Արմեն Խաչատրյանի այն ինքնասփոփանքի առնչությամբ, թե իրեն երբեք չեն քննադատել խելքի, քաղաքականության մեջ կողմնորոշվելու, աշխատանքները կազմակերպել չկարողանալու կամ էլ տքնաջանության պակասի համար, «Առավոտ» զանգահարած մի ընթերցող ասաց. «Ուղղակի բոլորը մտածում են, թե այդ ամենն ինքն էլ գիտի»։ Մեկ այլ ընթերցող իր վարկածն առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի նկուղում պայթյունի վերաբերյալ. «Զակատ է պայթել. երեւի մի թթված լեչո»։
ՎԱՐՉԱՊԵՏ ԼԻՆԵԼԸ «ՍԵՄՈՒՇԿԱ ՉՐԹԵԼՈՒ ՊԵՍ» ԲԱՆ Է
Ըստ «Առավոտին» մոտ կանգնած աղբյուրի՝ դաշնակցականները սաստիկ զարմացած են դուրս եկել օրերս կայացած ՀՀ վարչապետ-ՀՅԴ գործիչներ հանդիպումից։ Բանն այն է, որ նրանք վարչապետի սեղանին տեսել են… դդումի չրթած կորիզների կեղեւների մի մեծ կույտ։ Հետաքրքիր կլինի, որ կառավարության նիստերի ընթացքում էլ նախարարները՝ վարչապետի անմիջական մասնակցությամբ, արեւածաղիկի սերմ չրթեին։
Կարդացեք նաև
ԹՌԱՎ…
Շաբաթ օրը իր հինգհոգանոց ընտանիքով Հունաստանի ճամփան բռնեց կառավարության ամենագանգրահեր նախարարը՝ Էդվարդ Մադաթյանը։ Հավաստի լուրերի համաձայն՝ նա վերջին րոպեին է որոշել որպես հանգստի վայր ընտրել Հունաստանը, եւ ինքնաթիռում տեղ չի եղել։ Սակայն հանուն նախարարի հանգստի, գտնվել է հինգ «թափուր» տեղ եւ պրն Մադաթյանը՝ ծանր ինտելեկտուալ եւ ազգանվեր աշխատանքից հոգնած՝ թռել է։