Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 05,2000 00:00

ՎԱՆԴԱԿԻ ՄԵՋ Երեկ Աշոտ Բլեյանի ծննդյան օրն էր։ Դատաքննության 9 ամիսներն ապացույց դարձան, որ եթե քաղաքական պատվերն ու Երեւանի դատախազության՝ «մունդիրի պատիվը» փրկելու հուսահատ ջանքերը չլինեին՝ Աշոտ Բլեյանն իր ծննդյան օրը պիտի անցկացներ ազատության մեջ։ Այս դատաքննությունը թերեւս աննախադեպ է։ Քանզի։ Որեւէ այլ դատավարության ժամանակ նախաքննական մարմնի կողմից տուժող ճանաչվածները (ուսուցիչներ, ծնողներ) դատարանին չէին բողոքել, թե համաձայն չեն իրենց տուժող ճանաչելու՝ քննիչի որոշմանը, իրենք կրթահամալիրի տնօրենի կողմից չեն տուժել եւ հակառակը՝ շնորհակալ են նրանից։ Դատարան ներկայացածների վկայությունները մեծ մասամբ շրջվել են Երեւանի դատախազության դեմ։ Վկաները պատմում են, թե ինչ ճնշումների եւ խաբեությունների միջոցով են կորզվել ցուցմունքներն Աշոտ Բլեյանի դեմ։ Մի օրինակ մեջբերենք՝ 19-ամյա վկա Մարտին Գալստյանը բաց եւ հրապարակային դատավարության ժամանակ պատմել էր, թե իր հարցաքննության ժամանակ քննիչը զենք էր դրել սեղանին եւ սպառնացել, թե կիջեցնի նկուղ։ Դատավոր Իսկուհի Վարդանյանն առայժմ որեւէ ձեւով չի արձագանքել այս հայտարարություններին։ Ընդհանրապես, դատարան ներկայացած գրեթե ոչ մի վկայի ցուցմունքը նման չէ դատախազությանը տված ցուցմունքին։ Գրեթե յուրաքանչյուր վկա հերքել է մեղադրանքը՝ ապացուցելով Աշոտ Բլեյանի անմեղությունը։ Այս եւ չթվարկված այլ փաստարկներ էին վճռորոշը թերեւս, որ պետական մեղադրողները ստիպված եղան դեռեւս դատական վիճաբանությունների փուլին չհասած՝ հրաժարվել այս գործի երեք մեղադրող հոդվածներից։ Ասենք՝ պետական մեղադրողները վերջերս միայն հայտնագործեցին, որ կրթահամալիրի տանիքների վերանորոգման համար գումարները կամովին են տրամադրվել նաեւ գրավոր պայմանագրերի հիման վրա։ Սակայն առավել կարեւորը խարդախության վերաբերյալ կարճված մեղադրանքն էր, որ հիմնված էր Լեւոն Դռնոյանի ցուցմունք-ամբաստանությունների վրա։ Նրան այլեւս տուժող անգամ չեն ճանաչում։ Մինչդեռ հենց Լեւոն Դռնոյանի «PA»-ում հրապարակումն է դարձել այս քրեական գործի սկիզբը։ Հենց Լեւոն Դռնոյանի ամբաստանության հիման վրա փոխվեց Աշոտ Բլեյանի խափանման միջոցը, քանի որ նա բողոքում էր, թե իր վրա ճնշում է գործադրվում։ Հետաքրքիր է, այժմ Լեւոն Դռնոյանը պատասխանատվության կենթարկվի՞ որպես զրպարտիչ։ Սակայն այս ամենը, նաեւ՝ ֆրանսահայ իրավագետների եւ փաստաբանների միության անդամների եզրակացությունը, որ Աշոտ Բլեյանին առաջադրված մեղադրանքները զուրկ են իրավական հիմքից, նաեւ այն, որ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ դատարանին են դիմել բազմաթիվ պատգամավորներ, նշանավոր գործիչներ, կրթության ու գիտության նախկին նախարարները՝ որեւէ կերպ չի ազդում նրա ճակատագրի վրա։ Աշոտ Բլեյանը շարունակում է մնալ վանդակի մեջ։ Ամենահետաքրքիրն է, թե այս խայտառակ իրողությանն ինչպես են վերաբերվում այն ինստիտուտները, որ պիտի քաղաքացիական հասարակության հիմքը կազմեին։ Ասենք՝ մամուլը։ Մի շարք լրատվամիջոցներ իրենց էջերը ժամանակին չխնայեցին, որ հանգամանալից վերաշարադրվեն Աշոտ Բլեյանին ներկայացված մեղադրանքները։ Բայց երբ դրանք դատարանում ուղղակի փլվեցին թղթե տնակի նման, այդ լրատվամիջոցները խուլ ու համր ձեւացան։ Ստացվում է, որ այդ լրատվամիջոցները դատախազության շահերի միակողմանի ներկայացուցի՞չն էին միայն։ Բայց սա էլ դեռ ամբողջը չէ։ Վերջերս թերթերից մեկը Աշոտ Բլեյանի մասին գրեց, թե նրա «մեղավորությունն առանց դատարանի էլ հասարակությունը կասկածի չի ենթարկում» եւ անարգանքի սյունին գամեց մեղադրող կողմին, թե ինչո՞ւ է դատավարությունը ձգձգվում, ինչո՞ւ չի ապացուցվում Բլեյանի մեղավորությունը։ Երկրի ղեկավարությանն էլ բաժին հասավ, որ քաղաքական կամք չունի եւ նախկինների հաշիվները մաքրելու մտադրություն։ Ուրեմն՝ ինչ արժեք ունեն դատաքննության ընթացքում հայտնի դարձած վերոհիշյալ փաստերը. թերթը փաստորեն առանց հանգամանալից քննության հաշվեհարդարի կոչ է անում հրապարակա՛վ։ Թե Լինչի դատաստանի այս ծարավը որքանով է տեղավորվում լրագրության շրջանակներում՝ չարժե անգամ մեկնաբանել։ Ի դեպ, վերջերս շատ հարգելի մտավորականներից մեկն էլ գրեց. «Բլեյանիզմի դեմ սկզբունքորեն դիմակայող անձս, այնուամենայնիվ, փորձելով լրիվ կոտր չընկնել, ուզում է պաշտպանել Աշոտ Բլեյանին։ Եթե նույնիսկ ճիշտ են նրան վերագրվող մեղքերը, վանդակից դուրս բերեք այդ մարդուն եւ ավարտեք դատավարությունը, սիրելի իրավապահներ։ Դատեք վերջապես, սպանեք նրան, բայց վերջացրեք դատավարությունը։ Կաֆկայական ռեալիզմի մասնակիցներս հոգնել ենք, հոգնել անվերջանալի դատավարությունից»։ Պաշտպանության շատ ուրույն ձեւ է, այնպես չէ՞, դատավճռից էլ դաժան է հնչում։ Ինչեւէ։ Առանձնակի գաղտնիք չէ, թե ինչու Աշոտ Բլեյանի դատաքննությամբ ապացուցված անմեղությունը չեն ուզում ընդունել որոշակի շրջանակներ։ Նրա քաղաքական կամ կրթական բարեփոխումների ծրագրի հակառակորդ լինելը այնպես է ատելությունից կուրացնում ոմանց, որ անկարող են դիտարկել ակնհայտն իսկ։ Եվ արժե այստեղ մեջբերել այն անձանց անունները, որ անկախ Աշոտ Բլեյանի գաղափարների նկատմամբ իրենց ոչ դրական վերաբերմունքից՝ միջնորդել էին դատարանի առջեւ նրան ազատ արձակել. Վազգեն Մանուկյան, Արթուր Բաղդասարյան, Վարդան Այվազյան եւ այլք։ Չնայած այս միջնորդություններն անհետեւանք մնացին, բայց վերջերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները եւս մեկ անգամ հայտարարեցին, թե պատրաստվում են դիմել դատարան՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ։ Նաեւ առաջարկեցին որպես համերաշխության ու բողոքի նշան՝ միանալ այդ ակցիային։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ «Առավոտը» երկրորդում եւ միանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների ակցիային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել