր. «Դատավո՛ր, սուլի՛ր, ավարտի՛ր խաղը»: Իսկապես, ցավալի կլիներ, եթե այդ ավելացրած ժամանակում մենք «գոլ ուտեինք»: Հիշո՞ւմ եք, 1971 թվականին «Արարատի» հետ խաղում Մոսկվայի բանակայինների դարպասապահ Շմուցը անհավատալի թյուրիմացությամբ, դատարկ տեղը, սեփական ձեռքերով գնդակն ուղարկեց իր դարպասը, եւ խաղն ավարտվեց 1:0՝ մեր օգտին: Հաղթել Մոսկվայում ԲԿՍԱ-ին՝ այն ժամանակ մեզ համար մոտավորապես նույնն էր, ինչ այսօր Օսլոյում Նորվեգիայի հետ ոչ-ոքի խաղալը: Այն ժամանակ ոմանց թվում էր, թե պարզապես բախտներս է բերել: Բայց հետո պարզվեց, որ՝ ոչ, խաղի նոր որակ է ձեռք բերվել, եւ հետագա տարիներին «Արարատը» հաղթում էր բազմաթիվ ահեղ մրցակիցներին: Գուցե այս անգամ էլ նույնը լինի Հայաստանի ազգային հավաքականի՞ հետ: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել