ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐ ՀԱՇՎԵՆ Միայն թե ճուտ լինի Հավ եւ ճուտ չունեցող մեկի համար բոլորովին միեւնույնը պետք է լինի՝ ճտերը աշնանն են հաշվում, թե մեկ այլ եղանակի, կամ՝ հաշվո՞ւմ են ընդհանրապես։ Ունեցողներն էլ բոլորովին կարիք չունեն սպասելու մինչեւ աշուն՝ ճտերն իրենց աչքի առաջ են, թխսկանն իրենցն է, երբ կուզեն՝ կհաշվեն։ Պարապ եւ ծույլ մարդկանց համար է ստեղծված «ճտերն աշնանն են հաշվում» արտահայտությունը։ Հիմա՝ մերն է։ Ի՞նչ ճուտ կարող է տալ մի անդեմ մարմին։ Կարծես մինչեւ աշուն թխսկան եւ ձու ունեինք, որ հիմա էլ ճուտ հաշվենք։ Ի վերջո, ի՞նչ աշնանային թեժացումների մասին է խոսքը։ Եթե ինչ-որ բան էլ լինի (նկատի չունեմ՝ եթե որեւէ նռնակի խելքին փչի առանց կազմակերպչի՝ գմփալ), ապա շատ-շատ խորհրդարանը կցրվի եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն։ Բայց դա ի՞նչ է որ ամեն տեսակի թեժացումներ տեսած մեզպեսների համար։ Եթե սա պետք է լինի թեժացումը եւ ճուտը հենց սա է, որ պետք է հաշվենք, ուրեմն՝ անենք այդ բանը։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի կարծիքով, նման թեժացումը բոլորովին չի բացառվում։ Ընդհակառակը, կոմկուսը կողմ է այդպիսի թեժացման. «Չի բացառվում, որ պիտի թեժ աշուն լինի, որովհետեւ, գնալով, ողբերգական երեւույթները, համազգային դժբախտություն դարձած արտագաղթը զանգվածաբար շարունակվում է. բացի դրանից գումարվել է այս տարվա անսովոր երաշտը։ Գյուղական շրջաններում ահավոր վիճակ է, մարդիկ ձմեռվա հաց կուտակելուց զրկվել են։ Աշնանը սպասվում են բավականաչափ սուր, թեժ իրադարձություններ։ Դա թելադրված է օրավուր վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններով»։ Իսկ այս խորհրդարանը «գոյատեւելու իրավունք չունի»։ Եվ ըստ ընկեր Դարբինյանի՝ գոյատեւելու իրավունք չունի մի պատճառով՝ քանի որ էլցանցերը վաճառում է, հեռախոսը վաճառում է, ուրիշ բաներ վաճառում է։ Մ. Ե.